Գրի՞պը մեզ կհաղթի, թե՞ մենք գրիպին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 2, 2013 7:26

Գրիպի դեմ բուժման նպատակով հաճախ բժշկի ցուցմամբ կամ ինքնուրույն օգտագործում ենք հակաբիոտիկներ, որոնք, ի դեպ, սպանում են իմունիտետը: Ուրեմն ի՞նչ կարելի է անել իմունիտետը վերականգնելու համար, ինչպե՞ս կարելի է կանխել հակաբիոտիկներով բուժման   հետևանքները:

Հակաբիոտիկների կիրառումը կարող է անդառնալի վնաս հասցնել իմունիտետին: Երբեմն նման երկշաբաթյա բուժումից հետո հարկ է լինում ամիսներ շարունակ վերականգնվել: Ասվածը հատկապես վերաբերում է տարեցներին, քանի որ  նրանք դժվարությամբ են ապաքինվում:

Հաջորդ խնդիրը դիսբակտերիոզն է. աղիների միկրոֆլորայի խանգարումը: Հակաբիոտիկների օգտագործումից շատ է տուժում աղիների միկրոֆլորան:

Երբեմն էլ կենսական տոնուսի անկում է լինում, նվազում, իջնում է ինքնագնահատականը: Դա այս բուժման  հոգեբանական հետևանքներից է:

Նման խնդիրներից խուսափելու համար մի քանի միջոց առաջարկենք, որոնցով կարելի է օգնել օրգանիզմին ու վերականգնել իմունիտետն ու աղիների օգտակար միկրոֆլորան:

1. Իմունիտետը (օրգանիզմի  պաշտպանական համակարգը) կարելի է կոփել բնական դեղամիջոցներով: Օրինակ` նման գերազանց միջոց է կիտրոնը: Իսկ ով սիրում է կանաչ թեյ, ապա կարող է օգտագործել այն կիտրոնի հետ: С վիտամինն իր բոլոր դրսևորումներով չափազանց օգտակար է նման  վարակիչ հիվանդություններին դիմակայելու և իմունիտետը վերականգնելու հարցում:

Դիսբակտերիոզի խնդիրը կարգավորելու համար բավական է օրական 1-2 բաժակ մածուն կամ կեֆիր խմելը:

Սովորական հացի փոխարեն շատ օգտակար է թեփով հացաբուլկեղենը:

Նորություն չէ, որ սխտորն ու գլուխ սոխը վարակների դեմ պայքարում անզուգական են: Դրանք օգնում են  իմունիտետը վերականգնելուն: Նման ազդեցություն ունեն խնձորն ու թուրինջը:

Գազազրկած հանքային ջուրը կօգնի կարգավորելու աղիների միկրոֆլորան, կկանխի փորլուծը:

Հակաբիոտիկները բուժման ծայրահեղ, ամենավերջին միջոցն են, ուստի ոչ մի դեպքում չի կարելի սեզոնային մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունների ժամանակ հակաբիոտիկ ընդունել. այն ճնշում է իմունիտետը: Իսկ եթե, այնուամենայնիվ, ընդունել եք,   հարկ է լրացուցիչ բուժվել` իմունիտետն ինչ-որ կերպ վերականգնելու համար:

Իմունային համակարգն օրգանիզմի գլխավոր պահապանն է, որը վահանի դեր է կատարում վարակների ու մանրէներ դեմ պայքարում: Որքան իմունային համակարգը պինդ է, այնքան հազվադեպ է այն ենթարկվում «հարձակման»: Ընդ որում, լավ իմունիտետը մարդու բնածին հատկություն է: Այն պետք է ու կարելի է հասարակ միջոցներով ամրապնդել:

Ճիշտ սնունդ: Օրգանիզմին  անհրաժեշտ տարրերից մեկի կամ մյուսի բացակայությունը հանգեցնում է իմունիտետի թուլացման: Ահա թե ինչու է մեզ հարկավոր լիարժեք ու հավասարակշռված սնունդ ընդունել ամեն օր: Սննդից օրգանիզմը պետք է ստանա  անհրաժեշտ միկրոտարրեր, հակաօքսիդանտներ ու այլ կարևոր նյութեր: Մեր սննդաբաժնում պետք է ձկնեղեն լինի, միս, բանջարեղեն ու միրգ, հատիկավորներ, մի խոսքով` բնական մթերք:

Ստամոքսաղիքային տրակտի միկրոֆլորայի վերահսկում: Աղիքներում են զարգանում օրգանիզմին պիտանի մանրէները, որոնք բարերար են ազդում ողջ օրգանիզմի վիճակի վրա: Դրանց անհրաժեշտ քանակն ապահովելու համար բնական մթերք պետք է օգտագործել:

Ֆիզիկական մարզումներն ավելացնում են մկանային զանգվածը, ինչը նույնպես բարերար ազդեցություն է ունենում ողջ օրգանիզմի վրա: Ցանկացած սպորտաձև լավ արդյունք կարող է տալ իմունիտետի ամրապնդման գործում, բայց միայն գրագետ պարապելու պարագայում:

Թարմ օդին զբոսանքները բարձրացնում են տրամադրությունը, բացում ախորժակը, օգնում պայքարելու անքնության դեմ:

Շփումները կամ կոնտրաստային ցնցուղը օրգանիզիմի դիմադրողականությունն է բարձրացնում: Ի դեպ, ամենօրյա շփումների դեպքում դժվար թե խոնավացած ոտքերը հիվանդության պատճառ դառնան, իսկ մենք հիմնականում մրսում ենք ոտքերից:

Այս ամենի հետ լավ արդյունք են տալիս մասուրի թուրմը կամ թեյը և ինչ որ գիտենք մեծերից` արևքուրիկը (զվերաբոյ), մարդարմատը (ժենշեն): Դրանք թանկ չեն, սակայն պետք է խմել տևականորեն:

Առողջ քուն ու հանդարտություն: Խանգարված քունը, նյարդերն ու սթրեսը վնասում են օրգանիզմին: Ուստի հարկավոր է օրակարգ մշակել ու հնարավորինս չնյարդայնանալ. եթե կարող եք իրավիճակն ինչ-որ կերպ փոխել, մի հապաղեք, եթե ոչ, ապա համբերեք մինչև ինքն իրեն կկարգավորվի դրական  ելքով:

Եթե այնուամենայնիվ հիվանդացել եք, ապա բարերար ազդեցություն է ունենում կաթնամթերքը, իսկ երեխաները նախընտրում են յոգուրտը:

Հայտնի է, որ խանութի յոգուրտը միշտ չէ, որ անվնաս է, մինչդեռ կարելի է տնային պայմաններում ստանալ յոգուրտ` որքան ասես:

Ի՞նչ է հարկավոր յոգուրտի համար.

1 լ կաթ

3 ճաշի գդալ յոգուրտ (կենդանի մանրէներով)

1. եթե ցանկանում եք թանձր յոգուրտ ստանալ, ապա պետք է դրա համար կիրառել 6% յուղայնությամբ կաթ:

Նախ  կաթը եռացնում, ապա հովացնում ենք մինչև 40 աստիճան (ինչպես մածունն ենք մերում): Կաթը պետք է տաք լինի, սակայն  չայրի:

Առաջին անգամ որպես մերան պետք է օգտագործել բնական կենդանի յոգուրտ: Դա առաջին անգամվա համար, իսկ հետո, որպես մերան կարելի կիրառել ձեր իսկ պատրաստած յոգուրտը: Իսկ 10 անգամից հետո կրկին պետք է  բնական յոգուրտ օգտագործվի:

3 ճաշի գդալ յոգուրտը սկզբում լավ խառնում ենք հովացած կաթի հետ,ապա ավելացնում մնացած կաթն ու կրկին լավ խառնում:

Ստացվածը լցնում ենք ամանների մեջ, ու մերում: Ի դեպ, յոգուրտը ոչ միայն հաճելի կաթնամթերք է, այլև հրաշալի դիմակ մազերի համար: Իսկ եթե դրա մեջ նաև մեղր ու կիտրոնի հյութ ավելացնեք, ապա այն հրաշալի թարմացնող համ կստանա, իսկ որպես դիմակ օգտագործելու դեպքում  կունենաք սպիտակ, հարթ ու թարմ  մաշկ:

Դիտվել է 3139 անգամ:
Print Friendly

Leave a Reply