Պարույր Հայրիկյանը խոսեց դիմումը հետ վերցնելու, Ղուկասյանի հացադուլի, Բագրատյանի դավաճանության եւ խանդի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 12, 2013 13:57

Նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախապատվությունը տվեց երկրում կայուն իրավիճակին՝ հետ վերցնելով դիմումը Սահմանադրական դատարանից: Այս մասին փետրվարի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայրիկյանը: «Որքան էլ ես լավատեսորեն եմ տրամադրված, բայց քարոզարշավից դուրս մղվեցի` չնայած չեմ ուզում դա ողբերգության վերածել: Ես արդարացված եմ համարում Սահմանադրական դատարանի հետ կապված հուզումները, քանզի ես հանգամանորեն չէի բացատրել: Ես ասել էի, որ դիմելու եմ՝ չբացառելով, որ կարող եմ հետ վերցնել: Ես նախապատվությունը տվեցի կայուն իրավիճակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հայրիկյանը՝ հավելելով, որ «մեզ անհայտ ուժեր մեր բնականոն ընթացքից ուզում են դուրս հանել»:

Խոսելով իր բաց նամակից և Անդրիաս Ղուկասյանի հացադուլից՝ Հայրիկյանն ասաց, որ եթե հետաձգեր ընտրությունները, ապա «դրանով զոհասեղանին կդնեի նաև Անդրիասին, քանզի նա ասել էր, որ հացադուլը մինչև ընտրությունների ավարտը չի դադարեցնելու»: «Բագրատյանն ինձ ասում էր` դու պարտավոր ես դիմել, դու չդիմես Սահմանադրական դատարան, ես կդիմեմ, մինչև ժամը 12-ը… ես էլ ասացի՝ շատ ես ուզում՝ դու դիմի: Բանուգործ չունես, Հրանտ, եթե դու ընդդիմադիր ես, քո միակ խնդիրը իշխանության դեմ պայքարելն է»,-շեշտեց Հայրիկյանը: Նա կոչ արեց չստիպել իրեն խոսել Հրանտ Բագրատյանի մասին, ով իր թիմակիցներին է դավաճանել, Լևոն Տեր-Պետրոսյանին նույնիսկ չի հարցրել, թե ինչ կարծիքի է իր թեկնածությունը դնելու մասին:

Անդրադառնալով միասնական թեկնածուի հարցին՝ Հայրիկյանն ասաց, որ «խանդից, բարդույթից, թե ինչից վրդովված հրապարակային կոչս համարեցին որպես գաղտնիքների բացահայտում»: «Ես հրապարակային հայտարարություն արեցի, որպեսզի ժողովուրդը ևս տեղյակ լինի և թեկնածուներն էլ բաց պատասխանեն: Շատ բան կա ասելու: Մարդ կա, որ եկել է հիվանդանոց, ես կրծքից վիրավորված, ինձ ասել է՝ դեռ պետք է պարզենք` սա մահափորձ է եղել, թե ոչ: Ես հիվանդանոցից դուրս եմ գրվել, բայց լիարժեքորեն չեմ կարողանում մասնակցել քարոզարշավին, բայց կօգտագործեմ համացանցը և եթերաժամանակը»,-ասաց Հայրիկյանը՝ հավելելով, որ «դեռևս այսօր-վաղը ամեն ինչ փոխելու հնարավորություն կա»: Նրա խոսքով՝ կարևորը եղել և մնում է ծրագիրը:

Խոսելով Սեդրակյանի այն հայտարարությունից, որ իր մեքենան Հայրիկյանի կյանքից թանկ է, Հայրիկյանը շեշտեց, որ Սեդրակյանին չի էլ ուզում նկատել: «Նա ինչ մարդ է, որ խոսում է, թե իր մեքենան իմ մեքենայից լավն է, իսկ եթե ասել է, որ իմ կյանքից թանկ է, ապա չեմ էլ ուզում ինչ-որ բան ասել նրան»,-ասաց ՀՀ նախագահի թեկնածուն:

«Վահան Հովհաննիսյանն ասում է. արա՛, դուք ով եք, որ ձեր վրա կրակեն: Խանդում է, որ իր վրա չեն կրակել»,-ասաց Հայիկյանը: Խոսելով իր վարկանիշի մասին՝ նա ասաց, որ սա իր վարկանիշն իջեցրեց և ոչ թե բարձրացրեց: «Մենք հարցում էինք արել և բավականին լավ արդյունքներ կային, չեմ ուզում, սակայն, թվեր ասել: Իսկ մահափորձից հետո իմ վարկանիշը չաճեց, որովհետև շատացան բամբասանքային խոսակցությունները»,-ընդգծեց Հայրիկյանը:

Փետրվարի 10-ին՝ ժամը 15.30-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դիմել էր Սահմանադրական դատարան ընտրությունները երկու շաբաթ ժամկետով հետաձգելու պահանջով, փետրվարի 11-ին, սակայն, նրա փաստաբանը հետ վերցրեց դիմումը: ՍԴ դիմելու համար հիմք էր հանդիսացել հունվարի 31-ին թեկնածուի նկատմամբ կատարված մահափորձը: Նրան վիրահատել են, գնդակը հանել մարմնից: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում (ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով` պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ) ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Պողոսյանը և Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: Հայտնաբերվել է հանցագործության գործիք` «Նագան» տե­սակի ատրճանակը:

Դիտվել է 1371 անգամ:
Print Friendly

Leave a Reply