«Թարգմանիչն ավելի տաղանդավոր պետք է լինի, քան հեղինակը»

Հարցազրույց | | February 17, 2013 10:37

Հարցազրույց ռումինահայ թարգմանիչ Սարգիս Սելյանի  հետ

-Հաճա՞խ եք  այցելում Հայաստան:

-Հիմնականում Թարգմանչաց  տոներին ու երբ կարոտս անչափ մեծ է  լինում:

-Բնագրի համն ու հոտն ընթերցողին հասցնելու համար ստեղծագործության բառացի թարգմանությունը բավարար չէ, այն պահանջում է նաև պատասխանատվության  զգացում: Ճի՞շտ է:

- Անշուշտ, թարգմանիչն ավելի  տաղանդավոր պետք է լինի, քան հեղինակը: Նա պետք է կատարյալ տիրապետի երկու լեզվի, լինի լեզվաբանության գիտակ, թարգմանի այնպես, որ  թվա, թե հեղինակն է գրել, ձեռնպահ մնա  խորթ բառերից ու արտահայտություններից: Առհասարակ,  թարգմանության հարցում բծախնդիր եմ: Այդպես էլ  պետք է  լինի, չէ՞ որ թարգմանիչը  գրողի  պատգամը կրող  սուրհանդակն է, որ  հեղինակի  խոսքն ընթերցողին  պետք է  հասցնի լիովին և ճշգրտորեն, գտնի  հեղինակի մտքի  ճիշտ արտահայտությունը: Հայերենի և ռումիներենի գերազանց իմացությունն  ինձ օգնում է հաղթահարելու թարգմանչական արվեստի դժվարությունները:

- Երկու  տարի անց կնշվի Հայոց ցեղասպանության  100-ամյա տարելիցը: Ռումինիայում  ծանո՞թ են հայերի  ողբերգությանը, այդ  ուղղությամբ ի՞նչ եք անում Դուք, ի՞նչ  գործեր եք  թարգմանել:

- Ռումինիայում անտեղյակ էին Հայոց ցեղասպանությանը, այդ  մասին  գիտեին միայն  որոշ  պատմաբաններ, ուստի  խղճիս պարտքը համարեցի ռումինացի ընթերցողին ծանոթացնել հայ ժողովրդին հասած պատուհասին: Ձեռքիս տակ ունենալով  պատմաբանների որոշ  փաստագրական տեղեկություններ` ամփոփեցի դրանք և 1994 թ. հրատարակեցի «Անտեսված մի ցեղասպանության պատմությունը» խորագրով հատորյակում: Իսկ  ինչո՞ւ անտեսված, որովհետև Հայոց ցեղասպանությունը մերժված ու ժխտված չէր, բայցևայնպես անտեսված էր, իսկ ես ցանկանում էի ռումինացիներին տեղեկացնել XX դարի սկզբին  հայերի  հետ  կատարված  մեծագույն հանցագործության մասին: Գիրքը Բուխարեստում 1990 թ. հիմնադրված «Արարատ» հրատարակչությում վերահրատարակվեց  2000 թ.,  բայց այս  անգամ «Երկարատևորեն անտեսված մի  ցեղասպանության պատմությունը» վերնագրով: Գիրքը երրորդ անգամ և ավելի  շքեղ վերահրատարակվեց 2010-ին: 16 տարի առաջ Ռումինիայից հիմնական  բնակություն  հաստատելու  նպատակով  տեղափոխվեցի Ավստրալիա,  և ահա  մի օր Մելբուռնի պետական  գրադարանում հայտնաբերեցի 1915 թ. թուրքական  բանակում  ծառայած վենեսուելացի  վարձկան  սպա Ռաֆայել դե Նոգալեսի «Չորս  տարի մահիկի տակ»  վերնագրով անգլերեն  գրված մի  գիրք: Թուրքերի  կողմից հայերի  հանդեպ կատարվող վայրագությունների  ականատես  սպան հրաժարվել էր  ծառայել թուրքական  բանակում: Հեռանալով բանակից` նա իր տպավորություններն ամփոփել էր գրքում, որի իսպաներեն  բնագիրը թուրքերն այրել էին: Սակայն,  բարեբախտաբար, անգլերեն  թարգմանված  օրինակը  պահպանվել էր: Ու ես այն  գտա,  բայց ոչ  միայն  դա: Ինձ  հաջողվեց  գտնել ևս  մի արժեքավոր  վկայություն`  ցեղասպանության  ժամանակ  ողջ  ընտանիքը  կորցրած 16-ամյա  մի  հայ  աղջկա` Արշալույս Մարտիկանյանի հուշերը`ամփոփված 1918 թ. ԱՄՆ-ում հրատարակված «Բռնաբարված Հայաստան. մի քրիստոնյա  աղջկա` Ավրորա Մարտիկանյանի պատմությունը, որը վերապրեց եղեռնը» գրքում: Ի դեպ, 1919 թ. ԱՄՆ-ում այդ  գրքի  հիման  վրա  նկարահանվեց  80 րոպեանոց համր  ֆիլմ, որից այսօր պահպանվել են  20 րոպե տևողությամբ հատվածներ: Ցեղասպանության  վերաբերյալ  թարգմանել եմ  նաև ավստրալացի  կին  գրող Մարսելլա Պոլեյնիի` եղեռնի արհավիրքն ապրած  մի  հայ  ընտանիքի  մասին  պատմող «Աշխարհի եզրը» գիրքը:

- Ձեզ հաջողվե՞լ է օգտվել թուրքական  աղբյուրներից:

- Օգտվել եմ հիմնականում  երկրորդական աղբյուրներից, մի քանի  պատմաբանների փաստագրական  նյութերից:

- Իսկ թարգմանությունից բացի ինքներդ գիրք գրու՞մ եք:

- Թարգմանությունից  բացի, հեղինակել եմ օրագրային-փաստագրական «Ճամփորդ Հայաստանում», «Ռումինահայ գաղութի պատմական  ակնարկ» և այդ հիշատակածս «Անտեսված  մի  ցեղասպանության պատմությունը» գրքերը: Ռումինիայի  ընթերցողի համար գրել եմ Ավստրալիայի մասին  եռահատոր մի  գործ, որը, համոզված եմ,  կհետաքրքրի ռումինացիներին:

- Պարոն Սելյանմասնագիտությամբ  ինժեներ եք ու  հանկարծ կտրուկ  շրջադարձ եք  կատարել դեպի թարգմանչական արվեստ:

- Այո, մի կարճ ժամանակ աշխատել եմ ինժեների մասնագիտությամբ, բայց հետո որոշեցի մտնել  լրագրության ասպարեզ, քանի որ  միշտ սիրել եմ գիրն ու գրականությունը: Երկար  տարիներ աշխատեցի Բուխարեստում հրատարակվող «Նոր կյանք» թերթի խմբագրությունում որպես  լրագրող, իսկ 1985-ից թերթի գլխավոր  խմբագիրն էի: Այդ  տարիներին,  Ռումինիայում տիրող կոմունիստական կարգերի պայմաններում, գրաքննության ենթարկվող  մամուլը, բնականաբար, ազատ չէր  կարող լինել, ուստի մեր թերթի էջերում  ներկայացվում էին միայն Ռումինիայի, ռումինահայ  գաղութի,  ինչպես  նաև Հայաստանի հասարակական և մշակութային կյանքն արտացոլող հոդվածներ: «Նոր կյանք» թերթին սպառնում էր փակվելու վտանգը, ինչից  խուսափելու համար շաբաթաթերթը սկսեց հրատարակվել ամսաթերթի պարբերականությամբ: 1989 թ. Ռումինիայում համայնական  կարգերի տապալումից հետո վերացվեց նաև գրաքննությունը: Հայ ժամանակակից գրական ստեղծագործությունները ռումինացիներին ներկայացնելու նպատակով սկսել էի  զբաղվել թարգմանությամբ: Առաջին գործը Ռաֆայել Արամյանի «Մեռած քաղաքի պարիսպների տակ» գիրքն էր, հաջորդը` Հրանտ Մաթևոսյանի «Մենք  ենք,  մեր սարերը» պատմվածքների ժողովածուն: Հաջորդաբար մասնակցեցի Մեսրոպ Մաշտոցից մինչև բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի ստեղծագործությունների (ներառյալ Նարեկացի, Քուչակ, Ֆրիկ, Շիրազ, Սևակ) թարգմանությանն ու  խմբագրմանը, որոնք ամփոփվեցին «Հայ դասական և ժամանակակից բանաստեղծության անթոլոգիայում»: Գիրքն անմիջապես  սպառվեց: Ռումինական մամուլում գրքի վերաբերյալ եղան դրական արձագանքներ: Դրանից  հետո թարգմանեցի  Վարդգես Պետրոսյանի պատմվածքները, «Հայկական  էսքիզներն» ու «Մենավոր ընկուզենին»՝ մի հատորով, նաև  «Կրակե շապիկ» վեպը, Աղասի Այվազյանի պատմվածքներն  ու  նորավեպերը, որոնք  հրատարակվեցին երկու հատորով: Ներկայումս պատրաստվում եմ  հրատարակել նրա «Պրոբլեմ» կոչվող էսսեների և «Աջաբսանդալ» վերնագրով կարճ վեպի թարգմանությունը: Թարգմանել եմ նաև Վանո Սիրադեղյանի «Ծանր լույս» պատմվածքների ժողովածուն: Տաղանդավոր  ողբացյալ գրող Գրիգոր Բաբայանի գործերն առաջին անգամ մեկ  հատորով լույս  տեսան Ռումինիայում` «Երեք նավազներ տոթ անապատում», որին հաջորդեց  «Հայկական  հակաժողովրդական  հեքիաթների» ռումիներեն թարգմանված  հատորը: Ցանկությունս է, որ հայ գրական  աշխարհը հնարավորինս  շատ աշխարհամասեր  նվաճի:

Հարցազրույցը` Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply