Որո՞նք են խափանման միջոցները

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | February 14, 2013 7:01

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է խափանման միջոցներին, որի 134-րդ հոդվածում բացահայտվում է դրանց բովանդակությունը:

Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված են խափանման հետևյալ միջոցները`

1) կալանավորում,

2) գրավ,

3) ստորագրություն` չհեռանալու մասին,

4) անձնական երաշխավորություն,

5) կազմակերպության երաշխավորություն,

6) հսկողության հանձնել,

7) հրամանատարության հսկողության հանձնել:

Այս խափանման միջոցներից յուրաքանչյուրն ունի կիրառման իր առանձնահատկությունները: Կալանավորումը և գրավը կարող են կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ: Հսկողության հանձնելը կարող է կիրառվել միայն անչափահասի նկատմամբ: Հրամանատարության հսկողությանը հանձնելը կարող է կիրառվել միայն զինծառայողի կամ զինապարտի նկատմամբ` զորահավաքներ անցնելու ժամանակահատվածում: Ընդ որում, վերոհիշյալ խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված: Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին:

Խափանման միջոցները կիրառվում են որոշակի հիմքերով: Այսպես, դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից,

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությունը քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով,

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք,

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց,

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարումը:

Կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության դեպքում, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել ՀՀ քր. դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները:

Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`

1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը,

2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը,

3) տարիքը և առողջական վիճակը,

4) սեռը,

5) զբաղմունքի տեսակը,

6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը,

7) գույքային դրությունը,

8) բնակության մշտական վայրի առկայությունը,

9) այլ էական հանգամանքներ:

 

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 2488 անգամ:
Print Friendly

Leave a Reply