Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Միացյալ Թագավորության փոխարտգործնախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 11, 2013 16:42

Մարտի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերին:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ առավել քան քսանամյա դիվանագիտական հարաբերությունների պատմության արդյունքում կողմերի միջև համագործակցությունը կայուն հիմքերի վրա է դրվել և կա երկկողմանի շահագրգռվածություն այն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխնախարար Ֆրեյզերը նշեց, որ գնալով աճում է Միացյալ Թագավորության հետաքրքրվածությունը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում փոխգործակցության սերտացմամբ և իր այցը ևս մեկ քայլ է այդ ուղղությամբ:
Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Միացյալ Թագավորության կողմից տարիների ընթացքում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերած աջակցությունը: Նախարարը նաև հավելեց, որ վերջին շրջանում հատկապես բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտներում ակտիվություն է նկատվում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները:
Անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք կարևոր խնդիրների: Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, իսկ փոխնախարար Ֆրեյզերը իր հերթին նշեց, որ Միացյալ Թագավորությունը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին:

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply