Ի՞նչ է գործադուլը և որո՞նք են դրա հայտարարման հիմքերը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | February 21, 2013 7:00

  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասը տալիս է գործադուլի բնորոշումը, այն է. «Գործադուլը կոլեկտիվ աշխատանքային վեճի լուծման նպատակով մեկ կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի աշխատանքի լրիվ կամ մասնակի ժամանակավոր դադարեցումն է»:

Արհեստակցական միությունը ՀՀ աշխատանքային օրենսգրքով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում գործադուլ կազմակերպելու իրավունք ունի, եթե`

1) հաշտեցման գործընթացների արդյունքում կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի կնքման հետ կապված վեճը չի լուծվել,

2) գործատուն խուսափում է հաշտեցման գործընթաց իրականացնելուց,

3) գործատուն չի կատարում հաշտեցման հանձնաժողովի` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ընդունված աշխատողներին բավարարող որոշումը կամ նախօրոք կնքված կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:

Գործադուլ հայտարարելու մասին որոշում ընդունելու իրավունք ունի արհեստակցական միությունը` ՀՀ աշխատանքային օրենսգրքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով: Գործադուլը հայտարարվում է այն դեպքում, եթե այդ մասին որոշումը գաղտնի քվեարկությամբ հավանության է արժանացել`

1) կազմակերպությունում գործադուլ հայտարարելիս` կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի երկու երրորդի կողմից,

2) կազմակերպության առանձնացված (կառուցվածքային) ստորաբաժանումում գործադուլ հայտարարելիս` այդ ստորաբաժանման աշխատողների երկու երրորդի կողմից: Եթե կազմակերպության առանձնացված ստորաբաժանումում գործադուլ հայտարարելը խոչընդոտում է կազմակերպության մյուս ստորաբաժանումների բնականոն գործունեությունը, ապա գործադուլ հայտարարելու որոշումը պետք է հավանության արժանանա այդ ստորաբաժանման աշխատողների երկու երրորդի կողմից, որը չի կարող պակաս լինել կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի կեսից:

Կազմակերպությունում արհեստակցական միության բացակայության դեպքում գործադուլ հայտարարելու գործառույթները կազմակերպության աշխատողների ժողովի (համաժողովի) որոշմամբ փոխանցվում են համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը:

Արհեստակցական միությունը պարտավոր է նախատեսվող գործադուլի մասին գործատուին գրավոր տեղեկացնել գործադուլը սկսելու օրվանից առնվազն յոթ օր առաջ: Տեղեկացման հետ միաժամանակ գործատուին է ուղարկվում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունված որոշումը` կցելով առաջադրված պահանջները: Գործադուլ հայտարարելիս թույլատրվում է ներկայացնել միայն հաշտեցման ընթացակարգերի ժամանակ չբավարարված պահանջները:

Մինչև գործադուլ սկսելը կարող է կազմակերպվել նախազգուշական գործադուլ: Այն չի կարող շարունակվել երկու ժամից ավելի: Այդ գործադուլի մասին գործատուն պետք է գրավոր տեղեկացվի ոչ ուշ, քան երեք օր առաջ:

Երկաթուղային և քաղաքային հասարակական տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, կապի, առողջապահական, սննդի արտադրության, ջրամատակարարման, կոյուղու և թափոնների տեղափոխման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում, անընդհատ գործող արտադրությամբ կազմակերպություններում, ինչպես նաև այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքի դադարեցումը կարող է հասարակության կամ առանձին անձանց կյանքի և առողջության համար ծանր կամ վտանգավոր հետևանքներ ունենալ, գործադուլ անելու որոշում ընդունելու դեպքում գործատուն պետք է գրավոր ձևով նախազգուշացվի գործադուլը սկսելուց առնվազն տասնչորս օր առաջ:

Գործադուլ հայտարարելու որոշման մեջ նշվում են`

1) գործադուլ հայտարարելու համար հիմք համարվող պահանջները,

2) գործադուլը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը,

3) գործադուլը ղեկավարող մարմինը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված են նաև գործադուլ անցկացնելու սահմանափակումները, որոնք տարածվում են 75-րդ հոդվածում նշված մարմինների և ծառայությունների աշխատակիցների վրա: Այսպես, արգելվում է գործադուլ հայտարարել ոստիկանությունում, զինված ուժերում (դրան հավասարեցված այլ ծառայություններում), պահպանության ծառայություններում, ինչպես նաև կենտրոնացված էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման կազմակերպություններում, անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններում: Նման կազմակերպությունների և ծառայությունների աշխատողների առաջադրած պահանջները քննարկվում են սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում` համապատասխան արհեստակցական կազմակերպության և գործատուի մասնակցությամբ:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 2352 անգամ:
Print Friendly

Leave a Reply