Ինչից են վախենում մեր երեխաները. մահվան ու միայնության վախ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 26, 2013 15:00

Մանկական վախերում են մեր հասուն բարդույթների արմատները: Ուստի, որքան շուտ կարողանանք ազատվել դրանցից,  օգնենք մեր փոքրիկներին, այնքան առողջ ու վստահ կարող են մեծանալ մեր երեխաները: Մենք ապրում ենք մեր մեծական կյանքով ու հազվադեպ մտածում երեխաների վախերի մասին: Երբեմն էլ ծիծաղում ենք` նրանց օգնելու, լսելու և հասկանալու փոխարեն:

Մեծերս միշտ զբաղված ենք մեր խնդիրներով, իսկ ի՞նչ անեն փոքրիկներն իրենց խնդիրների հետ:

Մինչդեռ մեծերս պարզապես պարտավոր ենք հասկանալ նրանց վախերի պատճառը: Երեխաներին հաճախ հատուկ են մահվան, միայնության, մթության (հատկապես), տարբեր կենդանիների ու հեքիաթային հերոսների (բացասական) նկատմամբ վախերը: Ուրեմն ինչի՞ց են փոքրիկների մեծ վախերն առաջանում: Անկարողությունից: Երեխան իրեն փոքր է զգում ու անկարող, վախենում է , թե իրական վտանգի դեպքում ինքը ոչինչ չի կարողանա անել: Մթության վախն այդ շարքում ամենահաճախ հանդիպող տեսակն է: Ու հաճախ այն երեխային ուղեկցում է ողջ կյանքում ` հասուն տարիքում վերածվելով ֆոբիայի կամ էլ նևրոզի: Երեխային պետք է բացատրել, որ նա  մենակ չէ իր զգացման մեջ, հիշել անձնական կյանքից նմանատիպ դրվագներ, որ պատահել են ձեզ հետ մանուկ հասակում ու պատմել, որ հասունանալով հասկացել եք, թե որքան անհիմն են եղել այդ երկյուղները: Վախը հաղթահարելու տարբեր միջոցներ կան, սակայն ճիշտն այն կլինի, որ երեխան ինքնուրույն  գտնի «իր դևերին» հաղթելու ձևը: Դրա համար գուցե առաջարկեք, որ նա  փորձի նկարել այն  երևակայական կերպարները, որոնցից վախենում է մթության մեջ, իսկ դրանից հետո պարզապես պատռել թուղթը: Կամ  էլ, ասենք` խաղի ժամանակ կարելի է իբր պատահաբար խաղալիքը գլորել մութ անկյուն, սենյակ, ապա  խաղալիքի ետևից կանչել երեխային և խաղ կազմակերպել մթության մեջ:

Եթե երեխային ծննդյան գաղտնիքն ինչ-որ կերպ էլի հասկանալի է, ապա մահվան նկատմամբ վախը հասունանում է 6-7 տարեկանում: Այդ վախն արտաքուստ հազվադեպ է դրսևորվում: Սարսափելի երազները, կրակի, ներարկումների, հիվանդանալու վախը , բոլորը մեկ դեմք ունեն` մահվան վախ: Չպետք է ծաղրել նրան դրա համար, քանի որ վախից բացի, նրա մեջ նաև վիրավորանք կառաջանա, ու նա կխուսափի շփումից:  Մատչելի, հասկանալի կերպով բացատրեք, որ մահն անխուսափելի է, որ մարդիկ սովորաբար երկար են ապրում: Երեխան հաճախ մենակ մնալուց է վախենում: Նա սարսափում է ծնողներին կորցնելու մտքից: Երբեմն ինքներս ենք նրանց վախերը սնում` առանց գիտակցելու: Օրինակ` հաճախ ենք ասում` շարֆ փաթաթիր, թե չէ կմրսես, ջրի մեջ խորը չգնաս` կխեղդվես: Երբեմն երեխան, հավատալով  մեր խոսքին ու զգուշանալով, փորձում է ինքն իրեն փորձանքներից պաշտպանել: Ու երբ ինքներս ենք բաց վզով ձմռանը դուրս գալիս կամ լուցկի վառում, երեխաները սկսում են մեզ համար վախենալ: Ուստի նրանց հարկավոր է բացատրել, թե ինչը ինչի համար է արվում, որ փոքրիկը չտագնապի: Չի կարելի ոչ մի դեպքում գիտակցաբար երեխային վախեցնել, ասենք` եթե քեզ լավ չպահես` կգնամ, եթե անկարգություն անես` էլ չեմ սիրի: Այդպիսով մենք երեխային զրկում ենք մեր  պաշտպանությունից ու աջակցությունից: Նա սկսում է մտածել, որ ծնողներն իրեն չեն սիրում, ու դրանից փխրուն հոգեկանը կրկին սասանվում է: Դրա փոխարեն հարկավոր է ասել. «Ես քեզ սիրում եմ, բայց այդ արարքով դու մի քիչ ինձ վշտացնում ես»: Հարկավոր է նստել երեխայի կողքին, քննարկել խնդիրը ու եզրահանգում կատարել: Միշտ էլ հետաքրքիր է, թե ինչով է ապրում երեխան, ինչ է մտածում, ինչն է նրան հուզում, ու օգնել նրան, հենարան դառնալ նրա համար: Թերևս դա է մեր` ծնողներիս գլխավոր պարտականությունը

Դիտվել է 1385 անգամ:
Print Friendly

Leave a Reply