«Սիրտս ցավում է յուրաքանչյուր հիվանդի համար»

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 9, 2013 7:14

«Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը», որ ավելի շատ հայտնի է որպես Մամոգրաֆիայի կենտրոն, հիմնադրվել է 1997թ. ամերիկահայ բարերար Ռիտա Պալյանի և Հրանուշ Հակոբյանի ջանքերով: Մեր զրույցը կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանի հետ սկսվեց այն հարցից, թե  ինչ փոփոխություններ է կրել հաստատությունն անցած տարիներին:

- Երբ կենտրոնը նոր էր հիմնադրվել, միայն մամոգրաֆիկ մեկ սարք բերվեց Երևան, արտերկրից եկած բժիշկներն աշխատեցին մեր կենտրոնում, սովորեցրին մեր բժիշկներին ինչպես օգտագործել սարքը: Այդ ժամանակ այսօրվա շենքը չկար. կենտրոնը միայն մեկ հարկ էր զբաղեցնում, 1-2 հիվանդ ունեինք, մարդիկ չգիտեին, որ Երևանում նման կենտրոն կա: Առաջին այցելուները պատմում էին ծանոթներին, և այցելուների թիվը գնալով շատացավ: Սակայն կենտրոնի հիմնադիրները զգալով, որ միայն կրծքի հետազոտությունը բավարար չէ կնոջ առողջական խնդիրները հայտնաբերելու և լուծելու համար, որոշեցին  գինեկոլոգիայի բաժին բացել, դրան զուգահեռ սկսեց գործել բջջաբանական լաբորատորիան, որտեղ մի շատ կարևոր  հետազոտություն են անում` արգանդի պարանոցի վրա քաղցկեղի բջիջների առկայության թեստը:Հետագայում կատարելագործվեցին և ավելացան գինեկոլոգիական տարբեր զննումները, ընդհուպ` անպտղության բուժումը:

 - Լսել եմ, որ նաև շաքարախտի առկայությունն եք ստուգում մարդու օրգանիզմում:

- 2006-ին մեր կենտրոնում ստեղծվել է դենսիտոմետրիայի բաժանմունքը, որտեղ ոսկրի խտությունը չափող սարքի միջոցով ախտորոշվում է օստիոպարոզի առկայությունը կնոջ օրգանիզմում: Դա պակաս ծանր հիվանդություն չէ և բարդ հետևանքներ ունի: 2004-ից սկսած` մեր կենտրոնում գործում էր ընտանեկան բժշկի ծառայությունը. տվյալ բժիշկն ավելի շատ մասնագիտացված է որպես էնդոկրինոլոգ և, բնականաբար, զբաղվում է շաքարային դիաբետին առնչվող բոլոր խնդիրներով, էնդոկրին, հորմոնալ համակարգը կարգավորող հարցերով: Մենք չենք անտեսել նաև տղամարդկանց. ստեղծել ենք ուրոլոգիայի բաժանմունքը: Ուզում ենք առողջությանը հետևելու առումով կրթել մեր տղամարդկանց, որպեսզի գոնե տարին մեկ անգամ այցելեն բժշկի, ստուգվեն, երբ դեռևս առողջ են: Հիմա աշխատանքներ են տարվում կենտրոնում ատամնաբուժական կլինիկա բացելու ուղղությամբ, իսկ օղակը կփակի մեր վիրահատարանը: Հենց հիմա ես զբաղված եմ դրա կահավորման խնդիրներով:

 - Տիկին Հակոբյան, մինչ Ձեր կլինիկայի գոյությունը հայ կանայք ո՞ւր էին գնում կրծքի հետ կապված խնդիրներով:

- Ուռուցքաբանության մասնագիտացված ինստիտուտ ունենք: Ասեմ, որ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման, կայացման աշխատանքներում շատ մեծ դեր է խաղացել Ուռուցքաբանության ինստիտուտի տնօրեն Հայրապետ Գալստյանը: Մենք մինչև 2009 թ. համագործակցել ենք, խորհրդակցել նրա հետ և  մինչև հիմա մնում ենք լավ բարեկամներ: Այդ ինստիտուտը կա, գործում է, հուսով եմ` կվերազինվի և, ինչպես միշտ, լավագույնս կծառայի, կօգնի հիվանդներին:

 - Խոսենք գնային քաղաքականությունից. այն մատչելի՞ է սոցիալական բոլոր շերտերի համար. աղքատներ, թոշակառուներ, հաշմանդամության կարգ ունեցողներ:

- Թվայնացված մամոգրաֆները տեղադրված են աշխարհի եզակի քաղաքներում, հետազոտության գինը 800-1000 եվրո արժե:Հայաստանում մեր սահմանած գինն ընդամենը 15000 դրամ է` ավելացրած սոնոգրաֆիայի 5000 դրամը. այսինքն` ողջ հետազոտությունն արժե 20.000 դրամ: Համոզված եմ, որ յուրաքանչյուր կին, որ որոշել է առողջ ապրել, կարող է տարվա կտրվածքով իր գանձանակի մեջ հավաքել այդ գումարը, թեկուզ` օրը 50 դրամ: Փառք Աստծո, մեր կանայք հագուստ են գնում, լինում են վարսավիրանոցներում, հասարակական վայրերում, դերձակների մոտ, զանազան խանութներում: Իսկ ամենից կարևորն, անշուշտ, առողջությանը հետևելն է: Իհարկե, ունենք զեղչերի համակարգ, անվճար ստուգումներ ենք անցկացնում հաշմանդամության կարգ ունեցողների, բազմազավակների, զոհված, կռված ազատամարտիկների մայրերի, կանանց համար: Օրվա մեջ ունենում ենք դեպքեր, երբ այցելուները բացարձակապես անվճարունակ են լինում, և մենք ընդառաջում ենք նրանց:

Ժապավենով կատարվող մամոգրաֆիայի գինը ստեղծման օրվանից արժեր 11 հազար դրամ և մնացել է նույնը: Գնային քաղաքականությունը ես եմ մշակում և ներկայացնում հիմնադիրների հաստատմանը: Մի քանի անգամ մի փոքր գինը բարձրացրել եմ, բայց մեր հիմնադիրները չեն հաստատել: Ես էլ ունեմ իմ խնդիրները` լույսի, ջրի, գազի, սպասարկման վարձեր, բարձր հարկեր, 70 հոգանոց կոլեկտիվ… Սակայն վճռորոշը հիմնադիրների խոսքն է:

Մենք պետությունից ոչ մի աջակցություն չունենք: Ինքներս ենք մեզ ֆինանսավորում: Մեր կլինիկայի 6-րդ հարկում կահավորեցինք շատ հարմարավետ մի դահլիճ, որտեղ կարելի է անցկացնել համաժողովներ, հանդիսություններ, հանդիպումներ, մամլո ասուլիսներ, իսկ վարձակալությունից ստացված հասույթը (որը, ի դեպ, շատ մատչելի է)  կտրամադրենք անվճար հետազոտություններին:

   -Ամենամատչելի, պարզ ստուգումն  ի՞նչ արժե:

-Դուք երևի տեղյակ եք, որ միայն խորհրդատվությունն այլ կլինիկաներում տատանվում է 5-ից 10 հազար դրամի սահմաններում. մեզ մոտ ընդամենը 2000 դրամ է:

  -Տիկի՛ն Հակոբյան, արդյոք տղամարդկանց մոտ էլ կրծքագեղձի քաղցկեղը նույնքան տարածված է, որքան` կանանց  մոտ:

-Ո’չ: Բարեբախտաբար, տղամարդիկ այս հարցում ավելի ապահովագրված են, քան` կանայք: Ուղղակի տղամարդկանց կուրծքն է քաղցկեղով հիվանդանում, իսկ կանանց մոտ հիվանդության և մահացության աղյուսակում առաջին տեղը զբաղեցնում է կրծքագեղձի քաղցկեղը, քանի որ կանանց մոտ կուրծքն իրենից ներկայացնում է գեղձերի համակցություն: Ունենք 670 հետազոտված տղամարդ, որոնցից 353-ը հիվանդ են գինեկոմաստիաներով,  դա բարորակ գոյացություն է, իսկ 34-ն ունեն կրծքի քաղցկեղ: Ցավոք, տղամարդիկ վախկոտ են, խուսափում են բժշկի դիմելուց, հետազոտվելուց: Հիմա ավելի մտահոգված ենք տղամարդկանց շագանակագեղձի քաղցկեղով, դրա համար էլ ստեղծել ենք ուրոլոգիայի բաժինը:

   -Ինչպե՞ս  եք ձեռք բերում նորագույն սարքավորումները և ո՞րն է այդ ճանապարհին ամենաթանկ վերջին նվաճումը:

- Վերջերս ստացած երկու թվայնացված մամոգրաֆները, որոնք ձեռք ենք բերել Ֆրանսիայի «Հոլոջիք» առաջադեմ ֆիրմայից: Այս հարցերը լուծում է ամերիկյան կողմի մեր հիմնադիրը` տիկին Ռիտա Պալյանը: Մեր բախտը շատ է բերել, քանի որ այդ ֆիրմայի բիզնես տնօրենը` Արիս Օկիսյանը, ազգությամբ հայ է և  մեզ համար մեծ զեղչ արեց:

  -Ձեր կլինիկայում միայն հետազոտվու՞մ են, թե՞ նաև բուժում են ստանում:

-Երկար ժամանակ է, որ նաև բուժում ենք անցկացնում ամերիկյան մասնագիտացված բժշկական դպրոցի մշակած սխեմաներով: Այդ բուժումներից հետո այցելուները գալիս են կրկնակի ստուգումների, և պիտի ասեմ, որ դրական արդյունքները զգալի են: Շուտով կսկսենք նաև վիրահատություններ կատարել:

  -Ձեր կլինիկայի բժիշկներն անցնո՞ւմ են վերապատրաստման դասընթացներ աշխարհի լավագույն մասնագիտացված կենտրոններում:

- 64 անգամ մասնագետների փոխանակում է կատարվել, այսինքն` այդքան անգամ արտերկրի բժիշկներն են եղել մեր կլինիկայում, և մեր բժիշկներն են գնացել վերապատրաստման, վերադարձել առավել կատարելագործված և զինված բժշկագիտության տվյալ ասպարեզի վերջին նորություններով:

  -Ունե՞ք հոգեբան, որը կարող է հուսահատված, զննությունից վախեցող այցելուի հետ զրուցել և հնարավորինս լավատեսությամբ տրամադրել:

-Ձեր հարցը շատ տեղին էր, քանի որ նման ծառայությունների մեջ, նման հետազոտությունների ժամանակ առաջնայինը պիտի հոգեբանի ծառայությունը լինի: Հիմա փնտրտուքների մեջ ենք` ընտրելու երկու լավագույն մասնագետների, որոնք պետք է նման հիվանդների հետ աշխատելու փորձ ունենան: Առայժմ մեր բժիշկներն են հոգեբանի դեր կատարում, քանի որ բժշկի մասնագիտության բաղկացուցիչ, կարևորագույն տարրերից մեկը հոգեբան լինելն է: Հաճախ խոսում ենք հիվանդի հարազատների հետ` նրան ոչինչ էլ չասելով:

  -Արդյոք իրականությանը համապատասխանու՞մ է տարածված այն լուրը, որ կրծքագեղձի քաղցկեղի և գինեկոլոգիական հիվանդությունների երիտասարդացում է նկատվում:

-Ողջ աշխարհում է նկատվում այդ հիվանդությունների երիտասարդացում: Կարծում եմ` այդ հիվանդության պատճառները մեծ սթրեսներն են, ոչ ճիշտ,  թերի սննդակարգը, էկոլոգիապես աղտոտված միջավայրը, մթնոլորտը, ոչ առողջ ապրելակերպը:

Հիվանդությունը կանխելու ամենաճիշտ ցուցումը տարին մեկ հետազոտվելն ու հայտնաբերման դեպքում կանխարգելումն է: Բժշկագիտությունն այնքան է զարգացել, որ կարելի է արյան անալիզով պարզել, թե մարդը մի քանի տարի հետո քաղցկեղ կունենա, եթե ընտանիքում, գեներում եղել են այդպիսի հիվանդներ: Նման անալիզներ անում են Գենետիկայի ինստիտուտը, Արյան փոխներարկման ինստիտուտը, մեր կենտրոնը: Իմանալով` մարդն ավելի զգոն է դառնում:

  -Ունե՞նք հայ բարեգործներ, որոնք անվճարունակ հայ մայրերի, կանանց առողջության համար թեկուզ մասնակի ներդրումներ են անում կամ արել են Ձեր կենտրոնում:

-Ասեմ, որ Հայաստանում նման բարեգործություն առայժմ չեմ տեսել: Միայն մեկ անգամ մեր կենտրոնի շինարարությանը աջակցեց ՎիվաՍել ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Չմոռանամ ասել, որ միակ բարեգործական հիմնադրամը «Տաշիրն» է, որը բավականին մեծ գումար է փոխանցել մեր կենտրոնին իր նախաձեռնությամբ, և այդ գումարով բազմաթիվ կանաց ենք հետազոտել, որի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում: Որևէ այլ անհատ հայ բարեգործ կամ կազմակերպություն երբևէ չի մտածել օգնել հայ կանանց, թեև բազմիցս ենք  դիմել այդ կոչով, բայց մերժվել ենք: Ցավով եմ ասում սա. մինչ այժմ այն, ինչ ունենք, Ամերիկյան դեսպանության շնորհիվ է: Ամերիկյան հասարակությունը, հաշվի չառնելով  տնտեսական ճգնաժամը, կազմակերպում է բարեգործական ակցիաներ և գումարը տրամադրում այդ հիվանդներին:

  -Դժվար չէ՞ արդյոք աշխատել այսպիսի ծանր ոլորտում:

-Անչափ դժվար է, մանավանդ, որ մասնագիտությամբ բժիշկ չեմ: Չեմ թաքցնի, սկզբում ապրումներից, հաճախ անբուժելի հիվանդների հետ առնչվելիս հիվանդանում էի: Հիմա մի քիչ կոփվել եմ:  Ես ինձ թույլ չեմ տալիս խառնվել բժիշկների մասնագիտական աշխատանքին, որովհետև, ինչպես ասացի, բժիշկ չեմ, սակայն մարդկանց բեկված ճակատագրերը փորձել եմ ինչ-որ ձևով շտկել` տարիների ընթացքում խորանալով այդ խնդիրների մեջ: Եվրոպական գրեթե ոչ մի կլինիկա չունի մասնագիտությամբ բժիշկ գործադիր տնօրեն, ղեկավար, բայց նրանց նման ես էլ մեր այցելուների հետ եմ, մտահոգ նրանց հոգսով, նրանց տառապանքով:

  -Կենտրոնի բժշկական անձնակազմը երիտասարդ է, ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում աշխատանքի ընդունելիս:

-Այո’:Մենք ընտրում ենք երիտասարդ բժիշկների, քանի որ մեր ամբողջ համակարգը հիմնված է համակարգչային տեխնիկայի միջոցով կատարվող հետազոտությունների վրա: Իհարկե, ավելի փորձառու բժիշկները մշտապես նրանց խորհուրդներ են տալիս և վերջնական ախտորոշման տակ դնում են իրենց ստորագրությունը: Բժիշկներին ընտրում ենք մեր կենտրոնում պրակտիկա անցնող օրդինատորներից: Հաշվի ենք  առնում թե՛ նրանց մասնագիտական կարողությունները և թե՛ մարդկային բարձր արժանիքները: Սա այն բնագավառն է, որտեղ ամենից կարևորը, առաջնայինը լավ մարդ լինելն է:

Հարցազրույցը` Կարինե  Ավագյանի

 

 

 

 

Դիտվել է 1384 անգամ:
Print Friendly

Leave a Reply