Ի՞նչ է բուլիմիան

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 18, 2013 7:26

Բուլիմիան հոգեկան  խանգարում է, որի հիմքում թուլությամբ ուղեկցվող անհագուրդ քաղցն է: Բուլիմիայով հիվանդին բնորոշ է անհավանական ախորժակը,  որը թվում  է` անհնար է հագեցնել:

Բուլիմիայով հիմնականում հիվանդանում են 15-30 տարեկան կանայք: Կլինիկական ախտանշաններից են դեմքի ու պարանոցի գեղձերի  ուռչելը, ատամների հետին մակերեսի էմալի էրոզիան, արյան հոսքը դեմքին, թքագեղձերի ուռածությունը, կոկորդացավը, կերակրափողում մշտական ցավի զգացողությունը, որն ուղեկցվում է այրոցքով: Թվարկված բոլոր ախտանշաններն արհեստականորեն առաջացրած փսխման հետևանք են: Բուլիմիայով հիվանդներն ամաչում են իրենց անվերահսկելի ախորժակի պատճառով, փորձում շրջապատից թաքցնել դա: Այդ իսկ պատճառով հաճախ գաղտնի ուտում, ապա արհեստականորեն սրտխառնուք են առաջացնում` կերածից ազատվելու համար, իսկ ուրիշ մարդկանց ներկայությամբ ուտում են չափավոր, ոչնչով չտարբերվելով նրանցից, նույնիսկ երբեմն սահմանափակ սնունդ են ընդունում: Նրանք երբեմն գաղտնի սնունդ են գնում , երբեմն էլ նույնիսկ սնունդ գողանում: Երկար ժամանակ կարողանում են թաքցնել այդ հակումը, մինչև ամեն ինչ բացահայտվում է ու փոխում վիճակը:

Հիվանդության զարգացմանը զուգընթաց` սննդի մասին միտքն այդ մարդկանց կյանքում ավելի ու ավելի շատ տեղ է զբաղեցնում: Ընտանեկան,  միջանձնային ու մասնագիտական խնդիրները հետին պլան են մղվում: Սակայն նրանց մեծ մասն արտաքուստ նորմալ տեսք ունի, չափազանց պահանջկոտ է իր նկատմամբ և հակված է միայնության ու դեպրեսիայի: Նրանց ինքնագնահատականը խիստ ցածր է, բոլոր մտքերը սննդի, սեփական կառուցվածքի ու «մոլուցքը» շրջապատից թաքցնելու  շուրջ են:

Բուլիմիայի հետևանքները

Ժամանակի ընթացքում բուլիմիայի զոհերի մոտ մի շարք խնդիրներ են առաջանում. շարունակական սննդի չարաշահում- մաքրում հերթագայությունն ի վերջո հանգեցնում է ֆիզիոլոգիական խանգարումների: Անվերահսկելի քանակով լուծողականների ընդունումը հաճախ հանգեցնում է  ստամոքս-աղիքային տրակտի խանգարման, այդ թվում` ուղիղ աղիքից արյունահոսության ու մշտական, անվերահսկելի փորլուծի: Ընդ որում,  միաժամանակ օրգանիզմից կալիումի ու նատրիումի լվացում է կատարվում, ինչը հանգեցնում է էլեկտրոլիտների հավասարակշռության խանգարման, ընդհուպ` ջրազրկման, մկանային կծկումների, ինչը, ի վերջո, կարող է հանգեցնել սրտի կանգի:

Բուլիմիայի հաջորդ հետևանքներից են մազաթափությունը, մաշկի դեղնավուն երանգը, ժամանակից շուտ կնճիռների առաջացումը, շնչառության խանգարումը, ընդգծված թուլությունը, մկանային հոգնածությունը, գլխապտույտը: Բուլիմիան ծանր հետևանք  կարող է ունենալ առողջության վրա: Հաճախակի փսխումը կարող է հանգեցնել կոկորդի ու կերակրափողի գրգռման, ինչպես նաև`  ստամոքսահյութի ազդեցությամբ ատամների էմալի քայքայման: Երբեմն տեղի է ունենում դաշտանադադար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հիվանդները հերքում են հիվանդության առկայությունն իրենց մոտ, հազվադեպ է պատահում, որ նրանք ինքնուրույն դիմեն բժշկի,   ուստի հարազատները պետք է ուշադրություն դարձնեն հետևյալ երևույթներին. ձեր հարազատը`

- անընդհատ սննդակարգերի է դիմում ու հաշվում կալորիաները,

- ինքն իրեն տանջում է ֆիզիկական պարապմունքով,

- օգտագործում է միզամուղ, սրտխառնուք առաջացնող ու նման այլ միջոցներ,

- չափազանց նիհարում է կամ հակառակը` գիրանում,

- դաշտանադադարի կամ ցիկլի խախտման դեպքեր են նկատվում,

- ընտրում է ցածրկալորիական սնունդ,

- փոխվել է եղունգների, մազերի ու մաշկի որակը,

- դեպրեսիվ վիճակում է:

Բուլիմիայի առաջացման պատճառները բազում են, դրանց մեծ մասը զգայական բնույթ ունեի: Այսինքն` առաջանում է էմոցիոնալ լարվածության, սթրեսի, տագնապի զգացման, երբեմն էլ` վախի հետևանքով:

Ոմանք առաջ  են քաշում այս  հիվանդության  հոգեվերլուծական ենթատեքստը, որի համաձայն` բուլիմիան  հոգեբանական պաշտպանության յուրօրինակ ռեակցիա է (դեպրեսիային, նևրոզին, ճգնաժամային իրավիճակներին): Սնունդ ընդունելուց բավականության ու հաճույքի (հաճախ յուղոտ ու քաղցր) զգացումը ինչ-որ չափով մեղմում է տագնապը, ներքին դիսկոմֆորտը,  ձանձրույթը: Որոշ հիվանդներ խոստովանել են, որ սննդի հետ ասես  փարատվում է ներքին դատարկությունը:

Բուլիմիայով հաճախ տառապում են նրանք, ովքեր ցածր ինքնագնահատական ունեն,  չափազանց շատ ուտելն ասես  վերածվում է սեփական անձի հանդեպ յուրօրինակ սիրո, հոգատարության ու ջերմության:

Բուլիմիայով հիվանդները երկար ժամանակ շրջապատին համոզում են, թե իրենք շատ չեն ուտում, սակայն գիրանում են: Նրանց թվում է, թե իրենց ներզատիչ համակարգում խանգարում կա, ինչի համար դիմում են համապատասխան մասնագետներին, որոնք սկսում են կենսաքիմիական, ուլտրաձայնային հետազոտություններ ու հաճախ էլ ախտորոշում  վահանաձև գեղձի կամ հիպոֆիզի ֆունկցիայի խանգարում:

Ու սկսվում է մի նոր` բուժման փուլ, որը սովորաբար ոչ մի դրական արդյունք չի տալիս: Եվ միայն հոգեթերապևտի տեսադաշտում պատահականորեն հայտնվելու դեպքում է, որ ամեն ինչ պարզ է դառնում: Սկզբնական շրջանում հիվանդներն անգամ զայրանում են, կարծում, որ իրենց հոգեկանը կարգին վիճակում է: «Ես հոգեբանի կարիք չունեմ,- ասում են նրանք:-Պարզապես ներզատաբանիս հարցում բախտս չի բերել, նրանք չկարողացան այնպես անել, որ քաշս կարգավորվի, մի խոսքով` ճիշտ բուժում չեն  նշանակել»:

Ինչպե՞ս կարելի է ազատվել բուլիմիայից

Արագ արդյունք ակնկալել անհնար է: Սխալ սնվելու սովորությունները ձևավորվում են տարիների հետ ու դրանցից ազատվելու համար  ևս  բավական   ժամանակ է հարկավոր: Հիվանդությունը կարելի է բուժել հոգեթերապիայի  միջոցով: Հոգեթերապիան է  ամենակարևոր, սակայն երկարատև բուժման փուլը, որն օգնում է հիվանդին հասկանալ իրեն, իր  հիվանդությունն ու ելք գտնել ստեղծված վիճակից:

Հիվանդության բուժման հաջողությունը հիվանդի ցանկությունից ու համառությունից է կախված, ինչպես նաև` սեփական թուլություններին անվախ նայելու ունակությունից: Հիվանդը պետք է գիտակցի, որ դա հեշտ խնդիր չէ , սակայն` իրագործելի:

10 փաստ

1. Բուլիմիա բառն առաջացել է հունարենից և թարգմանվում է` «ցլի քաղց»:

2. Փաստեր կան, որ  բուլիմիայի նոպայի հետևանքով եղել են ստամոքսի պատռման դեպքեր:

3. Շատ գիտնականներ կարծում են, որ հիվանդության հիմքում խանգարումներ են, որոնք առաջացել են դեռևս վաղ մանկության տարիներին`  պայմանավորված մոր հետ լարված հարաբերություններով:

4. Բուլիմիան հաճախ առաջանում է խիստ սննդակարգերի հետևանքով:

5. Հիվանդության զարգացման տարիք է համարվում 14-20-ը:

6. Բուլիմիայի պարագայում հաճախակի  արհեստական փսխումները հանգեցնում են քրոնիկ  կոկորդաբորբի:

7. Պիտսբուրգի համալսարանի գիտնականները կարծում են, որ բուլիմիան կապված է գլխուղեղում սերոտոնինի նյութափոխանակության խանգարման հետ:

8. Բուլիմիայի նոպաներ միջին հաշվով շաբաթական  լինում  են 11 անգամ:

9. Երբ հիվանդը փսխում է հրահրում, ընդունած սննդի կալորիաներն ու նյութերի կեսն արդեն օրգանիզմը  յուրացրած է լինում: Այսինքն,եթե նոպայի ժամանակ հիվանդը 1 կգ սնունդ է ընդունում, եթե անգամ նրան հաջողվում է ստամոքսի ողջ պարունակությունը դատարկել, 500 գ սնունդ, այնուամենայնիվ. «հօգուտ» է օգտագործվում:

10. Բուլիմիան մեկանգամյա բուժմամբ անհնար է վերացնել:

Բուլիմիան և աստղերը

Հայտնի է, որ Էլթոն Ջոնը 1990-ականներին ստիպված էր միաժամանակ պայքարել թմրանյութային կախվածության, դեպրեսիայի ու բուլիմիայի դեմ:

Լարրի Քինգի հետ հարցազրույցում Էլթոն Ջոնը, իր մտերիմ ընկերուհու` արքայադուստր Դիանայի մասին խոսելով, ասել է.«Մենք երկուսս էլ բուլիմիկներ ենք»:

Օզզի Օսբորնի կինը` Շերոնը, նույնպես տառապում է բուլիմիայով: «Ես ուտում եմ, ապա վազում զուգարան ու փսխում առաջ բերում: Առաջ ես օրական 4 անգամ էի դիմում այդ միջոցին, իսկ հիմա` շաբաթական մեկ անգամ: Դա իսկապես մեծ ձեռքբերում է»:

Երգչուհի Պոլա Աբդուլը 1994-ին բուժվել է հիվանդության դեմ: Նա նաև մեկ այլ մոլություն ունի`  ֆիզիկական վարժություններով կալորիաներ այրելը:

Արքայադուստր Դիանան բրիտանական հեռուստաընկերությանը խոստովանել է, որ 1981-ից տառապել է նյարդային բուլիմիայով, սակայն մասնագետների օգնությանն է դիմել միայն 80-ականների վերջին:

Նիկոլ Քիդմանը ևս տառապում է  բուլիմիայի նոպաներով  ուղեկցվող  նյարդային անորեքսիայով:

Վիկտորյա Բեքհեմը նույնպես ժամանակին տառապել է բուլիմիայով,  բայց բուժվել է կամքի ուժով:

Մահվան ելքով հայտնի դեպք է Էլվիս Պրեսլիի օրինակը: Երգչի վիճակը վատացել էր թմրանյութային կախվածությամբ:

Դիտվել է 2811 անգամ:
Print Friendly

Leave a Reply