ՎԱՍԱԿ ՍՅՈՒՆԻ. քաջ, խոհեմ ու հմուտ դիվանագետը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 13, 2013 7:39

Ինչպես ժամանակին արդարացիորեն նշել է Նիկողայոս Ադոնցը, հավանաբար Եղիշեն միտումնավոր է Վասակին վերագրել նրա փեսայի` Վարազվաղան Սյունու արարքները:

Սյունաց նախարարական տոհմը ամենանշանավորներից է հայոց պատմության մեջ: Սյունիքը, գտնվելով հայոց սահմանագլխին, միշտ էլ անմատչելի ամրոցի դեր է կատարել հայոց միջնաշխարհի համար:

Վասակ Սյունին ծնվել է հայոց համար ողբերգական 387 թ.: Նա Անդովկ Սյունու թոռն էր` Արշակ Բ արքայի աներոջ, որ անձնական վիրավորանքի համար ավերեց Տիզբոնն ու հերոսաբար դիմադրեց պարսից Շապուհ արքայի ոտնձգություններին հայոց դեմ:

Վասակի հայր Բակուրը ստիպված էր Վասակին պատանդ թողնել Տիզբոնի արքունիքում: Պարսից թագավորները հայ անվանի իշխաններին հնազանդ պահելու համար նրանց պայազատներին պատանդ էին տանում պարսից մայրաքաղաք:

Շուտով Բաղաբերդում դավադրության զոհ է դառնում Վասակի հայրը, և նա 410 թ.  վերադառնալով գերությունից` տապալում է հորեղբորը` Վաղինակ Սյունուն, իշխանազրկում նրան և տեր կանգնում հայրական կալվածքներին: Երբ մահանում է Սյունյաց իշխան Բակուրը, նրա սենեկապետը,  գալով Տիզբոն, այդ մասին տեղեկացնում է պարսից արքային: Վերջինս որոշում է Սյունիքի իշխան նշանակել Վասակին: Իրեն շնորհավորելու եկած սենեկապետին հպարտ սյունեցին պատասխանում է, որ ինքն է ժառանգական կարգով Սյունիքի օրինական տերը,  և արքան չէ, որ իրեն պետք է իր երկրի տերը կարգի:

Վասակը ժամանակի ուսյալ այրերից էր և որպես իր հայրենիքի, ազգի նվիրյալ, Մաշտոցի աշակերտ Կորյունի մեջբերմամբ, առաջիններից էր, որ աջակցեց Մեսրոպ Մաշտոցին Հայաստանում գրագիտություն տարածելու գործում: Նա իր իշխանությունը հրավիրեց Մաշտոցին, ամեն պայման ստեղծեց նրա անարգել գործունեության համար: Ինչպես ժամանակակից պատմիչն է նշում. «Աստված տվեց, որ Սյունիքի իշխանության գլուխն անցավ քաջ սիսական Վասակը՝ խելացի ու հանճարեղ և կանխագետ, աստվածային իմաստության շնորհքով օժտված մի մարդ…»:

Ամեն դեպքում, հաշվի առնելով Վասակ Սյունու պատանդ ժամանակաշրջանը, պարսից արքունիքը նրան յուրային էր համարում և հաշվի առնելով նրա զբաղեցրած բարձր դիրքը Հայաստանում` 440 թ. նրան նշանակեց նախ Վրաստանի, ապա նաև Հայաստանի մարզպան:

Վասակ Սյունու կյանքի վերջին շրջանի մասին հիմնական աղբյուրը Եղիշեի «Վարդանի և հայոց պատերազմի մասին» մատյանն է: Ցավոք, բացի Եղիշեից, Սյունաց իշխանի մասին արժանահավատ այլ աղբյուր գրեթե չկա: Իսկ Եղիշեն իր մատյանում, հասկանալի պատճառներով, Վասակի կերպարին անդրադարձել է միակողմանի, կանխակալ կարծիքով. Վասակը ներկայացված է որպես դավաճան: Սակայն անգամ Եղիշեի վերլուծությամբ վեր է հառնում Վասակ Սյունեցու բոլորովին այլ կերպար` հայրենասեր իշխան, քաջ մարտիկ, խոհեմ ու հմուտ դիվանագետ:

Վերլուծելով 450-451 թթ. իրադարձությունները` նախ պետք է նշել, որ դա զուտ կրոնական պատերազմ էր և համաժողովրդական ապստամբության կամ ազատագրական պայքարի հետ որևէ աղերս չուներ: Կարդալով Եղիշեի մատյանը` հանդիպում ենք երկու մասի պառակտված հայ նախարարների բանակին: Նրանցից առաջինը` Վարդանանք, մտորում էին միայն Հայաստանում քրիստոնեությունը պաշտպանելու և հանուն նրա նահատակվելու մասին: Երկրորդ խումբը` Վասականք, որոնց պատմությունն անարդարացիորեն որպես դավաճան է պիտակել, մտորում էին ազգի և պետության շահերի մասին, Հայաստանում անկախ պետականությունը վերականգնելու դիրքերից:

Դա պարզ երևում է հենց հայ նախարարների ու հոգևորականների գրած նամակից առ Հազկերտ արքան. «…Մեր ամբողջ գույքն ու ստացվածքը քո ձեռքում են, և մեր մարմինները քո առաջն են. քո կամքի համաձայն արա, ինչ ուզում ես: Եթե այս հավատքի մեջ թողնես, ո՜չ երկրի վրա ուրիշ տեր կընդունենք քո փոխարեն, ո՜չ էլ երկնքում ուրիշ աստված կընդունենք Հիսուս Քրիստոսի փոխարեն»:

Պետք է նկատել, որ պարսից արքունիքը, հավատուրացության հրովարտակը Հայաստան ուղարկելով, կանխատեսում էր հայերի ապստամբությունը: Բնականաբար, նա հայ նախարարներին զուսպ պահելու համար պատանդներ պիտի վերցներ: Եվ պատանդ առավ հենց Վասակ Սյունու զավակներին: Նշանակում է` պարսից արքունիքը վախենում էր հենց Վասակից, ոչ թե Վարդանից:

Հատկանշական է, որ Վարդան Մամիկոնյանը, լինելով Մամիկոնյանների տանուտեր և հայոց սպարապետ, մինչ շարժումը ոչ մի էական ճակատամարտում աչքի չէր ընկել և առհասարակ իր դիրքին հասել էր պապի` հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի շնորհիվ: Նա ավելի շատ կրոնավորի կերպար ուներ, քան զորականի:

Իսկ շարժումը սկսվեց հենց Վասակի նախաձեռնությամբ: Տիզբոնից վերադառնալով` հայ նախարարները տարակուսանքի մեջ էին և չգիտեին իրենց անելիքը: Ոմանք ուղղակի փախան Բյուզանդիա: Նրանց թվում էր նաև սպարապետը, որ ի պաշտոնե ամենից շատ պիտի ընդդիմանար և մտածեր ժողովրդի մասին, բայց ընտանիքի հետ փախուստի դիմեց:

Միայն Վասակ Սյունին էր, որ գիտեր իր անելիքը. համընդհանուր ոգևորության հիման վրա ապստամբել, վտարել պարսիկներին Հայաստանից և անկախ թագավորություն հիմնել: Նա վաղուց էր նախապատրաստվել ապստամբությանը: Ինչպես Փարպեցին է նշում, Վասակը փախուստի մեջ գտնվող Վարդանին ուղղված  իր նամակում նշում է, որ ինքը վաղուց երդումներով կապել է շատ հոների, որոնք իր կանչին են սպասում` ասպատակելու Պարսկաստանը: Վասակն այդ արել էր դեռևս վրաց մարզպան եղած ժամանակ: Այդպես կարող էր վարվել միայն հեռատես գործիչը:

Սակայն նրա ծրագրերին ամենից շատ ընդդիմանում էր հենց սպարապետը, որ  վերադառնալով սկսեց իր ծրագրով առաջ շարժվել, ինչը պառակտեց հայոց աշխարհը:

Անգամ այդ փաստը չի կարողացել թաքցնել Փավստոսը. «…Սյունաց Վասակ իշխանը հայոց երանելի սպարապետ ու Մամիկոնեից տեր Վարդանին ստիպում էր գնալ զորքով և դիմակայել նրանց»: Մամիկոնյան իշխանը համաձայնում է միանալ ապստամբներին միայն այն պայմանով, որ Վասակն ապստամբության համար օգնության կոչով կդիմի Բյուզանդիային և հոներին: Իսկ Վասակը, Վարդանին հորդորելով, գուցե նաև ստիպելով, հետ կանչեց, որպեսզի չպառակտվի հայոց միաբանությունը:

Վասակը կատարում է պայմանը, բայց Վարդանը հետ է կանգնում պայմանից: Նա կազմակերպված ապստամբության փոխարեն Հայաստանում անկազմակերպ, տարերային շարժում է սկսում, որի նպատակը և վերջն անիմաստ նահատակությունն էր:

Մենք տեսնում ենք, որ Վարդանի և Վասակի նպատակներն ու գործելաոճը շատ տարբեր էին: Վարդանանք չունեին հեռուն գնացող նպատակներ, ծրագրեր. նրանց նպատակը ոչ թե ապստամբության հաղթանակն էր և երկրի անկախության վերականգնումը, այլ հապշտապ նահատակությունն ու մարտիրոսացումը, որով պետք էր ամրապնդել եկեղեցու դիրքերը Հայաստանում: Ասել է թե` Վարդանանք սոսկ մասնակի շահեր էին հետապնդում: Այս իմաստով Վարդանին ձեռնտու էր տարերային, անկազմակերպ շարժումը, քաոսի մեջից նա վեր կհառներ իր հերոսական մարտիրոսությամբ:

Այլ էր Վասակի պարագան: Նա ամենից մոտ էր կանգնած պարսից արքունիքին և լավ էր հասկանում, որ  Վարդանի ուղին կործանարար է: Նա հեռուն գնացող նպատակներ ուներ, այն է` երկրի անկախացում և իր թագավորության հռչակում: Սրան հասնելու համար միայն ռազմական հաղթանակը քիչ էր, ավելի շատ ճկունություն ու դիվանագիտական հմտություն էր անհրաժեշտ: Վասակը հմուտ դիվանագետ էր և լավ վարչարար: Եվ քանի որ պարսից արքան հետ էր կանգնել իր ուրացման ծրագրից, ներում էր շնորհել հայերին ապստամբության համար, Վասակը պահը հարմար գտավ կործանարար շարժումը սառեցնելու համար և Վարդանանց ու հայ հոգևորականների կողմից արժանացավ դավաճանի «լուսապսակի»:

Իսկ Վարդանը մինչև վերջ տարավ իր գործը` նահատակությունը: Նրա գործողություններում բացակայում էր մարտավարությունը: Համաձայն դեպքերին մասնակից և ականատես պատմիչի` նա Ավարայրում փոխանակ ջարդեր մարտին անպատրաստ պարսկական զորքը, հապաղում է և թույլ տալիս թշնամուն, որ ուշքի գա: Բացի այդ, փոխանակ պատվար ծառայեցներ Տղմուտ գետը, նախահարձակ է լինում և իր վատ զինված, հիմնականում գյուղացիներով համալրված զորքը տանում պարսից դեմ կործանման: Վարդանի նպատակը հաղթանակը չէր, այլ նահատակությունը: Մեջբերենք Փավստոսին. «Եվ հայոց երանելի սպարապետ Վարդանը, իր հետ եղած ավագների միաբանությամբ, Ամատունյաց տոհմից մի սեպուհի, որի անունն էր Առանձար, երեք հարյուրի չափ հեծյալներով ուղարկեց հետախուզելու պարսից զորքերի բազմությունը, և եթե հնար լիներ, գրգռելու, որ շուտ գան և մեզ բերեն արքայության պսակներ»:

Այն, որ Վարդանանք անկախության և ազգային զարթոնքի խնդիր չէին դրել, երևում է նաև մարտից առաջ նրա և իր զինակիցների կոչերից ու ելույթներից: Իր խոսքում Վարդանը որևէ մեջբերում չի անում հայոց պատմությունից ու հայ հերոսներից: Նրա խոսքը համեմված էր Հին Կտակարանի, այսինքն` հրեական հերոսների խոսքով: Բնականաբար, եթե Վարդանի բանակում գերիշխեր հայ ժողովրդի, հասարակ շինականների բազմությունը, նրանց համար դա անհասկանալի կլիներ: Վարդանը միամիտ չէր, նա նման ճառ չէր կարդա: Մնում է ենթադրել, որ Վարդանի բանակը բաղկացած էր միայն այն ազնվականների զորագնդերից, որոնք անմիջականորեն եկեղեցու ազդեցության տակ էին և հռոմեամետ կողմնորոշում ունեին:

Փաստորեն, Վարդան Մամիկոնյանը մի  անելանելի դրության առաջ էր կանգնած: Եթե Հայաստանում հաղթեր ապստամբությունը` Վասակ Սյունու գլխավորությամբ, Հայաստանում Մամիկոնյանների տոհմը հետին պլան կմղվեր, քրիստոնեությունը կանհետանար երկրից: Եթե հաղթեին պարսիկները, դարձյալ Մամիկոնյանների բյուզանդամետ տոհմը հետին պլան կմղվեր, քրիստոնեությունը արմատախիլ կլիներ: Հետևաբար միակ ելքը դրությունից, որ երկրում և՛ քրիստոնեությունը չզիջեր դիրքերը, և՛ Մամիկոնյան տոհմը չկորցներ ազդեցությունն ու հեղինակությունը, պատերազմին կրոնական երանգ տալն ու նահատակվելն էր հանուն քրիստոնեության:

Փաստորեն, Հայաստանում սկսվել էր քաղաքացիական պատերազմ: Եվ առանձնակի դաժանությամբ աչքի էին ընկնում Վարդանանք:

Եղիշեն անթաքույց հրճվանքով է պատմում, ասես խոսքը հայերի տառապանքի մասին չէ. «Գարունը գալուն պես Վարդանը գունդ-գունդ զորք էր ուղարկում Սյունյաց երկիր, առնում ու ավերում էր շատ գավառներ. և այնպես նեղը լծեց Վասակին և նրա հետ եղած ամբողջ զորքին, որ սովի վտանգից անխտիր սատկած էշերի և ձիերի միս էին ուտում: Եվ շատ հարվածներ էր հասցնում ուրացյալին, այնպես, որ սուրբ եպիսկոպոսների ժողովն ու քահանայության ամբողջ ուխտը դառն արտասուք էին թափում չարաչար տանջվածների վրա, որովհետև բոբիկ ոտքով էին քշում տղամարդկանց ու փափկասուն կանանց և շատ տղաների քարերին խփելով` սպանեցին-գցեցին ճանապարհների վրա»:

Եղիշեի ու Փարպեցու հաղորդած տեղեկությունները վկայում են, որ Վարդանի ապստամբությանը կողմնակից չի եղել հայ նախարարական տների գերակշիռ մեծամասնությունը: Նրանք բռնել են Վասակի կողմը: Մասնավորապես, Արտաշատի ժողովին մասնակցած նախարարական 18 տներից 10-ն անցան Վասակի կողմը: Այսինքն` երկրի ազատանու մեծագույն մասը Վասակի կողմնակիցներն էին, սակայն Վարդանը, պատանդներ բռնելով, նենգադավում էր հայոց իշխաններին և ստիպում, որ նրանք իրենց գնդերով միանան իրեն:

Այս դեպքերը  թելադրում են ենթադրել, որ Ավարայրի դաշտում ամենևին էլ բախում չի եղել հայոց և պարսից բանակների միջև: Բախումը եղել է Վասակի և Վարդանի զորաբանակների միջև, ուղղակի պարսից պետությունը երկրում օրինական կարգը վերահաստատելու համար օգնական զորաջոկատով և փղերով օգնել է Վասակին:

Այս տեսակետի օգտին  է խոսում փաստը, որ թե՛ պարսկական, թե՛ բյուզանդական մատենագրության մեջ այս պատերազմի մասին ակնարկ անգամ չկա: Այդ մասին գրում է նաև Եղիշեն` նշելով, որ ուրացողների կողմից այն օրը ընկավ երեք հազար հինգ հարյուր քառասունչորս մարդ: Բնականաբար, ուրացողներ բառը չէր կարող պարսիկներին վերաբերել:

Ինչևէ, որպես հեռատես գործիչ, Վասակ Սյունին ամեն ինչ արեց եղբայրասպան պատերազմը կանխելու համար: Բայց նրա ջանքերն ապարդյուն անցան:

Վասակին այնուամենայնիվ հաջողվում է Վարդանի բանակից մի ստվար հատվածի հետ պահել կործանումից. ճակատամարտի հենց սկզբից բանակի մի մասն ուղղակի փախուստի է դիմում մարտադաշտից:

Ճակատամարտից հետո Վասակն ամեն ինչ անում է, որ երկրում խաղաղություն տիրի: Եղիշեն գրում է, որ նա հորդորում է ամրոցներում թաքնվածներին անձնատուր լինել և հնազանդվել կարգին: Սակայն Վարդանանք չեն ենթարկվում, և Վասակը ստիպված բռնության է դիմում` իր երկրում կարգ ու կանոն հաստատելու համար:

Չնայած պարտությանը` Վասակի թշնամիները քնած չէին: Նրանք բողոքեցին պարսից արքունիք` ապստամբության ողջ մեղքը գցելով Վասակի վրա: Պարսից արքունիքը, բնականաբար, երկիրը խաղաղեցնելուց հետո պետք է ազատվեր Վասակ Սյունուց: Նախ նա, ըստ էության, ապստամբական շարժման սկզբնավորողն էր և ցանկանում էր երկիրը անկախացնել: Բացի այդ, Վասակին հեռացնելով ասպարեզից, Հազկերտը կսիրաշահեր ոչ միայն հայ կղերականությանը, այլև, որ պակաս կարևոր չէր, Բյուզանդիային:

Տիզբոնի ճանապարհին Վասակը հոգում է գերյալ հոգևորականների և նախարարների կարիքները և զրույցի ժամանակ ասում, որ եզակի հնարավորություն է բացվել երկրի անկախությունը վերականգնելու համար: Ավաղ, դա չէր մտնում հայ եկեղեցու ծրագրերի մեջ, և ինչպես Փարպեցին է նշում, Ղևոնդ երեցը Վասակի այդ նկրտումներին պատասխանում է. «Դևը… քեզ մտածել է տալիս, թե այժմ Հայոց աշխարհի թագավորությամբ արյաց արքունիքը կարող է անել քո վաստակների արժանի հատուցումը: Նրանք փոխարենը քեզ ոչինչ չեն կարող տալ: Բայց, արդարև, թե որ դու կենդանի գլուխդ ուսերիդ վրա տանես Հայաստան, կնշանակի՝ Աստված ինձ հետ չի խոսել»: Սա ուղղակի վկայություն է այն մասին, որ հայ եկեղեցու հոգը չէր երկրի անկախության վերականգնումը:

Ամեն դեպքում, արքունիքում Վասակին դիմավորեցին շուքով և մեծարանքով, սակայն նրան վատաբանեցին հայ հոգևորականները: Նրանք իրենց բողոքում նշում են, ի թիվս այլ մեղքերի, որ Վասակը ձգտում էր թագավորական իշխանության, իմա` անկախության:

Արքան Վասակին զրկում է Սյունյաց տանուտիրությունից, նրա ողջ ունեցվածքը բռնագրավում: Վասակը բանտարկվում է Վրկանաց աշխարհում:

Տարաբախտ իշխանը մահացավ մոտ 455 թ., հայրենիքից հեռու, գերության մեջ:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 65540 անգամ:
Print Friendly

Leave a Reply