ԱՆ. Արձանագրվել է գրիպի և սուր շնչառական վարակների աճ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 12, 2013 12:07

Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ` գրեթե 2,5 անգամ (փետրվարի 18-24-ը` 5033, փետրվարի 25-ից մարտի 3-ը` 10688): Այն պայմանավորված է ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ, այնպես էլ հիվանդանոցներ բնակչության ակտիվ դիմելիությամբ և գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնայնության այժմյան օրինաչափությամբ:  Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Չնայած բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններ բարձր դիմելիությանը, նշված հիվանդություններով նվազում են շտապօգնության կանչերը` ինչպես սուր շնչառական վարակների, այնպես էլ թոքաբորբերի դեպքերում:

Իրականացվող մշտադիտարկման և համաճարակաբանական վերլուծության արդյունքներով` ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունուններում բուժում են ստանում.

                Մարզերում` 

սուր շնչառական վարակներով 214 հիվանդ,

թոքաբորբերի թեթև ձևերով 98 հիվանդ,

Երևանում`

սուր շնչառական վարակներով 353 հիվանդ,

թոքաբորբի թեթև ձևերով 106 հիվանդ:

Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, որոնց վիճակը հիմնականում գնահատվում է միջին ծանրության։ Միայն մեկ հիվանդի վիճակն է գնահատվում ծանր` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով  և ուշ դիմելիությամբ:

Կազմակերպված և իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում արձանագրված դեպքերի գրեթե 70%-ը պայմանավորված է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակով, 20%-ը` գրիպի Բ տեսակով: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ:

Համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են այն մասին, որ հիվանդացության աճը պայմանավորված է բնակչության կողմից գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների ոչ հետևողական իրականացմամբ (հիվանդների աշխատանքի, ուսումնական հաստատություններ հաճախումը, միջոցառումներին մասնակցությունը և այլն)` չնայած ՀՀ առողջապահության նախարարության բազմաթիվ հորդորներին:

Կարևորելով վերը նշվածը և հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, ինչպես նաև ներկայումս սուր շնչառական վարակներով հիվանդացության աճը` ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում և հիշեցնում է.

•             գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, բարձրագույն ուսումնական հաստատություններ

•             չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման և նոր դեպքերի առաջացման ու տարածման

•             չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ

•             եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ` պահպանել 2մ հեռավորություն

•             չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, կազմակերպել բժշկի այցը տուն

•             պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը

•             խստորեն հետևել անձնական հիգիենային

•             հագնվել եղանակին համահունչ

•             հաճախակի օդափոխել փակ տարածքները:

Դիտվել է 632 անգամ:
Print Friendly

Leave a Reply