Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Պաշտոնական, Օրվա լուր | | February 13, 2013 10:27

Փետրվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Թբիլիսիում մեկնարկած Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը, Արևելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների պատվիրակությունները:

Հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրված արդյունքները, նախանշվեցին գործընկերության հեռանկարները, հանգամանալից անդրադարձ կատարվեց Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականացմանը և մտքեր փոխանակվեցին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի գրանցած առաջընթացը և ընդգծեց հայկական կողմի ակնկալիքը մինչև ս.թ. աշնանը կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովը եզրափակել Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ներգրավված լինելով Արևելյան գործընկերության բազմակողմ հարթության շրջանակներում համագործակցությանը՝ նախատեսում է այս տարի Երևանում անցկացնել մի քանի միջոցառումներ արդարադատության, երիտասարդական և կրթական փոխանակումների ոլորտներում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը և վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մեկնարկը:

Հայաստանի արտգործնախարարը վերահաստատեց Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների երրորդ ոչ պաշտոնական հանդիպումը գալիք սեպտեմբերին Երևանում անցկացնելու պատրաստակամությունը:

Հանդիպման  ավարտին տեղի ունեցավ համաժողովի մասնակիցների համատեղ մամուլի ասուլիսը:

 

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply