ԱՆ. Հայաստանում գրիպի համաճարակ չկա

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | February 21, 2013 10:41

Վերջին շաբաթվա ընթացքում, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, եվրոպական տարածաշրջանի երկրների մեծ մասում դիտվել են գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով դիմելիության բարձր ցուցանիշներ՝ գրիպի վիրուսների բարձր հայտնաբերմամբ: Հիվանդացության ակտիվությունը տարածվում է եվրոպական տարածաշրջանի արևմուտքից արևելք: Հիմնականում շրջանառում է հիմնականում գրիպի Ա (H1N1)պնդ ենթատեսակը: Նշված ենթատեսակի բարձր ախտորոշում արձանագրվում է ստացիոնարներ ընդունված ծանր սուր շնչառական վարակներով հիվանդների շրջանում ևս:

2013 թվականի նույն ժամանակահատվածում տարածաշրջանում շրջանառող վիրուսի բնույթը նույնն է, ինչ անցած շաբաթների ընթացքում: Եվրոպական տարածաշրջանի երկրներում արձանագրվում է թե´ գրիպի Ա (H1N1)պնդ, թե´ գրիպի Ա (H2N3) ենթատեսակները և թե´գրիպի Բ տեսակը:

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի երկրներին՝ Վրաստան, Թոււրքիա, Ռուսաստանի Դաշնություն, Ադրբեջան, ապա համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, նշված երկրներում դիտվում է սուր շնչառական վարակների և գրիպի միջին ինտենսիվություն:

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է: Դիտվում է սեզոնային բնականոն ընթացք: Սուր շնչառական վարակների հիվանդացությունը 2013 թվականի ընթացքում, համաձայն հանրապետությունում իրականացվող մոնիտորինգի տվյալների, 2012 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է մոտ 1,1 անգամ:  Սեզոնի ընթացքում իրականացվող շաբաթական մոնիտորինգի տվյալների վերլուծությունը վկայում է, որ վերջին շաբաթվա ընթացքում նախորդ տարվա նույն շաբաթվա համեմատ հիվանդացությունը նվազել է գրեթե 1,5 անգամ:

Հանրապետությունում սեզոնի ընթացքում շրջանառում է գրիպի Ա (H1N1, H1N1պնդ, H2N3) և Բ տեսակները: Ինչ վերաբերում է գրիպի Ա H1N1պնդ ենթատեսակին՝ նախկինում խոզի գրիպին, ապա պետք է նշել, որ վերջինս, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարության, այլևս չունի 2009 թվականի պանդեմիկ ներուժը, և այն դասվում է որպես սեզոնային գրիպի ենթատեսակ: Գրիպի յուրաքանչյուր տեսակով կամ ենթատեսակով պայմանավորված հնարավոր է հիվանդության միջին և ծանր ընթացքով դեպքերի արձանագրում, ինչին կարող են նպաստել բժշկական օգնության ուշ դիմելը, ինքնաբուժմամբ զբաղվելը, ուղեկցող հիվանդությունների (հիվանդների առողջական վիճակ) առկայությունը, հիմնական (քրոնիկ) հիվանդությունների կլինիկական առանձնահատկությունները և այլն:

Ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբերի և ծանր սուր շնչառական վարակների առումով շարժը գնահատվում է օրինաչափ, քանի որ նշված ախտաբանությամբ հիվանդները կազմում են ամբողջ հիվանդների գրեթե 5-10%-ը: Եվ առկա հիվանդների վիճակը գնահատվում է բավարար, ունեն առողջացման դրական շարժընթաց, ստանում են համապատասխան բուժում:

ՀՀ առողջապահության նախարարության դիտարկման արդյունքները վկայում են, որ գրիպանման երևույթներով հիվանդների բժշկական օգնության դիմելիության ժամանակ հիվանդությունն ընթանում է թեթև, ենթարկվում է արագ բուժման՝ առանց բարդությունների, իսկ չդիմելու դեպքում բարդությունների առաջացման հավանականությունը մեծ է հատկապես խոցելի խմբերի շրջանում՝ քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք (սրտանոթային, շնչառական համակարգի և ուռուցքային հիվանդություններ, շաքարախտ, հղիներ և այլն:

Վերջին 15 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրված  մահվան երկու դեպքը պայմանավորված է հիվանդների բժշկական օգնության ուշ դիմելիությամբ և ուղեկցող հիվանդություններով:

Ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման բոլոր կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ հակավիրուսային դեղորայքով, և բժշկական ցուցման դեպքում այն անվճար կտրամադրվի հիվանդներին:

Հանրապետությունում շարունակվում են սեզոնային գրիպի դեմ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, իրականացվում է սուր շնչառական վարակների և գրիպի ամենօրյա մշտադիտարկում:

Գրիպից և դրա բարդություններից, սուր շնչառական վարակներից խուսափելու նպատակով  ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին դիմում է բնակչությանը.

  • Գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմեք բժշկական օգնության, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, կազմակերպե՛ք բժշկի այցը տուն
  • Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը
  • Անհարկի, առանց բժշկի ցուցման մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք    չեն օգնում վիրուսային ծագումնաբանությամբ հիվանդությունների ժամանակ
  • Մի՛ շփվեք գրիպանման երևույթներով հիվանդների հետ
  • Խստորեն հետևե՛ք անձնական հիգիենայի պահպանման կանոններին
  • Հագնվե՛ք եղանակին համահունչ
  • Պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը
  • Հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները:
Դիտվել է 2310 անգամ:
Print Friendly

Leave a Reply