Սոլյարիին կո՞ղմ, թե՞ դեմ. արևահարվե՛ք, սակայն բնական ճանապարհով

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | June 21, 2009 13:42

solaryԻնչո՞ւ մաշկը թուխ դարձնելու ու նրան էրոտիկ հմայք հաղորդելու համար ժամերով պառկել արևի տակ, եթե այդ նույն էֆեկտը կարող ես ստանալ ծովից հեռու, քաղաքում, ուր ապրում ու աշխատում ես, և ստանալ մի քանի րոպեում: Այն, ինչ անում է բնությունը, կարո՞ղ է անել տեխնիկան: Կարող է, սակայն բնությունից ավելի թերի:
Սոլյարի (առաջացել է լատի-ներեն solarium բառից, որը նշանակում է արև). բարձրակարգ տեխնիկական սարք, որը նախատեսված է արհեստական արևայրուքի համար: Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք թուխ դարձնել ձեր մաշկի գույնը ոչ թե ծովի ափին, այլ քաղաքի սալոններից մեկում:
Փոքր-ինչ խորթ թվացող այս ծառայությունն արդեն վաղուց է մտել հայկական նորաձևության ու գեղեցկության շուկա և գնալով ավելի մեծ պահանջարկ է ստանում:
Ու եթե եվրոպացին մաշկը թխացնելու համար ծով կամ սոլյարի պետք է գնա, ապա ինչո՞ւ արհեստական արևայրուքի համար փող ծախսել Հայաստանում, ուր արևի պակաս չի զգացվում: Սոլյարիի հաճախորդներից մեկի խոսքով` արհեստական արևայրուքն ավելի հարթ ու գեղեցիկ է ստացվում:
Շատերը հնարավորություն ու ժամանակ չունեն ամառային հանգիստն անցկացնել ծովում, իսկ Երևանում էլ մարմինն արևին հանձնելու տեղ չկա, և ուզում են օգտվել ուլտրամանուշակագույն ճառագայթների «բարիքներից» ու բարելավել մաշկի որակը (հայտնի է, որ արևի ճառագայթների ազդեցությամբ մաշկի ցանը, տհաճ գոյացություններն անհետանում են) և, վերջապես, պատճառներից ամենագլխավորը. այն ժամանակ, երբ արևը մաշկի վրա ազդեցություն չի ունենում, և անհետանում են ամառվա թուխ երանգները, երբ ձյան սպիտակն է դառնում եղանակի գույնը, ձմռանը մաշկի մուգ գույնով կզարմացնես
շրջապատին:
Տասնինը տարեկան Լաուրան ասում է, որ իրեն դուր է գալիս մուգ մաշկը, ուստի մայիս և հունիս ամիսներին մաշկը մգացնում է սոլյարիի միջոցով, իսկ հուլիս և օգոստոս ամիսներին մեկնում է ծով:
Չնայած որ գիտի օրգանիզմի վրա սոլյարիի բացասական ազդեցության մասին, այնուամենայնիվ, չի դադարում օգտվել այդ ծառայությունից:
Յանան, ով Ռուսաստանից Հայաստան է եկել հանգստանալու, նույնպես օգտվում է հայկական սոլյարիի ծառայություններից: Նա ասում է, որ թեև Հայաստանում սոլյարիի գները ռուսաստանյան գներին մոտ են, սակայն, որակի տարբերությունը մեծ է: Սոլյարիի ծառայության մեջ մտնում է մասնագետի խորհրդատվությունը, ինչը Հայաստանում գոյություն չունի: Մասնագետը հաճախորդին խորհուրդներ է տալիս, թե ինչ ազդեցություն կունենա ճառագայթումը` կախված նրա մաշկի գույնից, որակից և այլ առանձնահատկություններից, որպեսզի օրգանիզմը չվնասվի: Յանան ասում է, որ Հայաստանում այդ խորհրդատվության պակասը զգում է:
Երևանում սոլյարիի ծառայության մեկ րոպեն արժե 250-ից մինչև 650 դրամ: Գործում են նաև զեղչեր, իսկ որոշակի ժամերին ծառայության գինն իջնում է մինչև 150 դրամ:
Եվ այսպես, ի՞նչ օգուտ և վնաս կարող են հասցնել ուլտրամանուշակագույն ճառագայթները: Մաշկաբանների կարծիքով` դրանք բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, կարգավորում արյան շրջանառությունը ներքին օրգաններում, բարձրացնում մարդու տրամադրությունը, իսկ D վիտամինի ներթափանցումը մաշկի մեջ ամրացնում է ոսկորները և կանխում քաղցկեղային բջիջների առաջացումը: Սակայն չափազանց մեծ քանակությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթների ընդունումը կարող է մի շարք վնասներ հասցնել օրգանիզմին:
Մաշկաբան Լիլիթ Գևորգյանն ասում է, որ ինքը խորհուրդ չի տալիս օգտվել արհեստական արևայրուքից, քանի որ այն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ:
«Սոլյարին հակացուցված է հակաբեղմնավորիչներ օգտագործողներին, մաշկային որևէ խրոնիկ հիվանդության, հղիության ժամանակ և էլի մի շարք դեպքերում,-ասում է նա:- Սոլյարիի ազդեցությունը շատ վտանգավոր է հատկապես մաշկի խալերի համար: Ճիշտ է` սոլյարիի սրահներում խալերն ուլտրամանուշակագույն ճառագայթներից զերծ պահելու համար պաշտպանիչ միջոցներ են կիրառում, սակայն, կարծում եմ, որ վտանգն ամբողջությամբ չի կանխվում»:
Մաշկաբանի կարծիքով` բացօթյա պայմաններում ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգավոր ազդեցությունը ցրվում է, և մաշկը հնարավորություն է ստանում վերցնել դրանց մեջ եղած օգտակար հատկանիշները, իսկ սոլյարիի դեպքում օրգանիզմն ամբողջությամբ իր մեջ է ներծծում ճառագայթները:
«Չափազանց մեծ ճառագայթահարումը մաշկի մեջ կարող է առաջացնել ազատ քիմիական ռադիկալներ, որոնք քայքայում են մաշկի երիտասարդությունն ու առաձգականությունն ապահովող նյութերը, ինչի հետևանքով մաշկը ջրազրկվում ու չորանում է: Ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև ազդեցության հետևանքով կարող են առաջանալ նաև չարորակ ուռուցքներ, և, վերջապես, մեծ քանակությամբ ճառագայթների ընդունումը կարող է առաջացնել այրվածքներ»:
Ըստ բժշկի` մաշկի գունանյութը, որ նաև պաշտպանիչ ֆունկցիա է կատարում, արևի ճառագայթների մեծ քանակության դեպքում շատանում է, և մաշկի մեջ առաջանում է գունանյութի ավելցուկ, ինչն էլ մաշկի քաղցկեղի պատճառ է դառնում:
Այնուամենայնիվ, եթե որոշել եք օգտվել սոլյարիի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ապա մաշկաբանը խորհուրդ է տալիս հետևել մի քանի կարևոր կանոնների.
– Առաջին անգամ պրոցեդուրան ընդունեք հինգ րոպեից ոչ ավել, այնուհետև, ամեն անգամ մի քանի րոպեով ավելացնելով, հասցրեք մինչև 15 րոպեի: Պրոցեդուրայից առաջ և հետո մեծ քանակությամբ հեղուկ խմեք, դա խորհուրդ եմ տալիս նաև բնական արևայրուքի դեպքում: Ուշադիր եղեք, որպեսզի սրահներում ձեզ համապատասխան խորհրդատվությամբ ապահովեն, որպեսզի ճիշտ ընտրեք արևայրուքի համար նախատեսված քսուքները (ամենօրյա կոսմետիկ միջոցները չի կարելի սոլյարիում կիրառել, քանի որ դրանք, ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ փոխազդեցության մեջ մտնելով, կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել):
Մասնագետների կարծիքով` արևայրուքի համար նախատեսված պրոֆեսիոնալ կոսմետիկան գրեթե ամբողջությամբ պետք է պատրաստված լինի բնական բաղադրիչներից` ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունը կանխելու համար: Երևանյան սոլյարիի սրահներում այդ քսուքներն արժեն 900-ից 5000 դրամ:
Այսուհանդերձ, մաշկաբանը խորհուրդ է տալիս զերծ մնալ մարմինն արհեստական եղանակով ճառագայթահարելուց: Իսկ ծայրահեղ դեպքում խուսափել այնպիսի սրահներ այցելելուց, որտեղ խորհրդատվություն չի անցկացվում քսուքների բաղադրության, որակի և մաշկի առանձահատկությունների դեպքում սոլիարիի օգտակարության կամ հասցրած վնասի վերաբերյալ:

Դիտվել է 2972 անգամ:
Print Friendly

Leave a Reply