Դատապարտյալն էլ է մարդ, բայց պայմանները…

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | February 21, 2013 10:50

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագիտական աշխատանքային խմբի անդամներն արձանագրել են, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գիշերային հերթափոխը կազմակերպվում է մեկ բժշկի և մեկ բուժակի կողմից, ինչն անհնարին է դարձնում տարբեր մասնաշենքերում գտնվող բաժանմունքներում հիվանդներին պատշաճ բուժօգնության տրամադրումը: Ընդ որում, ՄԻ պաշտպանի աշխատակազմի փորձագիտական աշխատանքային խմբի այցելության պահին հաշվառված է եղել 46 ծանր և առանձնապես ծանր հիվանդ:

Քրեակատարողական հիմնարկում թափուր հաստիքների առկայության հարցը նույնպես մեծ խնդիր է. այդ աշխատանքների համար դիմող անձիք միառժամանակ աշխատելուց հետո, հրաժարվում են աշխատանքից, քանի որ աշխատավարձը չափազանց ցածր է, իսկ աշխատանքը` բավական ծանր ու վտանգավոր: Տեղեկացվում է նաև, որ հավելավճարով վարձատրվում են միայն բժշկական անձնակազմի այն բուժաշխատողները, որոնք վտանգավոր աշխատանք են կատարում (ինֆեկցիոն և նարկոլոգիական բաժանմունքների բուժաշխատողները` 100 տոկոս դրույքաչափով ավելի, տուբերկուլյոզային, հոգեբուժական, ռենտգենոլոգիական բաժանմունքների բուժաշխատողները` 50 տոկոս դրույքաչափով ավելի):

Մինչդեռ, ինչպես անհրաժեշտ են համարում նշել ՄԻ պաշտպանի գրասենյակից, չնայած վիրաբույժը վերոնշյալ անձանց բուժմանը չի մասնակցում, սակայն, անհրաժեշտության դեպքում, նրանց վիրահատությունները հենց ինքն է իրականացնում և, այնուամենայնիվ, հիշյալ արտոնությունից չի օգտվում: Այդ իսկ պատճառով, փորձագիտական խմբի կարծիքով, ռիսկային խմբի մեջ պետք է ներառվեն նաև վիրաբույժները, ատամնաբուժական ծառայության աշխատակիցները, ինչպես նաև ծառայողական ոչ բժշկական անձնակազմը (հսկիչը և այլն):

Վիճակագրական տվյալների համաձայն` հիվանդանոցում, անցած տարիների համեմատությամբ, ավելացել է թմրանյութերից կախվածությամբ հիվանդների թիվը: Ավելացել է նաև ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը, որը ներկա պահին 21 է, տուբերկուլյոզով հիվանդների թիվը՝ 38:

Ավելին. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի շենքը չունի կենտրոնացված ջեռուցում, հիվանդասենյակները ջեռուցվում են էլեկտրական սալիկներով, որոնք շատ տարբեր են` կախված կարգավիճակից:

Աշխատանքային խմբի հետ առանձնազրույցի ընթացքում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի որոշ դատապարտյալներ գանգատվել են խցերի պայմաններից` նշելով, որ իրենց հիվանդասենյակում միջատներ են վխտում, իսկ իրենց թույլ չեն տալիս որևէ դեղ բերել, քանի որ սենյակակիցը ինքնասպանության փորձ է արել` խմելով այդ դեղերից, սակայն վարչակազմն էլ որևէ միջատասպան գործողություն չի նախաձեռնում:

ՔԿՀ-ում չկա գործող գրադարան, իսկ նախկինը գտնվում էր վիրաբուժական մասնաշենքի նկուղում, որտեղ մտնելն անհնարին է:

Խնդիր է նաև խոհանոցի հարցը, որը գտնվում է շենքից դուրս, մեկ այլ մասնաշենքում, և ձմռան ամիսներին կամ վատ եղանակին դատապարտյալներն` անկախ հիվանդության տեսակից, պետք է սնունդը տաքացնելու համար հասնեն խոհանոց: Դեպքեր են եղել, երբ ձմռանը դատապարտյալը սայթաքել է և կոտրել մարմնի որոշ մասեր:

Փորձագիտական աշխատանքային խումբը հիշյալ հաստատությունում առկա մյուս խնդիրներն առավել մանրամասն ուսումնասիրելու նպատակով, ևս մեկ անգամ կայցելի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 2184 անգամ:
Print Friendly

Leave a Reply