Կկայանա «Հայերենն իմ սրտում է» խորագրով համահայկական երիտասարդական համաժողով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 23, 2013 11:42

Ապրիլի 22-24-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կկայանա «Հայերենն իմ սրտում է» խորագրով համահայկական երիտասարդական համաժողովը: Այս մասին տեղեկացնում են նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախօրեին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են շուրջ երեսուն երիտասարդական, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու անդամներ, տարբեր գերատեսչություններից ներկայացուցիչներ:

Նախարար Հ. Հակոբյանը կարևորել է համաժողովի անցկացման փաստն ու նպատակը, հանգամանքը, որ համաժողովի ընթացքում թեմատիկ քննարկումների միջոցով բարձրաձայնվելու են համահայկական նշանակության հիմնախնդիրները, առաջադրվելու են դրանց նոր լուծումները: «Մենք պետք է մշտապես ոգևորենք ու արթուն պահենք Սփյուռքը, կոչ անենք դեպի արմատներին վերադառնալ, հակառակ պարագայում կարագացնենք ուծացման գործընթացները»,-ասել է նա:

Նախարարը ևս մեկ անգամ ներկայացրել է այն օբյեկտիվ պատճառներն ու հանգամանքները, որոնք սպառնում են հայկականությանը, հայ մնալուն. «Համաշխարհայնացումը կլանում է ազգությամբ հայ երիտասարդներին, նրանք կուլ են գնում այն հասարակությանը, որում ապրում են: Երիտասարդը հայ կմեծանա այն դեպքում, երբ Հայրենիքն իրական է տեսնում: Այս գործում կարևոր են երկու հանգամանք՝ այցելություն Հայաստան և հպարտության արժանի հայորդիների օրինակների առկայություն»:

Խորհրդակցության ընթացքում բարձրացվել են մի շարք գաղափարական հարցադրումներ, որոնցով կհստակեցվի համաժողովի օրակարգն ու ծրագիրը, կազմակերպչական հարցեր:
Հանդիպման ավարտին որոշվել է առանձնացնել համեմատաբար փոքր խմբեր, որոնք կքննարկեն և կկանոնակարգեն համաժողովի առանձին բաժինների աշխատանքը:

Դիտվել է 1331 անգամ:
Print Friendly

Leave a Reply