Հայրիկյանը չի բացառում նախագահի ընտրությունների մրցապայքարից իր դուրս գալը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 8, 2013 16:32

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, որը Երևանի Ս.Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում հետվիրահատական շրջանն է անցնում, ՇԱՆԹ-ին տված հարցազրույցում այսօր չբացառեց մրցապայքարից իր ընդհանրապես դուրս գալը.

” Կամ պիտի օգտվեմ ընտրությունները 2 շաբաթով երկարաձգելու իմ իրավունքից և դիմեմ Սահմանադրական դատարան, կամ էլ ասեմ՝ կներեք ինձ հավատացողներ, ես դուրս եմ գալիս ընտրություններից, ասեմ՝ իմ անունը մի գրանցեք”։

Թեկնածուն դժգոհեց ցավերից, թևի անշարժությունից, ձեռքի մատների թմրելուց, իսկ նախընտրական առումով, որ իրեն “խաղից արդեն հանել են. 8 օր է՝ քարոզարշավի չի մասնակցում”։

“Էսպես չի լինի, ես որպես թեկնածու չկամ, թեկուզ 20 տոկոս էլ ունենամ ասեք, բայց ես չկամ”։

ՀՀ նախագահի թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտնել այսօր, մինչև ժամը 18։00-ն։ Ինչից հետո ԿԸՀ-ն հաստատելու է քվեաթերթիկի նմուշը, և նրանում չի նշվի միայն այն թեկնածուի կամ թեկնածուների անունը, որոնք մինչև այդ ժամը կներկայացնեն ինքնաբացարկ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանից news.shanttv.com-ը տեղեկացավ, որ այսօg ժամը 14։00-ի դրությամբ որևէ թեկնածու ինքնաբացարկի դիմում չէր ներկայացրել ԿԸՀ։

Թեկնածու Արամ Հարությունյանն ավելի վաղ news.shanttv.com-ին ասել է, որ ինքնաբացարկի դիմումն ինքը ԿԸՀ ներկայացնելու է իր մեկօրյա հացադուլի ավարտին այսօր՝ ուղիղ ժամը 17։00-ին։

Արտակ Հովհաննիսյան
ՇԱՆԹ, news.shanttv.com

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply