Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից, օտարերկրյա պետությունների ղեկավարներից

Պաշտոնական, Օրվա լուր | | February 19, 2013 23:27

ՀՀ նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո, ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից, օտարերկրյա պետությունների ղեկավարներից:
ՀՀ նախագահին վերընտրվելու առթիվ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այսօր այցելել և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր հայրապետական օրհնությունն է բերել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Վեհափառ հայրապետը Հանրապետության նախագահին նաև շնորհավորական ուղերձ է հղել: «Ընտրություններում Ձեր հաղթանակը վկայում է, որ մեր ժողովուրդը տեսնում է Հայաստանի առաջընթացի ու զարգացման հեռանկարը, վստահում է վերափոխումների Ձեր ծրագրերին և գնահատում այդ ուղղությամբ Ձեր ներդրած ջանքերն ու նվիրումը, Հայրենիքին ծառայության Ձեր անցած ուղին ու վաստակը»,- ուղերձում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բարեմաղթելով, որ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանը մեր երկրի համար լինի զարգացման բեկումնային ժամանակահատված, երբ մեր ժողովրդի կյանքը կընթանա անշեղ վերելքի ու բարգավաճման ուղիով և կհաղթահարվեն հիմնախնդիրներն ու դժվարությունները:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Սերժ Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձում ողջունել է նրա վերընտրությունը և այդ առիթով ևս մեկ անգամ վստահեցրել, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը միշտ զորավիգ կլինի և կքաջալերի Սերժ Սարգսյանին՝ ի նպաստ Հայաստանի հզորացման, Հայաստան-Սփյուռք գործակցության առավել սերտացման, Հայաստանի հարատև բարգավաճման և մեր ժողովրդի արդար իրավունքների վերատիրացման:
«Արդարև, Ձեր նախագահության առաջին շրջանում, հակառակ Հայաստանի դիմագրաված ներքին և արտաքին բազմաթիվ դժվարություններին, Ձեզ հաջողվեց Ձեր տքնաջան աշխատանքով, ամուր վճռակամությամբ ու ճկուն քաղաքականությամբ ոչ միայն շրջանցել մի շարք դժվարություններ, այլ նաև կարևոր իրագործումներով հարստացնել մեր հայրենիքի արդի պատմությունը: Վստահ ենք, որ Ձեր նախագահության երկրորդ շրջանում ևս պիտի ջանաք լավագույնս արդարացնել մեր ժողովրդի արտահայտած վստահությունը՝ առավել նախանձախնդրությամբ ու ամբողջական հանձնառությամբ կատարելով Ձեզ վստահված առաքելությունը»,-ասված է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ուղերձում:
Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս, Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն ևս շնորհավորական ուղերձ է հղել Նախագահ Սերժ Սարգսյանին: «Վստահ ենք, որ քվեարկողների մեծամասնության քվեների Ձեր անձի վրա կենտրոնացումը պատահական չէր, այլ դա որքան նրանց վստահության արդյունքն էր, նույնքան դեպի ապահով Հայաստանի ճանապարհի նրանց ակնկալիքները, որով պիտի հատկանշվի Ձեր առաջիկա հինգ տարիների պաշտոնավարման շրջանը»,-իր շնորհավորական ուղերձում նշել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս, Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն՝ վստահություն հայտնելով, որ Սերժ Սարգսյանը հաջողությամբ կիրագործի Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությամբ սահմանված համազգային նպատակները:

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply