«Գալա» հեռուստաընկերությունը դեռևս չի վստահում Ոստիկանությանը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | February 20, 2013 16:25

Այսօր Օմբուդսմենի Շիրակի տարածքային գրասենյակի ներկայացուցիչները այցելեցին «Գալա» հեռուստաընկերության Գյումրու գրասենյակ, որտեղ հանդիպեցին հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Վահան Խաչատրյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Ինչպես արդեն նշվել էր Պաշտպանի հայտարարության մեջ, ի թիվս այլ խնդիրների, Պաշտպանը մտահոգված էր ընտրությունների օրը «Գալա» հեռուստաընկերության կայքի խափանման համար։

Օմբուդսմենի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ «Գալա» հեռուստաընկերության սեփականատերը հրաժարվել է դիմում ներկայացնել Պաշտպանին՝ պատճառաբանելով, որ չի վստահում Ոստիկանությանը և կասկածում է, որ կպատժվեն այն անձինք, որոնք խափանել են լրատվամիջոցի բնականոն աշխատանքը։

Պաշտպանի աշխատակազմն այժմ ամփոփում  և վերլուծում է նախագահի ընտրությունների վերաբերյալ ստացված 253 ահազանգերը, որոնցից առանձնացվում են գոնե առերևույթ հիմնավոր ահազանգերը: Առերևույթ հիմնավոր ահազանգերի վերաբերյալ Պաշտպանը պատրաստում է գրություն ՀՀ Ոստիկանապետին։

Նպատակ ունենալով եղած ահազանգերի մանրազնին ուսումնասիրության արդյունքում վեր հանել և հանրությանը ներկայացնել ընտրախախտումների իրական պատկերը, ինչպես նաև նպաստել բոլոր հանցագործությունների բացահայտմանը՝ Պաշտպանը պատրաստ է գործակցել բոլոր պետական ու հասարակական կառույցների, ինչպես նաև առանձին անհատների հետ: Հուսանք, որ առաջիկա օրերին և շաբաթներին Ոստիկանության գերլարված, ակտիվ և օբյեկտիվ աշխատանքի արդյունքում հնարավորինս կփարատվի ոստիկանության հանդեպ եղած «Գալա» հեռուստաընկերության և այլ առանձին անձանց անվստահությունը, իսկ բոլոր կառույցներն ու անհատները կաջակցեն այդ աշխատանքին:

 

Դիտվել է 1854 անգամ:
Print Friendly

Leave a Reply