Բիֆստրոգանով

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | March 7, 2013 10:49

Բիֆստրոգանովը (մյուս անվանումներն են` Բիֆ ա լյա Ստրոգանով, միսը ստրոգանովյան ձևով) մանր կտրատած, տապակած ու թանձրահյութով միս է: Այն հայտնի է XIX դարից և կոչվել է կոմս Ալեքսանդր Գրիգորևիչ Ստրոգանովի` Օդեսայում բնակվող գեներալ նահանգապետի պատվին:

Նա շատ հարուստ էր, անզավակ ու  մեծատոհմիկների սովորության համաձայն` «բաց սեղան»  էր պահում  Օդեսայում: Դա նշանակում էր, որ ցանկացած կիրթ և կոկիկ հագուկապով մարդ կարող էր մտնել նրա մոտ ճաշի: Հենց այդ բաց սեղանների համար էլ  հորինվել էր այդ ճաշատեսակը (հեղինակները Ստրոգանովի խոհարարներն էին). մանր կտրատած ու տապակած միս` թանձրահյութով:  Այն գնահատվեց օդեսացիների կողմից ու լայն տարածում գտավ: Նրանք էլ ճաշատեսակը կնքեցին  Բիֆստրոգանով անունով:

Բաղադրությունը

Տավարի փափկամիս, որը պետք է թեթևակի ծեծել, ապա 5-6 սմ երկարությամբ  և 1 սմ հաստությամբ կտորների բաժանել (մի նրբություն պետք է հաշվի առնել, որ միսը հարկավոր է կտրել լայնակի, որ հեշտությամբ ծամվի):

Այս ճաշատեսակը պատրաստելու վրա մեկ ժամ է ծախսվում: Այն մատուցում են կարտոֆիլի խյուսի հետ կամ  խաշած բրնձի, կարևորը` այն պետք է  տաք լինի:

500 գ տավարի միս

2 միջին գլուխ սոխ

10-12 շամպինյոն

200 գ միջին յուղայնության թթվասեր

1 ճ/գդալ ալյուր

50 գ կարագ

աղ, թարմ աղացած պղպեղ (ցանկալի է սպիտակ):

Պատրաստման եղանակը

Միսը լվանալ, չորացնել, 2 կողմից ծեծել, ապա կտրատել 1 սմ  երկարության 5 մմ հաստության կտորներ:

Սոխը կտրատել բարակ օղակներով: Սունկը կտրել բարակ շերտերով:

Խորը տապակի մեջ սոխն ու միսը տապակել ուժեղ կրակի վրա` անընդհատ խառնելով` 3-4 րոպե, ավելացնել ալյուրը, խառնել 1 րոպե, ապա միսը տեղափոխել շոգեխաշման համար հարմար կաթսայի մեջ, ավելացնել սունկն ու թթվասերը: Համեմել աղով ու պղպեղով, եփել 25 րոպե:

Մատուցել համապատասխանաբար կարտոֆիլի խյուսի կամ խաշած բրնձի հետ:

 

Դիտվել է 2837 անգամ:
Print Friendly

Leave a Reply