Արդար լահմաջո` ժողովրդին, անկեղծ սեր` հայրենիքին, փոխարենը…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 12, 2013 10:36

«Կայծ» լահմաջոյանոցն ընդամենը 10-15 օրական է: Սիրիահայ Գրիգոր Ճապաղճուրյանն առավոտ կանուխ որդու` Կայծակի հետ աշխատանքի է գնում, ուշ երեկոյան վերադառանում տուն: Հայր ու որդի աշխատում են օրնիբուն, առանց հանգստի: Գործը նոր է, պետք է ողջ ջանքերը ներդնեն,  մանավանդ որ տեղացի չեն և չեն տիրապետում տեղական բիզնեսի բոլոր նրբություններին:

«Հալեպում մեր խանութները գոցեցինք, ընդամենը մի քանի բան մեզ հետ բերեցինք և այս փոքր բիզնեսը դրեցինք,- պատմում է Գրիգոր Ճապաղճուրյանը,- անկեղծ ասած` հոս բիզնես դնելու որոշումը շատ դժվար կայացրինք. 6 ամիս է` պարապ նստած էինք, նոր միայն ռիսկի դիմեցինք, քանի որ ալ հնարավոր չէր նստիլ ու սպասիլ: Հիմա փորձին մեջ ենք, տեսնենք ինչ դուրս կգա»:

Պարոն Գրիգորն ու նրա որդին անձամբ են պատրաստում լահմաջոն ու մնացած լահմաջոյատիպ ուտեստները: Միայն մեկ հավելյալ աշխատող ունեն: Եթե բիզնեսը հաջողություն ունենա, անպայման կհաստատվեն Հայաստանում:

Լահմաջոյի գործը նրանց համար նոր չէ: Հալեպում շուրջ 17 տարի դրա մեջ են եղել: Վերջին մեկ տարում որդին` Կայծակը, առանձնացել ու իր սեփական լահմաջոյանոցն էր բացել:  Գործը շատ լավ էր, հաճախորդները և՛ արաբներն էին, և՛ հայերը: Ամենակարևորը` տարածքները սեփական էին, վարձակալության գումար չէին ծախսում:

Նրանց լահմաջոն տավարի մսից է պատրաստված, իսկ յուրահատուկ համն ապահովում են հատուկ լահմաջոյի համար նախատեսված համեմունքները, որոնք Սիրիայից են բերում: «Մնացածը մեր արհեստն է, պատրաստման ձևից է կախված»,- ասում է պարոն Գրիգորը` պահպանելով բաղադրատոմսի գաղտնիքները:

Իսկ ի՞նչ կարծիք ունի լահմաջոյի մասնագետը տեղի լահմաջոների մասին: «Փորձել եմ, չեմ կարող ասել, որ հոս վատ լահմաջո կպատրաստին: Աստված թող ամեն մարդու գործին հաջողություն տա: Հաճախորդն ինքը թող որոշի` որտեղից օգտվել»,- զուսպ  պատասխանում է նա:

Համենայն դեպս, իրենք աշխատում են «ժողովրդին լավ, համով, արդար ու մաքուր բան մը տալ»:

Ի դեպ, երբ լահմաջոյանոցում զրուցում էինք, բավականին շատ հաճախորդներ եկան` գրեթե բոլորը` սիրիահայեր: Շատերը պարոն Գրիգորին ճանաչում էին դեռ Հալեպից և մտնելով ներս` նախ շնորհավորում էին նոր գործը, ապա լահմաջո, արաբական հաց կամ այլ բան պատվիրում: «Տեղացի հաճախորդներն էլ են մեր լահմաջոն հավանում»,-ասում է պարոն Գրիգորը,- համտեսում են ու ասում` մենք չէիք գիտեր, որ լահմաջոն սա է, մեր կերածն ուրիշ բան է եղած»:

Հաճախորդների առումով խնդիր չունեն և համոզված են, որ նրանց թիվն օրեցօր կավելանա, սակայն անհանգստացնողն այլ բան է` հարկային բեռը, որը Սիրիայի հետ համեմատած` շատ ծանր է: Տարածքի վարձն էլ է բարձր: «Շուկան մի քանի ամիս ուսումնասիրել ենք, բայց պարզվեց` մեր ուսումնասիրությունները շատ մակերեսային էին: Երբ գործի մեջ կըլլաս, խորքը կթափանցես, նոր կտեսնես դժվարությունները: Հուսանք` ավելի մեծ դժվարությունների չենք հանդիպի»:

Ինչ վերաբերում է մարդկային հարաբերություններին, ապա Գրիգոր Ճապաղճուրյանն այդ հարցին մոտենում է այնպես, ինչպես գրեթե բոլոր սիրիահայերը. Հայաստանում թե՛ լավը կա, թե՛ վատը:

Որպես վատի օրինակ` բերում է տաքսու վարորդների անբարեխիղճ գները (որը, ի դեպ, գրեթե բոլոր սիրիահայերն են նշում). «Տաքսի կելնենք, ճամփան կհեռացնե, որպեսզի շատ փող առնե»,- ասում է մեր սիրիահայ զրուցակիցն ու հիշեցնում Հայաստանում տարածված առածը` «Գյուղ չկա, որ շուն չլինի»:

25-ամյա Կայծակը, որը նույնպես արհեստավարժ լահմաջո պատրաստող է, հիշում է Հալեպի իր նորաբաց լահմաջոյանոցը. «Գործս արդեն սկսել էր դասավորվել, երբ զենքերու խաղերը սկսան քաղաքին մեջ: Գործը վատացավ, սկսինք վնասով աշխատիլ. հոսանք չկար, ջուր չկար, աս չկար, ան չկար…»:

Կայծակը լահմաջոյի կամ ինչպես ասում են` խմորի արհեստը լավ սովորելու համար Սիրիայում «թուրքմաններուն և քուրդերուն մեջ է մտել»: Ֆրանսիայում էլ մի տարի սննդի ոլորտում պրակտիկա է անցել: Ասում է, որ 1920-ականներին Սիրիայում սասունցի հայերն են խմորի գործը դրել, բայց հետագայում այն անցել է արաբների և քրդերի ձեռքը:

Ի դեպ, Կայծակն առաջին անգամ է Հայաստանում: Ասում է, որ Երևանը շատ է հավանում, եղել է Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում: Բայց թե որքան դժվար է եղել իր կյանքում այս փոփոխությունը, բառերով նկարագրել չի կարող. «Որքան էլ պատմեմ, միևնույն է, պետք է սեփական մաշկիդ վրա զգաս, որ պատկերացնես»,- ասում է նա:

Հայաստանի առավելություններից է համարում այն, որ մարդ ազատ է, ապահով, երիտասարդները կաշկանդված չեն, կարող են դուրս գալ, զբոսնել: Սիրիայում վտանգը մեծ է, հատկապես` երիտասարդ աղջիկների համար: Սակայն Հայաստանում նրան այլ բան է զարմացրել` երիտասարդ տղաների չափից դուրս լուրջ լինելը. «Ինչ-որ կոմպլեքսներ ունեն: Օրինակ` կատակը լուրջ կընդունեն: Մի անգամ կատակ ըրի, ընկերներս ասացին` մեզ մոտ ըրիր, ուրիշների մոտ չընես, նրանց դուր չի գա: Զարմացա»:

Կայծակը երիտասարդներին խորհուրդ է տալիս ավելի թեթև ապրել, իրենց երիտասարդությունը վայելել, քանի որ կյանքի ընթացքում այսպես թե այնպես լուրջ մտածելու առիթ տվող հարցեր շատ կլինեն: Ինչ վերաբերում է իր ծրագրերին, ապա ամեն ինչ կախված է ժամանակից. «Սպասենք, գործի ընթացքը ցույց կտա, թե ինչ պիտի անենք: Հիմա ամեն բան անորոշ է»:

Համենայն դեպս, եթե այստեղ գործը լավ լինի, նրանք կվաճառեն Սիրիայի ունեցվածքը և կհաստատվեն հայրենիքում,  մանավանդ որ արդեն Հայաստանի քաղաքացիություն ունեն. «Ես կարող էի Լիբանան գնալ, այս գործը Լիբանան շատ լավ է, բայց չուզեցի: Մենք Հայաստան, հայություն շատ կսիրենք, անանկ որ հիմա ժամանակն է վերադառնալ,- ավելացնում է հայրը,- վերջիվերջո, սա մեր տունն է, և ոչ ոք մեզի չի ըսեր` հոս գործ չունիս, թող գնա»:

Պարոն Գրիգորը, սակայն, մի խնդրանք ունի բոլոր տեղացիներին. սեփական հայրենիքում իրենց հետ օտարի պես չվարվել:

Հ.Գ.

Սիրիահայերի նորաստեղծ բիզնեսին աջակցելու նպատակով հայտնում ենք նաև լահմաջոյանոցի գտնվելու վայրը՝ Խորենացի-Զաքյան խաչմերուկ՝ “Պարմա” սուպերմարկետի հարևանությամբ:

Դիտվել է 3504 անգամ:
Print Friendly

Leave a Reply