«Լույս»-ից գողացված պայուսակներում հարուստ ավար է եղել

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | February 26, 2013 17:11

2012թ. հոկտեմբերի 5-ին` ժամը 14:53-ից մինչև 14:55-ը ժամանակահատվածում, Երևանի Զ. Սարկավագի թիվ 117 շենքի 1-ին հարկում գտնվող «Լույս» խանութի թիվ 3 պահեստարանի դուռը հարմարեցված բանալու միջոցով բացվել և այնտեղից կատարվել է գողություն:

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով վերոնշյալ գողության առնչությամբ 2012թ. դեկտեմբերի 24-ին որպես մեղադրյալ է ներգրավվել է մայրաքաղաքի բնակիչ, 1948թ. ծնված Հակոբ Սարգսյանը: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր` Արմեն Խաչատրյան) փետրվարի 22-ի դատավճռով ամբաստանյալ Հակոբ Սարգսյանին մեղավոր է ճանաչել հիշյալ հանցանքի կատարման մեջ և դատապարտել տուգանքի` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500 000 դրամի չափով:

Դատաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Հակոբ Սարգսյանն ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2012թ. հոկտեմբերի 5-ին` ժամը 14:53-ից 14:55-ը ժամանակահատվածում, Զ. Սարկավագի թիվ 117 շենքի 1-ին հարկում գտնվող «Լույս» խանութի թիվ 3 պահեստարանի դուռը հարմարեցված բանալու միջոցով բացելով, ապօրինի մուտք է գործել ներս և այնտեղից գաղտնի հափշտակել Գենյա Սահակյանին և Ռուզաննա Հարությունյանին պատկանող թվով երկու հատ պայուսակներ: Երևի մոտավոր իմացել է, թե դրանց մեջ ինչ կա, իսկ պայուսակներում, իրոք, լուրջ արժեքներ են եղել:

Հիշյալ պայուսակներում, ըստ մեղադրական եզրակացության, եղել է 80 000 դրամ գումար, 6585 դրամին համարժեք 500 ռուսական ռուբլի, 407 դրամին համարժեք 1 ԱՄՆ դոլար, 25 000 դրամ արժողությամբ «NOKIA» տեսակի «TVE71» մոդելի, 14 000 դրամ արժողությամբ «SAMSUNG» տեսակի «SGH-E250i» մոդելի, 13 000 դրամ արժողությամբ «NOKIA» տեսակի «1616» մոդելի, 25 000 դրամ արժողությամբ «NOKIA» տեսակի, 7000 դրամ արժողությամբ «Beeline» տեսակի բջջային հեռախոսներ, բանալիների խրձեր` 3000 դրամ ընդհանուր արժողությամբ, 3000 դրամի ՀՀ մետաղադրամներ, 3000 դրամ ընդհանուր արժողությամբ հեռախոսի երկու պատյան, 3000 դրամ ընդհանուր արժողությամբ հեռախոսների սնուցման սարքեր, 9500 դրամ ընդհանուր արժողությամբ երկու հատ ֆլեշ-քարտ, 4000 դրամ արժողությամբ համակարգչի լար, 3500 դրամ ընդհանուր արժողությամբ անձնագրի ու բանկային քարտերի տուփեր, 1400 դրամ ընդհանուր արժողությամբ երկու հատ «Kingston» տեսակի հիշողության կրիչի փոխադրիչներ և մեկ հատ հիշողության կրիչի USB ընթերցման սարք:

Պայուսակներում եղել են նաև 11 500 դրամ ընդհանուր արժողությամբ կանացի երկու վերնաշապիկ, 20 000 դրամ արժողությամբ մեկ զույգ կանացի կոշիկ, 21 000 դրամ ընդհանուր արժողությամբ թվով 2 հատ փոքր պայուսակներ` իրենց մեջ առկա կանացի հարդարանքի պարագաներով, 14 000 դրամ ընդհանուր արժողությամբ երկու կանացի պայուսակ, 30 000 դրամ արժողությամբ պռոտեզ, 19 000 դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի դեղեր, 10 500 դրամ ընդհանուր արժողությամբ անձնական և բժշկական տարբեր փաստաթղթեր: Այս ամենի գողությամբ Գ. Սահակյանին և Ռ. Հարությունյանին պատճառվել է 327 392 դրամ ընդհանուր գումարի գույքային վնաս:

Ամբաստանյալ Հակոբ Սարգսյանն, ընդունելով առաջադրված մեղադրանքը, դատարանին խնդրել է դատական քննությունն արագացված կարգով անցկացնել` նշելով, որ տվյալ միջնորդությունը ներկայացնում է կամավոր, իր պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո և գիտակցում է իր կողմից ներկայացված միջնորդության բնույթն ու հետևանքները:

Փետրվարի 22-ի դատավճռով  նշանակված պատժի կատարման համար դատարանը նշանակել է մոտ մեկ տարի ժամանակ և ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի կարգով, նշանակված տուգանքի վճարման համար ժամկետ սահմանել մինչև 2014 թվականի փետրվարի 1-ը:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply