Իրանի դեմ ռազմական գործողությունները կսկսվեն Ղարաբաղի՞ց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | March 5, 2013 7:00

Իրանի շուրջ համաշխարհային խաղացողների ուժերի էսկալացիան կրկին մեծանում է: Չնայած այն բոլոր կանխատեսումներին, որոնք արվում էին միջազգային տարբեր վերլուծական կենտրոնների ու վերլուծաբանների կողմից, թե Իրանի հարցում իրավիճակի թեժացում չի դիտվի մինչև Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումը, այնուամենայնիվ Արևմուտքն այս հարցում ակնհայտորեն նախապատրաստական միջոցներ է ձեռնարկում:

 Իրանի շուրջ խոսակցությունների ակտիվացումը կարող է նաև պայմանավորված լինել հանգամանքով, որ օրերս պետք է վերսկսվեն «վեցնյակի» հետ Իրանի բանակցությունները` կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Բայց այդ հանգամանքից,  նաև ուժերի որոշակի վերադասավորում և միջազգային խաղացողների վերադիրքավորում է ենթադրվում: Եվ առաջին հերթին այն պարզ պատճառով, որ սպասվող բանակցություններում ընդգրկված կողմերից յուրաքանչյուրը կարողանա բանակցային սեղանին նստել առավել ծանրակշիռ փաստարկներով ու հակափաստարկներով, որպեսզի իր շահերից բխող առավելագույն արդյունքների հասնի:

Այսպիսով` «վեցնյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն ու Գերմանիան) հետ բանակցություններից անմիջապես առաջ` փետրվարի 21-ին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) մասնագետները տեղեկություն տարածեցին, թե Իրանը սկսել է Նաթանզի ձեռնարկությունում ուրանի հարստացման համար ժամանակակից ցենտրիֆուգների մոնտաժումը:

Իր զեկույցում ԱԷՄԳ-ը տեղեկատվություն է տարածել IR-2m տեսակի 180 նոր ցենտրիֆուգների մասին: Այժմ իրանցի միջուկաբանները 1970-ականներին մշակված IR-1 ցենտրիֆուգներ են օգտագործում: Նոր սարքավորումը, փորձագետների տվյալներով, առայժմ չի գործում, սակայն ցենտրիֆուգների գործարկումը տեղի կունենա առաջիկա ամիսներին: Եթե ամեն ինչ հաջող անցնի, Իրանն էապես կարագացնի նյութի վերամշակումը, որը, ըստ Արևմուտքի, կօգտագործվի միջուկային զենք ստեղծելիս:

«Reuters»-ը գրում է,  որ ըստ  ԱԷՄԳ-ի տվյալների` ներկայումս Իսլամական  Հանրապետությունն ունի մինչև 20 տոկոս հարստացված 167 կգ ուրան: Այսինքն` Իրանն ունի հարստացված ուրանի պաշարներ, որոնք կազմում են  առաջին ատոմային ռումբի ստեղծման համար անհրաժեշտ ընդհանուր քանակի 67-76%-ը:

Նաթանզում ուրանի հարստացման համար  ավելի ազդեցիկ  ցենտրիֆուգի օգտագործումը Վաշինգտոնում դիտում են որպես հերթական սադրանք:

Այս ցենտրիֆուգների գործարկման աշխատանքների մեկնարկի մասին փետրվարի 13-ին հայտարարել էր Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերիդուն Աբասի Դավանին:

Փետրվարի 26-ին Ալմաթիում պետք է տեղի ունենար Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը  «վեցնյակի» ձևաչափով: Բայց ուշագրավ է, որ փետրվարի 24-ին` վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումից երկու օր առաջ, Իրանը հայտարարեց, որ իր տարածքում ուրանի հումքի զգալի պաշարներ է հայտնաբերել: Եվ քանի որ Արևմուտքի նախապայմանը Իրանի հարցում ճնշումները դադարեցնելու վերաբերյալ այն է, որ Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը, սա հստակ ազդակ է, որ մեր հարևան երկիրն ամենևին էլ մտադիր չէ հրաժարվել իր ծրագրերից: Սրան Արևմուտքը, բնականաբար, չի կարող մատների արանքով նայել, ու ենթադրվում է, որ որոշ քայլեր կձեռնարկվեն Իրանին այդ ուղեգծից շեղելու համար: Առաջին միտքը, որ այդ սցենարի համար ծագում է, ուղղակի ռազմական միջամտության հնարավորությունն է:

 Որքանո՞վ է փաստարկված Իրանի դեմ ռազմական միջամտություն սանձազերծելու սցենարը

 

Այս դեպքերին ընդառաջ` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը փետրվարի 23-ին եռօրյա զորավարժություններ անցկացրեց երկրի արևելքում: Քերման ու Սիրջան քաղաքների մոտակայքում անցկացված և «Մեծ մարգարե»-8» անունը կրող զորավարժությունների հիմնական նպատակը, ըստ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհմադ Պակպուրի հայտարարության, նոր զենքի փորձարկումն է եղել, ուժերի մարտունակության ստուգումը, ասիմետրիկ մարտական գործողությունների մշակումը: Իսկ զորավարժություններից առաջ` փետրվարի 11-ին, Իրանում արդեն իսկ փորձարկել էին «օդ-օդ» դասի «Ֆակուր 90» նորագույն հրթիռները, և ասվել էր, որ «Կադեր» և «Նասր» հրթիռներն էլ կփորձարկվեն  առաջիկայում: Հավանաբար հենց այս զինատեսակների մասին է խոսքը:

Այս նախապատրաստական աշխատանքները ցույց են տալիս, որ Իրանի բարձրագույն հրամանատարական կազմը հասկացել է, որ ցամաքում ՆԱՏՕ-ի` ի դեմս ԱՄՆ-ի զորքերն իրենց մի քանի միլիոնանոց բանակի դեմ դժվարություններ կունենան, և արևմտյան ուժերը կգործադրեն ավիացիոն հարվածների տակտիկան: Ուստի կատարելագործում են օդուժում իրենց զինանոցը, որպեսզի հնարավոր մարտական գործողությունների դեպքում արևմտյան զորքերին «իջեցնեն» երկնքից:  Եվ «ասիմետրիկ մարտական գործողությունների մշակում» ձևակերպումն արդեն ցույց է տալիս, որ Իրանը մտադրություն չունի արևմտյան զորքերի տեխնիկական հագեցվածության դեմ զուտ մարդկային ռեսուրս օգտագործել:

Հենց այս զորավարժությունների ժամանակ, ինչպես պնդում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները, իրենց հաջողվել է օտարերկրյա  անօդաչու թռչող սարք որսալ, որը փորձել է ներխուժել երկրի օդային տարածք: Սա արդեն հոգեբանական պայքարի ցայտուն օրինակ է, և ակնհայտորեն Իրանի բարձրագույն հրամկազմը թե՛ տեխնիկապես, թե՛ մարտավարական և թե՛ հոգեբանական առումներով մարտական պատրաստականության վիճակի է բերում իր զինված ուժերը:

Ինչ վերաբերում է Իրանի կողմից փորձարկված հիշյալ հրթիռներին, դրանց գոյությունն ու հաջող փորձարկումը կարծես թե մոտ են իրականությանը, քանի որ Թուրքիայում տեղադրված Patriot զենիթա-հրթիռային համալիրների հիմնական խնդիրը, ինչպես տեղեկացնում է  DefenseNews կայքը` վկայակոչելով ՆԱՏՕ-ի աղբյուրները, Իրանի տարածքը հետախուզող ռադարի պաշտպանությունն է: Հիշենք, որ Patriot ԶՀՀ-ների վեց մարտկոց տեղակայվել է Թուրքիայում նրա խնդրանքով, և ՆԱՏՕ-ում պաշտոնապես ասել են, որ Սիրիայից հնարավոր հրթիռային հարձակումների դեպքում դրանք Թուրքիայի հարավն ու հարավ-արևելքը պաշտպանելու համար են: Սակայն կայքը նշում է, որ իրականում հրթիռային համալիրները պաշտպանելու են Քուրեչիկ բազայում գտնվող ռադարը: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այս տեղեկությունը հաստատել են մասամբ:

Իսկ եթե ՆԱՏՕի պաշտոնյաները որոշել են Patriot հրթիռներ տեղակայել Թուրքիայի սահմանին, ուրեմն վիճակն իրոք լուրջ են գնահատել:

 Իրանի դեմ անմիջական ռազմական միջամտության քննարկվող սցենարը

 

Փետրվարի 16-ին,  «Արգումենտի ի ֆակտի» թերթի մամուլի կենտրոնում ունեցած ելույթի ընթացքում ռուսաստանցի քաղաքագետ, Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը հայտնել է, որ ԱՄՆ-ն ՄԱԿ-ից իր խաղաղարարներին Լեռնային Ղարաբաղում տեղակայելու մանդատ է խնդրել: Նրա խոսքով` ԱՄՆ-ն արդեն երկու անգամ դիմել է ՄԱԿ` իր խաղաղարար զորքերը Լեռնային Ղարաբաղում տեղակայելու թույլտվություն ստանալու համար, սակայն ՄԱԿ-ն առայժմ չի պատասխանել:

«ԱՄՆ-ն դեռ չի հրաժարվել Իրան ներխուժելու ծրագրերից, և խաղաղարարներին Լեռնային Ղարաբաղում տեղակայելն այդ ծրագրի բաղկացուցիչն է: Աֆղանստանից դուրս բերված ԱՄՆ-ի զորքերը կտեղակայվեն Ադրբեջանում: Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմի սցենարը կսկսվի Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի ընդլայնված գործողություններից:  Այնուհետև ամերիկյան զորքերը խաղաղարարական նպատակով կմտնեն Լեռնային Ղարաբաղ: Այդպիսով, Ադրբեջանի ցանկությամբ, ԱՄՆ-ի զորքերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղում` որպես խաղաղարար ուժեր»,- եզրակացրել է Զախարովը:

Այս սցենարը բավականաչափ հնարավոր է թվում,  եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջերս մատնանշեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը: Ադրբեջանում օր օրի հասունանում է ներքին էթնիկ բախումների վտանգը, որն առայժմ դրսևորվում է սոցիալական բունտի տեսքով: Ուստի, հասարակության ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանը կարող է նաև դիմել նման արկածախնդրության` արդեն չվախենալով նաև արագ պարտությունից. ԱՄՆ-ն այս դեպքում հանդես կգա որպես երաշխավոր:

Այս տեղեկատվության առնչությամբ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակ-Այենն էլ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղ խաղաղապահների մուտքը կհանգեցնի տարածաշրջանի անվտանգության ապահովման նոր խնդիրների: Իրանական IRNA գործակալության ներկայացմամբ` դեսպանն ասել է, որ դա ոչ միայն անարդյունավետ քայլ կլինի, այլև նոր խնդիրներ կստեղծի:

Այս ամենը նշելով` պետք է հիշել, որ սա ընդամենը սցենար է, որը պետք է ուղեկցի ինչ-որ այլ սցենարների, ծրագրերի, պլանավորման մաս կազմի և այլն: Եվ եթե երբևիցե այս սցենարը գործողության մեջ դրվի, ապա դա հաստատ չի լինի մինչև այս տարվա հուլիս, քանի որ  հարևան երկրում այս տարվա հուլիսին սպասվում են նախագահական ընտրություններ:

Բնական է, որ միջազգային այն բոլոր ուժերն ու խաղացողները, որոնց շահերը խաչվում են Իրանի հարցում, պետք է օգտվեն այդ ընտրություններից: Չէ՞ որ յուրաքանչյուր երկրում ինչ-որ փոփոխություն անելու համար,  մանավանդ առանց ռազմական, տնտեսական մեծ կորուստների և ավելի հեշտ, ամենահարմար ժամանակը հենց ընտրություններն են: Ընտրությունների ժամանակ կարելի է որոշակի գաղափարներ ներմուծել տվյալ երկրի, հասարակության գիտակցության մեջ, որոշակի իրավիճակներ ստեղծել ներքին կյանքում և այլն: Այս համատեքստում, եթե Արևմուտքը, այնուամենայնիվ, ինչ-որ ռազմական գործողություն է պլանավորել մեր տարածաշրջանում, ապա  դա միայն պահեստային տարբերակ կարող է լինել ընտրությունների ժամանակ իր նպատակներին հասնելու գործը ձախողելու դեպքում:

Բայց գոնե տարածաշրջանի երկրները պետք է զգուշություն և զգոնություն ցուցաբերեն այս հարցի կապակցությամբ: Եվ  դա մեզ էլ է վերաբերում:

 

Դիտվել է 1713 անգամ:
Print Friendly

Leave a Reply