Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատում ղարաբաղյան շարժման եւ Սումգայիթի ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված սեմինար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2013 17:03

2013թ. փետրվարի 20-ին Պրահայում Հայաստանի դեսպանության, Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Րոբին Բյոհնիշի եւ «Դիվերբիում» քաղաքացիական ընկերակցության նախագահ Պավլա Տրուհլարովայի նախաձեռնությամբ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատում անցկացվեց ղարաբաղյան շարժման եւ Սումգայիթի ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված սեմինար-կինոդիտում:
Նախ, ներածական ելույթով հանդես եկավ պարոն Բյոհնիշը: Նա նշեց, որ Չեխիան ցանկանում է բարեկամական հարաբերություններ զարգացնել հարավկովկասյան բոլոր պետությունների հետ եւ դա հաջողվել է այն պատճառով, որ Չեխիան հավասարակշռված դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության հարցում, որը հաստատուն է մնում անկախ ամեն ինչից։ Նա հայտնեց, որ երբեմն խորհրդարանականների դիրքորոշումները եւ հայտարարությունները չարաշահվում են, ինչը տեղի ունեցավ նաեւ երեկ, երբ ադրբեջանական մամուլը հրապարակեց հայտնի բանաձեւը՝ նախքան դրա պաշտոնապես ուժի մեջ մտնելը եւ կոմիտեի (արտաքին հարաբերությունների կոմիտե) կողմից հրապարակելը
Այնուհետեւ ծավալուն ելույթ ունեցավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Նա նախ ներկայացրեց ղարաբաղյան շարժման սկիզբը, երբ, ի պատասխան խաղաղ ցույցերի, ադրբեջանցիներն իրականացրին Սումգայիթի ջարդերը եւ մի շարք այլ բռնություններ, ինչպես նաեւ՝ պատերազմ սկսեցին: Այս պատերազմը, որն ամենաարյունալին էր հետխորհրդային տարածքում, ունեցավ տասնյակ հազարավոր զոհեր:
Այնուհետեւ, դիմելով դահլիճում ներկա չեխ պատգամավորներին, ՀՀ դեսպանն անդրադարձավ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի՝ Խոջալուի իրադարձություններն աղավաղող միակողմանի բանաձեւին: Դեսպանը շեշտեց, որ Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում հակահայ ռասիստական եւ ռազմատենչ քարոզչության վրա, առանց խտրականության օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները: «Այդ քարոզչության պտուղներն այսօր, ցավոք, կարելի է ճաշակել նաեւ Չեխիայի Հանրապետությունում», – նշեց նա: «Որոշ պատգամավորներ, առանց հաշվի առնելու պատմական իրողություններն ու փաստերը, որի վկան է դահլիճում գտնվող ողբերգության ականատես չեխ լրագրող Դանա Մազալովան, ընդունել են ադրբեջանամետ մի հայտարարություն, որը ձեռնտու է միայն Ադրբեջանին` մի երկրի, ուր հայատյացությունը եւ ռասիզմը պետական քաղաքականություն են, ուր հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ կան, ուր հերոսացվում է դաժան ոճրագործ Սաֆարովը, ուր հայկական ջարդերի մասին ճշմարտությունն ասած եւ համերաշխության կոչ արած հայտնի գրող Աքրամ Այլիսլիին պետական մակարդակով հալածում եւ պարսավում են», – շարունակեց դեսպանը:
Դեսպանի ելույթից հետո ցուցադրվեցին հատվածներ «Սումգայիթ. սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմից, այնուհետեւ՝ բուլղարացի լրագրող եւ հրապարակախոս Ցվետանա Պասկալեւայի «Իմ սիրելի ողջեր ու զոհվածներ» ֆիլմը։
Ֆիլմի դիտմանը հաջորդեց Ցվետանա Պասկալեեւայի խոսքը, որտեղ նա ներկայացրեց, թե ինչպես է հայտնվել Ղարաբաղում` նշելով, որ իրադարձությունները եւ ճշմարտությունը ստիպեցին մնալ Արցախում եւ լուսաբանել հերոսական ժողովրդի պայքարը: Պասկալեւան հորդորեց պատգամավորներին որեւէ որոշում ընդունելուց առաջ լավ ուսումնասիրել փաստերը: «Եթե Չեխիան ցանկանում է ապացուցել, որ չեզոք երկիր է ղարաբաղյան հակամարտությունում, նույն հանձնաժողովը պետք է սումգայիթյան ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունի», – շեշտեց վավերագիրը: Ցվետանա Պասկալեւան նշեց նաեւ, որ ղարաբաղյան պատերազմի մասին իր վավերագրական ֆիլմերը աշխարհի քաղաքական գործիչներին ուղղված կոչեր են՝ քաղաքական ցինիզմի փոխարեն քաղաքական կամք դրսեւորելու եւ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակը: Միայն դրանից հետո հայերն ու ադրբեջանցիները կկարողանան համերաշխ ապրել` իբրեւ լավ հարեւաններ:
Այնուհետեւ ելույթ ունեցավ Չեխիա-Թուրքիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ, արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, պատգամավոր Վացլավ Կուբատան, ով հայտարարեց, որ կոմիտեն նպատակ չի ունեցել ընդունելու կողմերից մեկին պաշտպանող բանաձեւ, այլ պարզապես ցանկացել է դատապարտել խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունները։ Նա ընդունեց, որ բանաձեւն այս տեսքով իր նպատակին չի ծառայում, այն ընդունվել է հապճեպ՝ առանց պատշաճ կերպով փաստերն ուսումնասիրելու եւ կարիք ունի լրացուցիչ քննարկումների:
Միջոցառման ավարտին ելույթով հանդես եկավ նաեւ չեխ լրագրող Դանա Մազալովան, ով վերստին, իբրեւ Խոջալուի իրադարձությունների ականատես, հերքեց ադրբեջանական ապատեղեկատվությունը եւ դատապարտեց արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմնակալ հայտարարությունը:
Սեմինարին ներկա էին նաեւ Չեխիայի հայ համայնքի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, պատգամավորներ, Պրահայի հայ, հրեական եւ ադրբեջանցի համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply