Անմեղ է ճանաչվել ու արդարացվել խուլիգանության մեղադրանքում

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | February 14, 2013 14:43

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, 2012թ. մարտի 28-ին կայացված դատավճռով ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Մուշեղ Կիրակոսյանի անմեղությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքով և Մուշեղ Կիրակոսյանին արդարացրել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Դատարանը եզրակացրել է, որ կենցաղային հողի շուրջ ծագած վիճաբանության արդյունքում կատարված գործողությունները չեն կարող դիտվել հասարակական կարգի դեմ ուղղված և առավելապես խուլիգանական մղումներով կատարված հանցագործություն։

Մուշեղ Կիրակոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա բռնության գործադրմամբ և դրա սպառնալիքներով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը կատարվել է որպես զենք օգտագործվող առարկայի՝ քարի և դանակի գործադրմամբ:

Մուշեղ Կիրակոսյանը, գտնվելով անբարյացակամ հարաբերությունների մեջ իր նախկին կնոջ Ժաննա Վիրաբյանի ընտանիքի անդամների հետ և իմանալով, որ որդին՝ Արամ Կիրակոսյանը գտնվում է Վանաձոր քաղաքի իր հայրական տանը և այդտեղ խնջույքի է հրավիրել տատիկին, պապիկին և մորաքրոջը, վերջիններիս խնջույքն ու հանգիստը խանգարելու նպատակով, ալկոհոլային հարբածության վիճակում, 2011 թվականի օգոստոսի 1-ին, ժամը 17:30-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, գնացել է հիշյալ տուն և սեռական բնույթի հայհոյանքներ տալով, Արամ Կիրակոսյանից պահանջել է տան բակից դուրս հրավիրել նախկին կնոջ մորը՝ Հասմիկ Հարությունյանին, հորը` Գառնիկ Վիրաբյանին և քրոջը Նելլի Վիրաբյանին: Մերժում ստանալով փողոցի կողմից սկսել է ոտքով հարվածել բակի մուտքի դռանը, շուրջ երեսուն րոպե տևողությամբ շարունակել է հայհոյանքները, իսկ Հասմիկ Հարությունյանի ու նրա ընտանիքի անդամների փողոց դուրս գալուց հետո, բռնություն է գործադրել քաշքշել է Հասմիկ Հարությունյանի ամուսնուն Գառնիկ Վիրաբյանին, ապա գետնից վերցրել է որպես զենք օգտագործվող առարկա քար և շպրտել Հասմիկ Հարությունյանի ուղղությամբ: Հետո գրպանից հանել է իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործվող դանակը և ցուցադրաբար սպառնացել Հասմիկ Հարությունյանին, որ կմորթի, սակայն Արամ Կիրակոսյանի և Գառնիկ Վիրաբյանի միջամտությամբ նա իր մոտ գտնվող դանակով Հասմիկ Հարությունյանին կամ այլ անձի վնաս չի կարողացել հասցնել:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, քննելով գործի փաստական հանգամանքներն ու ապացույցները՝ հանգել է միանգամայն այլ հետևությունների:

Ըստ արդարացման դատավճռում արտահայտված դատարանի իրավական վերլուծությունների՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ թույլ են տալիս հանգելու հետևության, որ վիճաբանության պատճառը եղել է ամբաստանյալ Մուշեղ Կիրակոսյանի և Հասմիկ Հարությունյանի /կնոջ մայր/, Նելլի Վիրաբյանի /կնոջ քույր/ միջև եղած անբարյացակամ փոխհարաբերությունները: Ընդ որում, գործի նյութերից երևում է, որ նրանք միշտ անհաշտ են եղել, այդ օրվա վեճի պատճառը եղել է Մուշեղ Կիրակոսյանին պատկանող տան բաժնեմասում Հասմիկ Հարությունյանի և Նելլի Վիրաբյանի գտնվելու փաստը և վեճն ուղղված է եղել նրանց դեմ: Նման վեճեր նախկինում էլ բազմիցս նրանց միջև եղել են: Վիճաբանությանը ներկա են եղել միայն իրենք, այլ մարդիկ ներկա չեն եղել, տարածքում ապրողներ չկան, քիչ հեռվում կան բնակելի շենքեր, որտեղից իրենց նկատողություն է արել դեպքի հետ կապ չունեցող միակ վկա Արամայիս Թումանյանը, ով հայտնել է, որ վիճաբանության ժամանակ ավելի շատ կին է աղմկել: Վերոգրյալը հաստատվում է գործով տուժողներ Հասմիկ Հարությունյանի, Նելլի Վիրաբյանի և գործով վկաների ցուցմունքներով: Այլ ականատես վկաներ նախաքննական մարմնի կողմից չեն հայտնաբերվել:

Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում անձանց միջև տևական ժամանակաընթացքում առաջացած հակակրանքի, կենցաղային հողի շուրջ ծագած վիճաբանության արդյունքում կատարված գործողությունները չեն կարող դիտվել հասարակական կարգի դեմ ուղղված և առավելապես խուլիգանական մղումներով կատարված:

Դատարանը հղում է կատարում Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման վրա, ըստ որի խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Իսկ արարքը համարվում է խուլիգանական մղումներով կատարված, եթե այն կատարվում է հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա: Հետևաբար, եթե մեղավոր անձի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական մղումներով և չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, դրանք չեն կարող որակվել որպես խուլիգանություն: Մեղադրյալի կողմից տուժողին վիրավորանքներ, մարմնական վնասվածքներ հասցվելու կամ նման այլ բռնարարքների կատարման դեպքում խուլիգանական մղումները և խուլիգանության հանցակազմը կարող է բացակայել, եթե նշված գործողությունները կատարվել են կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության, քիչ թե շատ երկարատև ժամանակահատվածի ընթացքում ձևավորված հակակրանքի արդյունքում: Խուլիգանական մղումների առկայությունը գնահատելու համար էական նշանակություն կարող է ունենալ նաև տուժողի վարքագիծը /ՀՀ Վճռաբեկ դատարանի 2006թվականի հոկտեմբերի 24-ի ՎԲ-223/06 որոշում, ՀՀ Վճռաբեկ դատարանի 2012թվականի մարտի 01-ի ԵՄԴ-0076/01/11 որոշում/:

Վկաներ Գառնիկ Վիրաբյանը, Արամ Կիրակոսյանը դատաքննությամբ հայտնել են, որ նախաքննության ընթացքում ցուցմունքներ են տվել, որ Մուշեղ Կիրակոսյանի մոտ դանակ է եղել, որ տուժողներ Հասմիկ Հարությունյանը, Նելլի Վիրաբյանը չնեղանան: Դատաքննությամբ վկաներ Գառնիկ Վիրաբյանը և Արամ Կիրակոսյանը պնդել են, որ Մուշեղ Կիրակոսյանի մոտ դանակ չեն տեսել: Ամբաստանյալ Մուշեղ Կիրակոսյանի մոտ դանակի առկայությունը բացառվում է նաև վկաներ Գառնիկ Վիրաբյանի, Արամ Կիրակոսյանի դատաքննությամբ տրված ցուցմունքներով, «Անձնական խուզարկություն կատարելու մասին« արձանագրությամբ՝ այն կատարվել է անմիջապես դեպքի վայրից Մուշեղ Կիրակոսյանին բերման ենթարկելուց հետո, «Դեպքի վայրի զննություն մասին» արձանագրությամբ: Դանակի առկայությունը բացառվել է նաև տուժողների հակասական ցուցմունքներով:

Ըստ ամբաստանյալի ցուցմունքների` միջադեպի ժամանակ ինքը ոչ ոքի չի հարվածել, գետնից քար վերցրել է ոչ թե հարվածելու, այլ պաշտպանվելու համար, իր ձեռքում դանակ չի եղել: Քարերը պատի վրա շարված են, դրանք սարքած չեն և ձեռքը դրել է, որ տեսնի նրանք գնացել են, թե ոչ, այդ քարերից երկու-երեք քար ընկել է:

Դատարանը գտել է, որ Մուշեղ Կիրակոսյանի արարքը նախաքննական մարմնի կողմից սխալ է որակվել որպես խուլիգանություն` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտել, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր  Եվա Դարբինյանի նախագահությամբ, դատավորներ Գ.Ավետիսյանի ու Ս.Չիչոյանի մասնակցությամբ, 2012թ. հունիսի 7-ի որոշմամբ, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը թողնել է օրինական ուժի մեջ և մերժել արդարացման դատավճռի դեմ ՀՀ Լոռու մարզի դատախազ Ս. Խաչատրյանի և տուժողների ներկայացուցիչ Ս. Միրզոյանի վերաքննիչ բողոքները:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ ստորադաս դատարանը հանցակազմի բացակայության հիմքով անձի անմեղությունը ճանաչելով՝ հանգել է ճիշտ հետևության:

Իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանը 2012 թ., օգոստոսի 14-ին որոշմամբ վերադարձրել է տուժողներ Հ.Հարությունյանի և Ն.Վիրաբյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը: Բարձրագույն դատական ատյանը պարզաբանել է, որ բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ է ընդունվում, եթե բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի՝ նախկինում ընդունված որոշումներին, կամ վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ, կամ առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք։

Հեղինակ: 
Սոնա Մաշուրյան
 Pastinfo.am
Դիտվել է 2000 անգամ:
Print Friendly

Leave a Reply