Տեղի է ունեցել «Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գրքի շնորհանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 11, 2013 13:22

Այսօր` փետրվարի 11-ին տեղի ունեցավ «Ազատ գոտի կամ էլ. Հայաստան»  գրքի շնորհանդեսը, որը հրատարակել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն: Գրքում զետեղված լրագրողական ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանում վերջին 5 տարիներին քաղաքական և ընտրական գործընթացներում համացանցի ազդեցությանը, կայքերի անվտանգությանը սպառնացող ներքին և արտաքին մարտահրավերներին, ցանցային պատերազմներին, լրատվամիջոցների փոխակերպմանը և այլն: Այլ խոսքով` գիրքն այն մասին է, թե ինչպես է համացանցի տարածումը Հայաստանում փոխել առօրյա կյանքի կառուցվածքը:

«Լրագրողներ հանուն ապագայի» նախագահ Սուրեն Դեհերյանը, ով նաև գրքի խմբագիրն է, միջոցառմանը նշեց, որ անհրաժեշտ են պետական նախաձեռնություններ և շարունակական ներդրումներ վիրտուալ Հայաստանում ցանցային ծառայությունների ենթակառուցվածքը զարգացնելու համար:

«Այլևս համացանցն օգտագործել միայն էլեկտրոնային փոստի կամ սոցիալական ցանցում էջ ունենալու համար չի կարող բավարար համարվել: Անգամ համացանցի տարածումը ողջ հանրապետությունում, բավարար չէ էլեկտրոնային հասարակություն ունեցող երկիր համարվելու համար»,- ասում է Դեհերյանը և ավելացնում, որ «երկու կողմից փակ սահմաններ ունեցող Հայաստանի համար այս անսահման տարածությունը կարող է կայունություն, մրցունակություն և զարգացում ապահովել տարբեր ոլորտներում»:

Գրքում ներկայացված է նաև ԼՀԱ-ի հեղինակած «Առցանց լրագրողի վարքականոնը», որով հեղինակները նպատակ ունեն նպաստելու համացանցում հանրային տեղեկատվություն տարածողների մեդիա գրագիտության մակարդակի բարձրացմանը:

Միջոցառման ընթացքում կազմակերպության փորձագետները նաև իրենց դիտարկումները ներկայացրին նախագահական ընտրությունների նախընտրական փուլում համացանցի` որպես տեղեկատվության այլընտրանքային աղբյուրի կիրառման վերաբերյալ:

«Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գիրքը հրատարակվել է «Իրազեկ ընտրող» ծրագրի շրջանակներում:  Աջակիցներն են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակը, որոնց ներկայացուցիչները ևս մասնակցում էին միջոցառմանը:

Գիրքը կտարածվի անվճար հիմունքներով լրագրության, հեռահաղորդակցության, տեղեկատվական  տեխնոլոգիաների  ուղղությամբ  մասնագիտացող  ուսանողների, դասախոսների, լրագրողների, ինչպես նաև ոլորտով հետաքրքրվող քաղաքացիների շրջանում: Գրքի էլեկտրոնային տարբերակը հնարավոր է ներբեռնել www.jnews.am/book-access-zone էջից:

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ հիմնվել է 2007թ.` նպատակ ունենալով  խրախուսել և աջակցել տեղեկատվության բազմազանությանը, այլընտրանքային տեղեկատվության տարածմանը, ազատ խոսքի արտահայտմանը, ինչպես նաև անկողմնակալ լրատվամիջոցների զարգացմանը: 2012թ. «Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպությունը «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» անկախ ժյուրիի կողմից ճանաչվել է տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն:   

Դիտվել է 2284 անգամ:
Print Friendly

Leave a Reply