Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի գլխավորած պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | March 9, 2013 19:40

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին, վարչության անդամ Վազգեն Կալթակճյանին և ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Գևորգ Պերկուպերկյանին:

Հանդիպման սկզբում ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետն իր և կուսակցության ղեկավար մարմնի անունից շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածում: Սեդրակ Աճեմյանը բարձր է գնահատել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ կառավարության գործունեությունը, ընդգծելով, որ չնայած դեռևս առկա բազմաթիվ խնդիրներին, որոնց Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է իր նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում, Հայաստանը հաջողությամբ ընթանում է բարեփոխումների ուղիով, և անցած ժամանակահատվածում զգալի աշխատանք է արձանագրվել: ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետը ս.թ. փետրվարի 18-ի ընտրությունները նախորդների համեմատությամբ, մի քանի քայլով առաջընթաց է գնահատել, որը դրական արձագանք է գտել նաև միջազգային ասպարեզում:

Սեդրակ Աճեմյանը դրվատանքով է խոսել Հայաստանում սիրիահայերի նկատմամբ ՀՀ նախագահի գլխավորությամբ իրականացվող քաղաքականության, մեր հայրենակիցներին ցուցաբերվող մեծ ուշադրության, աջակցության և հոգատար վերաբերմունքի մասին:

Նշելով, որ հայ ժողովուրդը դեռևս դժվարին մարտահրավերներ ունի հաղթահարելու, ՍԴՀԿ ներկայացուցիչները կարևորել են համազգային խնդիրների լուծման գործում միասնականությունը և վերահաստատել կուսակցության պատրաստակամությունը՝ շարունակելու ի նպաստ մեր ժողովրդի և պետության աջակցել իշխանություններին՝ այդ խնդիրների լուծման գործում:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և հնչած գնահատականների համար՝ ընդգծելով, որ բարձր է գնահատում ավանդական կուսակցությունների, այդ թվում՝ ՍԴՀԿ պատմական դերակատարությունը համազգային խնդիրների լուծման գործում և կարևորում է կուսակցության համագործակցության պատրաստակամությունը:

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply