Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է ստանալ շնորհավորական ուղերձներ վերընտրվելու կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 27, 2013 22:40

Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը:
«Մեծարգո պարոն Նախագահ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
Գերմանիայի Դաշնային կառավարությունը կշարունակի իր նպաստը բերել Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ լավ հարաբերությունների խորացմանը և հանդես գալ հօգուտ Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի հետ Եվրամիության համագործակցության սերտացման:
Համոզված եմ, որ խիզախ քայլերով կհաջողվի բարելավել Հայաստանի հարաբերություններն իր հարևան երկրների հետ ինչպես արևելքում, այնպես էլ արևմուտքում:
Մաղթում եմ Ձեզ երջանկություն և հաջողություն Ձեր պաշտոնավարման ընթացքում»,-ասված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլերի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
«Վստահ եմ, որ դուք հետամուտ կլինեք բարեփոխումների շարունակական գործընթացին, որին Դուք և Ձեր երկիրն արդեն իսկ հանձնառու եք` ապահովելու նրա ժողովրդավարական կայունությունը, ինչպես նաև օրենքի գերակայության և մարդու իրավունքների լիարժեք հարգումը Հայաստանում:
Կարող եմ վստահեցնել Ձեզ, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել Ձեզ այդ ջանքերի իրականացման հարցում, մասնավորապես 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի շարունակական իրագործման միջոցով:
Ես անհամբեր սպասում եմ մեր հետագա համագործակցությանը և ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի առաջիկա նախագահությանը»,-ասված է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուղերձում:

Դիտվել է 767 անգամ:
Print Friendly

Leave a Reply