Երբ առաջին անգամ Հայրիկյանից էր կախված ընտրությունների ընթացքը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 14, 2013 15:05

Մինչև հունվարի 31-ը  Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների հանգիստ, ոչնչով աչքի չընկնող քարոզչական փուլը միանգամից` երկու կրակոցով բեկվեց: Սկզբում` նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի հետևանքով, այնուհետև` նույն Հայրիկյանի կամայականությունների:

 Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, երբ արդեն թեկնածու Հայրիկյանը հայտարարել էր, որ չի դիմի ՀՀ սահմանադրական դատարան ընտրությունները հետաձգելու դիմումով, անկեղծացավ, թե պատմության մեջ առաջին անգամ ընտրությունների ընթացքն իր ձեռքերում է: Դրան հաջորդեց նախագահի մյուս թեկնածուներին ուղղված բաց նամակը միասնական թեկնածուով հանդես գալու մասին:

Փետրվարի 10-ին Հայրիկյանն այնուամենայնիվ որոշեց դիմել ՍԴ` ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու համար: Դրա հաջորդ օրն էլ հայտնի դարձավ, որ նա այդ դիմումը հետ է վերցրել, և ընտրությունները չեն հետաձգվի:

Մի խոսքով, առաջին անգամ ընտրությունների ճակատագիրը Հայրիկյանի ձեռքերում էին,  և նա չզլացավ «տունտունիկ» խաղալ` «չեմ դիմում ՍԴ, դիմում եմ ՍԴ, հետ եմ կանչում դիմումս» կոմբինացիայով: Նրա այս պահվածքը տարաբնույթ կարծիքների տեղիք տվեց. մարդիկ այդպես էլ չհասկացան, թե ինչ է ուզում և ինչ է անում Պարույր Հայրիկյան թեկնածուն, մարդը, քաղաքացին և քաղաքական գործիչը:

Առաջին մեկնաբանությունն այն էր, որ Հայրիկյանը փորձում է, ընտրությունները հետաձգելով, միասնական թեկնածուի հարցն օրակարգ բերել և հասնել միասնական ուժերով ընտրություններին գնալու արդյունքին: Սակայն նրա բաց նամակի հասցեատերերից Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ չարձագանքեց, իսկ Հրանտ Բագրատյանը բացասական ու կոշտ պատասխան տվեց:

Փետրվարի 11-ին արդեն Հայրիկյանի ՍԴ-ին ուղղված դիմումը հետ էր կանչվել: Ընդ որում, արժե նշել, որ ՍԴ դիմելուց առաջ, երբ արդեն խոսակցություն կար, որ նա, այնուամենայնիվ, կդիմի ՍԴ ընտրությունները հետաձգելու հարցով, նրան երկրորդ անգամ հիվանդանոց էր այցելել գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Եվ հենց այդ այցելությունը հիմք դարձավ այն խոսակցությունների, թե Հայրիկյանի ու իշխանությունների միջև ՍԴ դիմել-չդիմելու հարցում պայմանավորվածություն կա:

Այս կապակցությամբ Հայրիկյանը լրագրողներին բացատրեց, որ դիմումը հանձնելուց առաջ է Սերժ Սարգսյանն այցելել իրեն, իրենք զրուցել են իր առողջական վիճակի մասին և չեն անդրադարձել քաղաքական հարցերին: Դե մի քիչ դժվար է պատկերացնել, որ այդպիսի պայմանավորվածության դեպքում Հայրիկյանը սիրահոժար հայտարարեր, թե իր ու Սերժ Սարգսյանի միջև ինչ-որ պայմանավորվածություն կա:

Ի՞նչ ստացավ Հայրիկյանը, կորցնելուց բացի

Ի վերջո, Հայրիկյանն այս ընտրություններում ստեղծեց մի քաոսային ու հեղհեղուկ վիճակ, որը բազմաթիվ հարցեր առաջացրեց ու որևէ պատասխան չտվեց նախորդ հարցերին: Հավանաբար այդ պատճառով արդեն փետրվարի 12-ին հանդես եկավ համապատասխան մամլո ասուլիսով ու անդրադարձավ իր կողմից ընդամենը մեկ օրվա ընթացքում Սահմանադրական դատարան դիմելու և դիմումը հետ վերցնելու փաստին: Պարզվեց`  նա դիմումը տալու պահին չի բացառել, որ այն հետ կվերցնի, բայց դա ծրագրել է անել 3 օրվա ընթացքում: Իսկ դիմումը հանձնելու պահին պարզ է դարձել, որ դիմումը հետ վերցնելու համար ընդամենը մեկ օր ժամանակ ունի:

Իսկ ՍԴ դիմելու և  ապա այդ դիմումը հետ կանչելու առնչությամբ էլ  ասաց` դրա հիմնական պատճառն այն էր, որ եթե ինքն այդ պահին չտար դիմում, հետո չէր կարողանալու տալ: «Այսինքն` պետք էր հասարակությանն ակտիվացնել, և ակտիվացրեցի»,- նշեց նա:

Ուրեմն ՍԴ դիմելու նպատակը ժամանակ շահելն էր, որպեսզի միասնական դաշտը կայանար, սակայն հետո տեսել է, որ եթե հետաձգի ընտրությունները, ապա «տեռորիստների» բոլոր ցանկությունները կիրականանան: Հայրիկյանը խոսեց մի հանգամանքի մասին էլ, որը, չգիտես ինչու, հաշվի չի առնվել մինչև վերջին անգամ ՍԴ դիմելը: Խոսքը Անդրիաս Ղուկասյանի հացադուլի մասին է, որն ազդել է Հայրիկյանի որոշման վրա այնքանով, որքանով Ղուկասյանը չի պատրաստվում մինչև ընտրությունների վերջը դադարեցնել հացադուլը: «Ու ստացվեց, որ մի հայ մարդ իմ պատճառով պետք է իրեն վտանգի ենթարկի. իմ խղճի վրա ես զգում էի այդ հարցի պատասխանատվությունը,- հայտնեց Պարույր Հայրիկյանը, ապա նշեց:- Հիմնական գործոնն ինձ համար այն էր, որ առաջին` ես գնում էի տեռորիստներին ընդառաջ, այդ ժամանակ` այդ երկու շաբաթվա ընթացքում, Աստված ոչ անի, մեռնում է Անդրիասը, և տեռորիստները հաղթում են: Եվ հաշվի առնելով ևս մի քանի նրբերանգներ` ես դիմեցի ու հետո հանեցի իմ դիմումը»:

Ինչ վերաբերում է միասնական թեկնածուով ընտրություններին մասնակցելու չստացված փորձին, ապա  Հայրիկյանն ասաց, որ կար առանձին-առանձին պարտվելու տարբերակ, և կար միասին հաջողության հասնելու տարբերակ: Միասնական թիմ կազմելով` հնարավոր էր առաջին փուլով հաղթանակով ավարտել ընտրությունները և մյուս թեկնածուների հետ միասին սկսել Հայաստանի բարեփոխումները: «Միասնական թեկնածուի մասին ես խոսում էի որպես հարյուրտոկոսանոց հաղթանակի ճանապարհի, բայց այսպես էլ հաղթելու ճանապարհ կա»,- համոզմունք է  հայտնել նախագահի թեկնածուն:

Թե հաջողության հասնելու նրա մյուս ճանապարհը որն է, պետք է որ տեսնենք փետրվարի 19-ին` ընտրությունների հաջորդ օրը: Ամեն դեպքում, օրենքով սահմանված կարգով, Հայրիկյանն այլևս չի կարող դիմել ՍԴ ընտրությունները հետաձգելու պահանջով, նրա այս «փամփուշտն» արդեն վրիպել է: Իսկ հոգեբաններն ու տեխնոլոգներն ասում են, որ իր պահվածքով Հայրիկյանը հասավ նաև իր համակիրների կորստին, ասել է թե` հաղթելու հավանականությունն էլ ավելի նվազեցրեց:

Դիտվել է 1420 անգամ:
Print Friendly

Leave a Reply