«Մարդակեր Կարինե». Սադի արևելյան ժառանգորդը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 21, 2009 13:41

mardaker«Հիշո՞ւմ ես էն գերի հղի ադրբեջանցուն: Չե՞ս հիշում՝ նրան սանմասում էին տեղավորել: Հենց նա: Իսկ հիշո՞ւմ ես հային՝ Կարինեին, անունը Կարինե էր, Տեր Աստված, դու ներիր մեզ՝ մեղավորներիս: Էդ Կարինեն նրան տարել էր, ու նրա մանկանը հենց փորի մեջ կրծելով պատառոտել էր: Սա՜ղ-սաղ: Էդ ինձ հավաստի աղբյուրներ են ասել: Կենդանի՜-կենդանի: Սա՜ղ-սաղ: Կենդանի՜-կենդանի: Սա՜ղ-սաղ»:
Թրծված ընթերցողը բնաբանը տեսնելիս դեմքը հաստատ կխոժոռի: Իրոք, ի՞նչ կարիք կա հայկական թերթում տարածել զրպարտչական բամբասանքներ, որոնք այնքան տարածված են հարևան հանրապետությունում: Սակայն չարժի հապճեպ եզրակացություններ անել:
Մենք պարզապես մեջբերել ենք մի հատված գրական ստեղծագործությունից՝ մոդայիկ ադրբեջանցի գրող Էլչին Հասանովի վիպակից: Այս հեղինակի օպուսները բավական ինքնատիպ ու յուրօրինակ են և շարունակում են գրականության դասական ավանդույթները, ուստիև արժանի են հանգամանալի քննարկման:
Եվ այսպես՝ «մարդակեր Կարինեի» մասին: Պատումի գլխավոր հերոսուհին՝ Կարինե Հարությունյանը, ըստ հեղինակի, «ծնվել է 1964 թվականին Հայաստանի Սիսիանի շրջանի Քարաշեն ավանում»: Թե ոնց և ինչու է երիտասարդ կինը մարդակեր դարձել, հեղինակը լռում է: Լռում է նաև այն մասին, որ նրա նախատիպը եղել է Ժյուլիետան՝ մարկիզ դը Սադի համանուն պոռնոգրաֆիկ երկի հերոսուհին, որը սպանել ու կերել էր հարյուրավոր կին ու տղամարդ՝ դասականի ժամանակակիցների կարծիքով` «անպարկեշտ վեպերից այդ ամենազարհուրելիի» էջերում: Սադը իր վեպերում գրում է գրեթե բոլոր ազգերի ներկայացուցիչների մասին, որոնք տարբեր դաժան գործերով են զբաղվում: Նա միայն հայերին չի անդրադարձել: Այդ բացը փորձում է լրացնել Հասանովը:
Փոխարենը` հանգամանորեն նկարագրվում են Ղարաբաղյան պատերազմի ընթացքում նրա «սխրանքները», երբ նա, ըստ Հասանովի, հայկական բանակի համար ծառայել է որպես հզոր հոգեբանական զենք ընդդեմ ադրբեջանցիների: Նրա գլխավոր խնդիրը գերի զինվորներին ողջ-ողջ ուտելն էր, ընդ որում՝ նրանց ընկերների աչքի առաջ: Տուն վերադառնալով նրանք պետք է պատմեին հայերի գազանությունների մասին՝ դրանով կոտրելով իրենց զինակիցների մարտական ոգին:
Ըստ էության՝ գիրքը գրված է կեղծ վավերագրական պատումի ժանրով՝ Կարինե Հարությունյանի կյանքի համառոտ պատմության ձևով՝ շռայլորեն համեմված պատմական անձանց «ուղղակի» խոսքով, ինչպես նաև բազմաթիվ «ականատեսների վկայություններով»:
Դրանք հիմնականում «գերյալ ադրբեջանցիների» հիշողություններ են, որոնք սարսափով նկարագրում են, թե ինչպես էր երիտասարդ կինը կենդանի-կենդանի ուտում իրենց զինակիցներին: Այդ նկարագրություններն այնքան անհեթեթ են, որ ավելի շուտ նորմալ ընթերցողի ծիծաղը կհարուցեն, քան սարսափը: Ահա ընդամենը մի քանի նմուշ.
«Խեղճ Վասիֆն առաջ չգիտեր Կարինեի մասին, հետո սևացած բարձր պատի մոտ ես տեսա նրա` ատամներով կրծոտած ոտքն ու արյունոտ ականջը»:
«Ես ուզում եմ, որ դուք ինձ ադրբեջանցի աղջիկ բերեք: Ջահել, սիրուն, շեկլիկ: Ես նրան մեծագույն հաճույքով կճաշակեմ: Զզվել եմ մազոտ տղամարդ ուտելուց, հատկապես որ ադրբեջանցիները գարշելի հոտ ունեն»:
«Մահճակալում պառկած էր արյունաթաթախ ու կարկամած Ռամինը, նրա բերանը փակել էին սքոթչով, սպիտակեղենն ու անկողինն արյան մեջ էին, հայացքը նայում էր մի կետի, ձեռքերը կապված էին մեջքի հետևում, ոտքերով ու ազդրերով սեղմում էր իր արյունոտ շեքը»:
Նշենք, որ դը Սադի Ժյուլիետան ինտերնացիոնալ էր. բռնանում և ուտում էր ամենատարբեր ազգերի ու մաշկի գույնի մարդկանց` ի տարբերություն իր «հայ քրոջ», որը նախընտրում է միայն ադրբեջանցիներին:
Սակայն ամենազվարճալին սույն երկի ավարտն է: Պարզվում է՝ Կարինեն ոչ միայն ուտում էր ադրբեջանական միս, այլև պահածոյացնում էր ու պաշար հավաքում, իսկ հետո փորձում էր ռուսաստանյան առևտրային ֆիրմաների միջոցով վերավաճառել այն Ադրբեջանին: Ավելին՝ կերած ադրբեջանցի կանանց մազերից նա տիկնիկի կեղծամ էր պատրաստում և ուղարկում դրանք Բաքու՝ ընկած շահիդների անմեղ երեխաների համար: Ու, բնականաբար, անփառունակ վախճան է ունենում. նրան մահացու կրծոտում է խաբված սիրեկանը:
Դժվար է հավատալ, որ այս զառանցանքներն ինչ-որ մեկը կարող է լրջորեն ընդունել, սակայն փաստը մնում է փաստ. պաշտոնական հայատյացության քարոզչությամբ վարակված հասարակության մեջ Հասանովի գիրքը բեստսելեր է դարձել, այն բուռն քննարկվում է ֆորումներում, ԶԼՄ-ները հեղինակից բազմաթիվ հարցազրույցներ են վերցնում երկրի մշակութային կյանքի մասին: Բնականաբար, նրա կողմից հիմարություն կլիներ չօգտվել հաջողությունից և չշարունակել այսքան շահեկան թեման:
Արդյունքում՝ լույս աշխարհ եկավ մեկ այլ գլուխգործոց՝ այս անգամ նենգ դաշնակցականների գաղտնի կենսաբանական զենքի՝ ՄԻԱՎ-վարակակիր Անժելա Պետրոսյանի մասին, որը հատուկ գնացել է Բաքու՝ բարի, անմեղ ադրբեջանցիներին ՁԻԱՀ-ով վարակելու:
Այս օպուսները կարդալով սկսում ես հասկանալ, թե հարևան հանրապետությունում որտեղից են հայտնվում այնպիսի ազգային հերոսներ, ինչպիսին Ռամիլ Սաֆարովն էր, որը չխորշեց քնած մարդուն կացնահարելուց: Ավելին՝ Ադրբեջանում դասվեց հավատի նահատակների շարքը:
Ավաղ, գրականությունը սոսկ հասարակության հայելին է: Պաշտոնական քարոզչությամբ զոմբավորված ադրբեջանցիները, հավատալով հայերի բացարձակ արատավորությանը, որոնք խլել են իրենցից ամեն ինչ՝ տարածքների «20%»-ից մինչև տոլման ու «ջան» բառը, հիացմունքով կլլում են Հասանովի «վավերագրական» պատումները՝ ավելի համոզվելով, որ հայերն առանց բացառության վամպիր ու մարդակեր են:
Միայն թե ատելությունը միշտ երկսայր զենք է. երբ իսկական թշնամու դեմ ելք չի գտնում, վաղ թե ուշ «մարդակեր» թշնամու դեմ սրած կացինը, նրան չգտնելով, սայրով շրջվում է մոտ կանգնած հարևանի դեմ: Մնում է միայն հուսալ, որ Ադրբեջանում վաղ թե ուշ կգիտակցեն նման զոմբիֆիկացման տխուր հետևանքները:

Դիտվել է 1788 անգամ:
Print Friendly

Leave a Reply