ՀՀ կառավարությունն ընդունել է արտահանման աջակցմանն ուղղված որոշումներ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 14, 2013 14:58

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվել է արտահանման աջակցմանը վերաբերող երկու կարևոր որոշում: Այս մասին կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նշենք, որ գործադիրը հաստատել է Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2013 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը: Հաջորդ որոշմամբ կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը լիազորել է ձևավորել աշխատանքային խումբ «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» (ԱՖԱԿ) ՓԲԸ հիմնադիր փաստաթղթերի կազմման, ընկերության գրանցման և արտոնագրման համար անհրաժեշտ գործընթացների իրականացման նպատակով։
Ըստ Տ.Դավթյանի`արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների հիմնական նպատակն է խթանել արդյունաբերության զարգացմանը, նպաստել ներդրումների և արտահանման ծավալների մեծացմանը:
Նշենք, որ միջոցառումների իրականացման պետական աջակցության 2013 թ. ծրագրի համար հատկացվել է 545 մլն դրամ, որից մոտ 328 միլիոնը կուղղվի հանրաճանաչ միջազգային արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավման, արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորման, հայկական ապրանքների նպատակային շուկաներում այդ ապրանքների առաջմղման և ներկայացման, միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորման, միջազգային ցուցահանդեսների մասնակցության ապահովման և այլ նպատակների:

Դիտվել է 1398 անգամ:
Print Friendly

Leave a Reply