Բռնության ենթարկված 5 կնոջ պատմություն

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Իրավունք, Շաբաթվա լուր | | March 12, 2013 16:16

«Պատճառն այն չարաբաստիկ օրն էր»

«Քույրս ինձ ոչինչ չէր պատմում, բայց ես զգում էի, որ նրա հետ ինչ որ բան է կատարվում: Անընդհատ իրեն վատ էր զգում, միշտ գունատ էր, ամեն ինչի հանդեպ անտարբեր: Մի անգամ թոքաբորբով հիվանդացավ: Երբ անհանգստացած հարցրեցի, թե որտեղ է մրսել, նրա փոխարեն տղան պատասխանեց. «Պապան գիշերը մամային դուրս էր գցել, ջղայնացել էր, որ ճաշը ժամանակին չէր սարքել»:

Ամբողջ գիշեր քույրս մնացել էր սառը նկուղում: Դրանից հետո իմացանք, թե ինչքան է տառապել և ոչինչ չի ասել, ինքնասիրությունը թույլ չի տարել: Հիմա նա չկա: Մահացավ մեկ տարի առաջ: Թոքի վրա ուռուցք ուներ:

Ես անընդհատ մտածում եմ, որ պատճառն այն չարաբաստիկ օրն էր: Փեսայիս տեսնել չեմ ուզում: Ինձ տանջում է այն միտքը, որ նա էր քրոջս մահվան պատճառը:

Հիմա երեխաները սովորում են, նրանց հայրը չի ամուսնացել: Հաճախ է զղջում իր արարքների համար և հիշելիս արտասվում է: Երևի խիղճն է տանջում, անգամ հավատքի է եկել, սակայն քրոջս հետ վերադարձնել չենք կարող…»:

 

«Ապրում ենք մի հարկի տակ, բայց օտարների պես»

 Արդեն 45 տարեկան եմ, երկու տղա եմ մեծացրել, բայց այդպես էլ չհասկացա, թե ինչ բան է ամուսնական երջանկությունը: Հենց առաջին օրերից ամուսինս հարբում էր, առանց օղու կյանք չուներ: Տղաներս ինձ մեղադրում են, որ ժամանակին չեմ բաժանվել, որ այդ դեպքում իրենց կյանքն էլ ուրիշ կերպ կդասավորվեր: Բայց ամենաահավորն այն դեպքն էր, որը ճակատագրական եղավ ինձ համար:

Մարտի 8-ի կապակցությամբ մեր կոլեկտիվը երեկո էր կազմակերպել: Տղաներս ստիպեցին, որ ես էլ գնամ: «Մամ, գոնե մի անգամ քեզ լավ զգա, լավ քեֆ կանես»,-ասաց փոքր տղաս: Նույնիսկ վարսահարդարի մոտ գնացի, գեղեցիկ հագնվեցի, տեսքս փոխվեց:

Շատերը եկել էին ամուսիններով: Ասացի, որ ամուսինս այստեղ չէ: Աշխատավայրում երբեք չեմ խոսել նրա մասին: Իսկապես ինձ այդ երեկո հանգիստ էի զգում: Ինձ հաճելի էր, որ արժանանում էի ուշադրության, ինձ շատ վաղուց կին չէի զգացել:

Հանկարծ դրսում ինչ-որ իրարանցում սկսվեց. Լսեցի ամուսնուս հայհոյանքը, բղավում էր, թե դուրս կանչեք, կսպանեմ, կմորթեմ: Հետո հարբած ներս ընկավ, ինձ էր փնտրում: Բոլորը զարմացած իրար էին նայում, բայց ոչ ոք ոչինչ չասաց: Հետևի դռնից մի կերպ դուրս թռա՝ չիմանալով, թե ուր եմ գնում:

Մի քանի ժամ թափառեցի, չգիտեի՝ ինչ անել: Ամբողջ կոլեկտիվի առջև խայտառակ էի եղել: Ի՞նչ երեսով պիտի աշխատեի այնտեղ: Երբ տուն վերադարձա, արդեն քնած էր: Պարզվեց՝ հարևանն էր հանդիպել և հարցրել, թե քեֆն ինչպես անցավ: Նա էլ արդեն մինչ այդ խմածին մի քանի բաժակ էլ ավելացրել ու եկել էր պարզելու, թե քանի գլխանի եմ, որ առանց իրեն տեղ եմ գնացել:

Հաջորդ օրը, երբ աշխատանքի գնացի, ոչ ոք այդ մասին ոչինչ չխոսեց, կարծես ոչինչ էլ չէր պատահել: Բայց ես ամբողջ կյանքում չեմ կարող մոռանալ այդ վիրավորանքը: Այդ օրվանից հետը չեմ խոսում, բայց բաժանվել չեմ կարող, քանի որ գնալու տեղ չունի: Ապրում ենք մի հարկի տակ, բայց օտարների պես»:

 

«Ամեն գիշեր բռնի կերպով տիրացել է ինձ»

«Ամուսնացել եմ ծնողներիս դրդմամբ, ամուսնուս չեմ սիրել: Ամուսինս աղանդավոր է, և 12 տարիների ընթացքում միշտ զբաղված է եղել իր ժողովներով, իր գրքերով, անտեսել ինձ ու երեխաներիս:

Համարյա ամեն գիշեր բռնի կերպով տիրացել է ինձ: Եթե կանացի ամսական ցավերի ժամանակ հրաժարվում էի նրա հետ հարաբերություններ ունենալուց, ասում էր. «Դու դիտմամբ ես կազմակրպել»: Դա առիթ էր դառնում, որպեսզի ինձ ուժասպառ անելու չափ ծեծեր, ապա տիրանում էր ինձ»:

 

Անծանոթ քաղաքում, կիսանկուղային, կիսամութ սենյակում փակված,

«Ես ականատես չեմ եղել այն դեպքին, որի մասին կպատմեմ: Պարզապես իմ ձեռքն է ընկել մի նամակ, որը գրված է խոշտանգումների ու սովի մատնված երիտասարդ կնոջ ձեռքով:

Բարձրագույն կրթություն ստացած այդ աղջիկը ծնողների պահանջով ամուսնացել է իրեն անծանոթ մի տղամարդու հետ, որն ապրում էր հեռավոր մի քաղաքում: Շուտով այդ ամուսին կոչվածը նրան իր երկու երեխաների հետ թողնում է բախտի քմահաճույքին՝ անծանոթ քաղաքում, կիսանկուղային, կիսամութ սենյակում փակված, որի բանալին կա՛մ ամուսնու, կա՛մ տեգոր մոտ էր լինում:

Շաբաթվա մեջ մեկ-երկու անգամ նրանցից մեկն այցելում էր, ուտելու այնքան բան բերում, որ սովից չմեռնեն: Եվ եթե դժբախտ կինն ինչ որ պահանջ էր ներկայացնում, երեքն էլ ձեռք էին բարձրացնում:

Նամակը հասցեագրված էր իմ քրոջը, որովհետև նա չէր ցանկանում իր ծնողներին տխրեցնել: Նամակում գրված էր, որ խնդրելու է որևէ մեկին նամակը պատուհանից վերցնել և փոստարկղ գցել: Երևի այդպես էլ նամակը տեղ էր հասել»:

«Նա փշրեց իմ ընտանիքը, իմ երեխաների անդորրը»

 «15 տարի է՝ ամուսնացած եմ: Սկզբում կարծես ամեն ինչ լավ էր, սակայն հետզհետե իմ կյանքը վերածվեց դժոխքի: Նա սկսեց հաճախակի խմել: Սկզբում միայն ինձ վրա էր ձեռք բարձրացնում, հիմա արդեն ծեծում է նաև երեխաներին: Ոչ ոք նրան չի կարող երևէ բան հասկացնել, որովհետև հաջորդ օրն արդեն ոչինչ չի հիշում:

Մի քանի անգամ փորձել եմ հեռանալ, եկել է, խնդրել, իսկ վերջին անգամ սպառնաց, որ ծնողներիս կվնասի: Վախենում եմ նաև նրանց համար:

Երեխաներս ամեն շշուկից վեր են թռչում: Հորը տեսնել չեն ուզում: Աղջիկս մի անգամ ասաց. «Մամ, ինչ լավ կլինի, որ պապան չլինի, մենք այնքան լավ կապրենք»:

Նա փշրեց իմ ընտանիքը, իմ երեխաների անդորրը: Մի՞թե ես եմ մեղավոր: Եվ եթե նույնիսկ ես եմ մեղավոր, ինչո՞ւ պիտի իմ սխալի պատճառով տուժեն երեխաները…»:

 

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

 

Դիտվել է 4069 անգամ:
Print Friendly

Leave a Reply