Բեյրութում տեղի է ունեցել Մատենադարանի հին ձեռագրերի ցուցահանդեսի բացումը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 3, 2010 0:22

Ս.թ. ապրիլի 1-ին Բեյրութի ՅՈՒՆԵՍԿՕի սրահում տեղի է ունեցել Մատենադարանի հին ձեռագրերի ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Լիբանանի մշակույթի նախարարության եւ Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով, իրականացվում է «Բեյրութը որպես համաշխարհային գրքի մայրաքաղաք 2009» ծրագրի եզրափակիչ միջոցառումների շրջանակներում: Լիբանանի եւ Հայաստանի օրհներգներից հետո բացման խոսքով հանդես է եկել Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը:

Նա ընդգծել է հայլիբանանյան մշակութային համագործակցության կարեւորությունը, ներկայացրել մանրամասներ Մատենադարանի մասին, նաեւ Հայաստանի կառավարության երախտագիտությունն է հայտնել Լիբանանի մշակույթի նախարարությանը աջակցության համար: Լիբանանի մշակույթի նախարարի ներկայացուցիչ, «Բեյրութը որպես համաշխարհային գրքի մայրաքաղաք 2009» ծրագրի գլխավոր համակարգող Լեյլա Բարաքաթը ողջունել է ծրագրում Հայաստանի մասնակցությունը, նշել Լիբանանի հայ համայնքի դերակատարության նշանակությունը երկրի հասարակական կյանքում: Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գեւորգ ՏերՎարդանյանը ներկայացրել է մանրամասներ 19 հին ձեռագրերի մասին: Միջոցառման ընթացքում ցուցադրվել են լուսանկարներ եւ տեսաֆիլմ Հայաստանի մասին, հնչել է հայկական դասական երաժշտություն:

Ցուցահանդեսին ներկա էին պաշտոնյաներ Լիբանանի կառավարությունից, հոգեւոր հայրեր, հայազգի նախարարներ եւ պատգամավորներ, դեսպաններ, մշակույթի գործիչներ, հայ համայնքի, ինչպես նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ

Դիտվել է 2243 անգամ:
Print Friendly

Leave a Reply