ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է մականախաղի ”Այրուձի” ակումբի թիմին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 1, 2013 15:58

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է մականախաղի ”Այրուձի” ակումբի թիմին, որը Հունաստանում վերջերս կայացած Եվրոպայի ակումբային թիմերի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը:

Շնորհավորելով հանդիպմանը ներկա մարզիկներին, մարզիչներին, Հայաստանի մականախաղի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, նախարարը ուրախությամբ է փաստել, որ Հայաստանում վերականգնվում են մականախաղի լավ ավանդույթները: Նախարարի խոսքերով մականախաղը, մյուս խաղային մարզաձևերի նման, նպաստում է սպորտի մասսայականացմանն ուղղված նախարարության որդեգրած քաղաքականության իրագործմանը: ”Կրկնակի ուրախալի է, որ մասսայականություն ապահովող մարզաձևը նաև լավ մարզական արդյունքներ է գրանցում: Հաղթանակ և մարզական ձեռքբերումներ գրանցող թե մարզիկ և թե թիմ անպայման արժանանալու է մեր հատուկ ուշադրությանը և աջակցությանը”,-ասել է  Ռոստոմյանը:

”Ձեր հաջող ելույթը եվրոպական մրցաշարում կոտրեց այն կարծրատիպը, թե հայ մարզիկներն ավելի հաջող են հանդես գալիս մենապայքարային մարզաձևերում: Դուք ապացուցեցիք հակառակը և մեծ ուրախություն պարգևեցիք մեր մարզասերներին”,- ասել է նախարարը:

Հանդիպման վերջում Հայաստանի խոտի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Խաչատուր Գիլոյանը նախարարին, որպես հուշանվեր, հանձնեց թիմին տրված արծաթե մեդալներից մեկը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի ակումբային թիմերի մրցաշարին, որին մասնակցել են ութ երկրների ուժեղագույն թիմեր՝ Բուլղարիայից, Վրաստանից, Հայաստանից, Հունաստանից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Լեհաստանից և Սերբիայից, հայ մականորդները զիջել են միայն աշխարհի նախկին չեմպիոն Լեհաստանի թիմին և արժանացել արծաթե մեդալների:

 
Դիտվել է 729 անգամ:
Print Friendly

Leave a Reply