ՍՄԲԱՏ ԳՈՒՆԴՍՏԱԲԼ. մեծ զորավարն ու մեծ մտածողը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 27, 2013 7:22

Կիլիկյան Հայաստանի XIII դարի անվանի քաղաքական, ռազմական ու դիվանագիտական գործիչներից է Սմբատ Գունդստաբլը: Գունդստաբլ տերմինը ֆրանսերեն է և նշանակում է զորքերի գլխավոր հրամանատար` սպարապետ: Կիլիկյան Հայաստանում սպարապետության գործակալությունն առաջինն էր, և հայոց սպարապետը, ըստ էության, պետության երկրորդ անձն էր թագավորից հետո: Սակայն Սմբատ սպարապետը պատմությանն ավելի շատ հայտնի է ոչ թե որպես զորավար, այլ` իրավաբան, պատմիչ և դիվանագետ: Նրա ստեղծած «Դատաստանագիրքը» մեծ հետք է թողել հայ և եվոպական իրավունքի պատմության մեջ: Սմբատ սպարապետը նաև պատմագիր էր և նրա գրած «Տարեգիրքը» ժամանակի ամենաարժանահավատ սկզբնաղբյուրներից է:

Սմբատ սպարապետը Հեթումյան նշանավոր տոհմից էր: Հեթումյանները ծագումով Արցախից էին և Կիլիկիայում հաստատվել էին դեռևս XI դարում: Բագրատունյաց թագավորության անկումից հետո, երբ 1080 թ. Կիլիկիայում հայկական անկախ իշխանություն հաստատվեց, շատ հայկական ազնվական գերդաստաններ և իշխանական տներ լքեցին հայրենիքը և հաստատվեցին Լեռնային Կիլիկիայում: Նրանցից էր նաև Հեթումյանների տոհմը:

Ի սկզբանե անառիկ Լամբրոն ամրոցին տիրող Հեթումյանները Կիլիկիայում իշխող Ռուբինյանների նկատմամբ ընդդիմադիր կեցվածք էին որդեգրել: Վիճակը փոխվեց Լևոն Բ Մեծագործի կառավարման տարիներին (1187-1219): Հայոց արքան կարողացավ իր շուրջը համախմբել Կիլիկիո կարող ուժերին, ջախջախել արտաքին և ներքին թշնամիներին և երկիրը հռչակել թագավորություն: Լևոն Բ-ի մահից հետո հայոց գահն անցավ նրա մանկահասակ դստերը` Զապելին: Լևոն Բ արքան Զապելի խնամակալ նշանակեց իր զորավարներից Կոստանդին Գունդստաբլին, որն էլ հետագայում Զապելին ամուսնացրեց իր ավագ որդու` Հեթումի հետ: Հեթումը թագավորեց Կիլիկիայում 1226-1270 թթ.` հիմք դնելով Հեթումյան արքայական դինաստիային, իսկ իրենից հետո հայոց զորքի սպարապետությունը հանձնեց երկրորդ որդուն` 18-ամյա Սմբատին:

Սմբատ սպարապետը ծնվել է 1208 թ.: Նա բազմիցս հայոց բանակն առաջնորդեց հաղթական ճակատամարտի: Սմբատ սպարապետն ի պաշտոնե Մեծ դարպասի անդամ էր, որ փաստորեն Կիլիկյան թագավորության գերագույն ատյանն էր և Դիվանը:

Սմբատ սպարապետը նաև հմուտ դիվանագետ էր: 1236 թ. մոնղոլները, արշավելով արևելք, գրավեցին Հայաստանը` հրի ու սրի մատնելով երկիրը: Մոնղոլական աշխարհակալ կայսրությունն իր առջև նպատակ էր դրել ողջ արևմուտքի նվաճումը, և նրա ճանապարհին կանգնած էր նաև Կիլիկիայի թագավորությունը: Իրենց գլխավոր թշնամի եգիպտական մամլուքներին նվաճելու համար մոնղոլների համար կարևոր էր արևմուքում հուսալի դաշնակից ունենալ: Դա լավ ըմբռնեց Սմբատ սպարապետը, որ ճանապարհ էր որոնում մոնղոլների հետ բանակցություններ սկսելու համար:

1243 թ. Սմբատ սպարապետը, չցանկանալով բաց առճակատման գնալ մոնղոլական ահեղ կայսրության հետ, դիվանագիտության դիմեց և բանակցություններ սկսեց մոնղոլ զորավար Բաչու Նոյինի հետ: Հայ-մոնղոլական հարաբերությունների հարցով գալով նախնական համաձայնության` Սմբատ սպարապետը 1248 թ. ուղևորվեց մոնղոլների մայրաքաղաք Կարակորում`  բանակցելու Մեծ խանի հետ և նախապատրաստելու ավագ եղբոր` հայոց թագավոր Հեթում Ա-ի այցը Կարակորում:

Նախնական պայմանագիր կնքելով Մեծ խանի հետ` Սմբատ սպարապետը 1253 թ. եղբորը` Հեթում Ա-ին ուղեկցեց Կարակորում, որպեսզի վերջինս վավերացնի հայ-մոնղոլական դաշինքը: Իսկ այդ դաշինքը բավական ձեռնտու էր Կիլիկյան Հայաստանի համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ մոնղոլներն առանց հայոց արքայի թույլտվության մուտք չեն գործի Կիլիկիայի թագավորության սահմաններ, և հայերն ու մոնղոլները պատերազմի դեպքում փոխադարձ զինվորական օգնություն կցուցաբերեն միմյանց: Սմբատ սպարապետը չէր մոռացել նաև բուն Հայաստանը: Տեսնելով պատմական հայրենիքի թշվառ վիճակը` նա միջնորդեց մոնղոլական Մեծ խանին թեթևացնել Հայաստանի հարկային բեռը:

Այս պայմանագիրը, ինչ խոսք, շատ ձեռնտու էր Կիլիկիայի թագավորության համար և այն ժամանակների համար առավելագույնն էր, ինչին կարող էին հասնել հայերը: Պայմանագրի արդյունքում Կիլիկիայի թագավորությունը, ի հեճուկս Եգիպտոսի մամլուքների, խաչակիր օրդենների և սելջուկյան սուլթանությունների, ձեռք էր բերում հզոր դաշնակցի:

Ըստ էության` Հեթում Ա-ի կառավարման տարիներին երկրի փաստացի իշխանությունը գտնվում էր հենց Սմբատ սպարապետի ձեռքին:

1265 թ. Սմբատ սպարապետը գրեց Կիլիկիայի թագավորության օրենսգիրքը` «Դատաստանագիրքը»: Քանի որ Կիլիկիայի հայկական թագավորությունն իր հասարակարգով և կառուցվածքով շատ նման էր եվրոպական պետություններին, Սմբատ սպարապետի «Դատաստանագիրքն» էլ իրենից ներկայացնում էր տեղական սովորույթների և օտար օրենքների միաձուլվածք: Դա պայմանավորված էր նաև նրանով, որ Կիլիկիայի թագավորության մեջ հայերից զատ մեծ թիվ էին կազմում նաև հույները, բյուզանդացիները, մահմեդականները, ֆրանսիացիները, իտալացիները, զանազան երկրներից այստեղ հայտնված խաչակիրները:

Իր «Դատաստանագիրքը» գրելիս, բնականաբար, Սմբատ սպարապետը հիմք է ունեցել Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»:

Սմբատ սպարապետի «Դատաստանագրքում» հետաքրքիր մանրամասներ կան դատական համակարգի բոլոր ոլորտների վերաբերյալ: Նրանում անգամ անդրադարձ կա դատական բժշկությանը: Այդ օրենսգրքում տեղ են գտել ժամանակին բնորոշ բոլոր հանցագործությունները. սպանություն, բռնաբարություն, կողոպուտ և այլն, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված է հստակ պատիժ:

Սմբատ սպարապետը իր գիրքը գրել է միջին հայերենով: Իր աշխատության նախաբանում նա նշում է, որ հին հայերենը դժվար լեզու է և ոչ հասանելի բոլորին, այդ պատճառով իր գործն արել է, որպեսզի այն հասանելի լինի:

«Դատաստանագրքից» զատ արժեքավոր է նաև Սմբատ սպարապետի «Տարեգիրքը»: Իր աշխատության մեջ նա անդրադարձել է ժամանակի հասարակական-քաղաքական կյանքին, բարքերին: Մանրակրկիտ անդրադարձ կա հայ-մոնղոլական, հայ-վրացական, հայ-բյուզանդական հարաբերություններին, նա իր «Տարեգրքում» բերում է խաչակիրների վայրագ ու արկածախնդիր քաղաքականությունն Արևելքում: Հատուկ անդրադարձ կա  ժամանակի տնտեսական և հասարակական-քաղաքական հարաբերություններին: Սմբատ սպարապետի «Տարեգիրքը» արժեքավոր աշխատություն է միջնադարի պատմության ուսումնասիրման համար և բազմիցս հրատարակվել ու թարգմանվել է օտար լեզուներով:

Սմբատ սպարապետը ժամանակի ուսյալ անձանցից էր, տիրապետում էր բազում լեզուների: Դեռևս մինչ «Դատաստանագրքի» ստեղծումը նա ֆրանսերենից թարգմանեց Անտիոքի դքսության օրենքների ժողովածուն` «Անտիոքի ասիզները»:

Նա նաև ստեղծագործում էր. նրա գրչին են պատկանում բազում չափածո գործեր: Նշանավոր է նրա «Ի ճաշոց գրիս» պոեմը` նվիրված Սև լեռներում հայոց բանակի մղած Մառի ճակատամարտին:

Մեծ զորավարն ու մեծ մտածողը զոհվեց 1276 թ. Սարվանդիքարի ճակատամարտում:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 6363 անգամ:
Print Friendly

Leave a Reply