Նախագահի թեկնածուները ոսկե սարեր են խոստանում

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | February 8, 2013 13:54

 Յուրաքանչյուր նախագահի թեկնածու պետք է ներկայացնի նախընտրական ծրագիր, որպեսզի ընտրողները կարողանան հասկանալ, թե նա ինչ է ուզում անել նախագահ դառնալուց հետո: Այդ ծրագիրը նաև անհրաժեշտ պայման է, որպեսզի հետագայում տվյալ ընտրողները հենց այդ ծրագրային առաջարկների համատեքստում հաշվետվություն պահանջեն ու գնահատեն նրա աշխատանքը:

 Ի՞նչ տնտեսական դրույթներ են առաջարկում թեկնածուներն իրենց ծրագրերով

 

Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը, օրինակ, որպես տնտեսական քաղաքականության տեսլական, իր ծրագրում նշում է. բացառել պետական պաշտոնի և բիզնես գործունեության համատեղումը, ապահովել գործատուի և աշխատողի շահերի և օրինական իրավունքների գործուն պաշտպանությունն ու նրանց փոխադարձ ընկալումը, սկսել ազգային հարստության բաշխման ներկայում գոյություն ունեցող համամասնության փոփոխության գործընթացը: Այդ սկզբունքները ենթադրում են, որ ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ նաև ազգային հարստություն հանդիսացող բնական պաշարների և այլ ռեսուրսների արդյունահանումից և օգտագործումից ստացված եկամուտների իրենց մասնաբաժինը: Արման Մելիքյանն իր ծրագրով առաջարկում է նաև բացառել մենաշնորհները, տնտեսությունը դարձնել մրցակցային, բացառել օտարերկրյա ու տեղական ներդրողների նկատմամբ մինչ այժմ կիրառվող պաշտոնեական դրամաշորթության պրակտիկան: Իսկ զարգացումը, ըստ թեկնածուի, պայմանավորված է մարդկանց բարեկեցության աճով և նախատեսում է նրանց կողմից սեփական կյանքը ձևավորելու հնարավորություն:

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իր ծրագրով առաջարկում է ազգային եկամուտն արդար բաշխել, ինչի համար պետության տնտեսական քաղաքականությունը պետք է հիմնվի հետևյալ սկզբունքների վրա. ընդերքը և չվերականգնվող բնական ռեսուրսները հավասարաչափ պատկանում են ներկա և ապագա սերունդներին, այդ պատճառով ընդերքի և չվերականգնվող բնական ռեսուրսների շահագործումից ստացված ազգային եկամուտը չպետք է դուրս հանվի պետության սահմաններից և բնական ռեսուրսների արդյունահանման արդյունքին համարժեք պետք է կուտակվի որպես ազգային պաշար` ոսկե կամ այլ ստրատեգիական պահուստների տեսքով: Ըստ այս թեկնածուի ծրագրի`  աղքատները չպետք է հարուստներին հավասար հարկեր վճարեն, և քանի դեռ երկրում կա աղքատություն, պետությունը չի կարող հարկել բնակչության սպառողական ծախսերը (ավելացված արժեքի հարկ, շրջանառության հարկ), բացառությամբ պերճանքի առարկաների, ալկոհոլի և ծխախոտի: Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ արտադրական ռեսուրսների ճակատագիրը չի կարող կախված լինել մարդկանց նեղ խմբի կամքից, հետևաբար խոշոր ձեռնարկություններն անպայման պետք է լինեն կոլեկտիվ սեփականություն, իսկ քաղաքացիները պետք է ունենան առաջնահերթ հնարավորություն իրենց խնայողությունները ներդնելու ազգային բաժնետիրական ընկերություններում, որոնց գործունեությունը պետք է լինի պետության և հասարակության հսկողության ներքո:

Նշված բոլոր դրույթները կյանքի կոչելու համար Ղուկասյանն առաջարկում է Ազգային զարգացման յոթնամյա ծրագիր, որը պետք է դառնա պետական, մասնավոր և հասարակական ներդրումների, արտադրության ծավալների, գնագոյացման մեխանիզմների և այլ տնտեսական լուծումների համաձայնեցված ծրագիր:

Տնտեսական ամենամանրամասն ծրագիրը ներկայացրել է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: Նա իր «Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն» նախընտրական ծրագրով առաջարկում է 100 կետից բաղկացած  գործողությունների, հիմնավորումների և ժամկետների համախումբ: Հաշվի առնելով, որ նրա ներկայացրած ծրագիրը բավականին ընդարձակ է` համեմատած մյուսների հետ, նշենք միայն մի քանի առանձնահատկություններ:

Բագրատյանը չի խոստանում նոր աշխատատեղեր: Նա խոստանում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում քաղաքացիներն իրենք կկարողանան աշխատատեղեր ստեղծել: Իսկ այն մեծ ծրագրերում, որոնք պետությունը կիրագործի, Բագրատյանի համոզմամբ, ինքնըստինքյան աշխատատեղեր կստեղծվեն: Բագրատյանն առաջարկում է նաև պրոգրեսիվ հարկային քաղաքականություն: Ըստ այդմ, ինչքան շատ ես վաստակում, այնքան շատ ես վճարում: Բագրատյանը նշում է, որ փոքր բիզնեսը պետք է քիչ հարկվի և կարողանա հեշտությամբ վերաճել, միջին բիզնեսը մի փոքր ավելի շատ հարկեր պետք է մուծի, իսկ խոշորի դեպքում արդեն հարկային բեռը կլինի այնքան մեծ, որ ձեռնտու չի լինի խոշոր բիզնեսով զբաղվելը: Սա, ըստ Հրանտ Բագրատյանի, հնարավորություն կտա խուսափելու մենաշնորհներից, անբնական մոնոպոլիաներից և այլն: Բագրատյանն առաջարկում է նաև հանքա-հումքային արդյունաբերության մեջ վերացնել բնության պաշարների, բնության վերականգնման համար վճարները: Նախագահի այս թեկնածուի ծրագրով նախատեսվում է պետական եկամուտների հավաքման աստիճանը յուրաքանչյուր տարի բարելավել 1.5 տոկոսով` 2017 թ. այն հասցնելով 27.5 տոկոսի:

Նախկին վարչապետը կարծում է նաև, որ պետք է իրականացվեն որոշակի և հստակ քայլեր, որպեսզի գործարարությունը տարանջատվի պետական կառավարումից, իշխանության ղեկին հայտնված գործիչը պետք է ունենա չեզոք կառավարչի ձևական ու բովանդակային բոլոր հատկանիշները։ Բագրատյանի ծրագրով նախատեսվում է 2013-2017 թթ. Հայաստանում և ԼՂՀ-ում հիմնել առնվազն երկու տասնյակ ինովացիոն կենտրոններ, տեխնոպարկեր և լաբորատորիաներ, բոլոր մարզային կենտրոններում պետք է բացել գործարարության աջակցության պետական կենտրոններ, որոնցում ֆիզիկական և իրավաբանական անձինք 2 տարի, առանց որևէ վճարման, պետք է հնարավորություն ունենան զարգացնելու իրենց ինովացիոն ձեռնարկատիրական ծրագրերը:

Ընդհանուր առմամբ, նախկին վարչապետի ծրագրում, որքան էլ այն իր կառուցվածքով ու բովանդակությամբ առավելագույնս համապատասխանի նախագահի թեկնածուի նախընտրական ծրագրին առաջադրվող պահանջներին, առանձին նոր գաղափար չի առաջարկվում, քանի որ նշված և մյուս գաղափարները բազմիցս արծարծվել են թե՛ նախկին ընտրությունների թեկնածուների ծրագրերում, թե՛ մամուլում: Եվ հիշողություն ունեցող ընտրողը չի կարող հաշվի չառնել, որ տվյալ թեկնածուն, ի տարբերություն մնացած հավակնորդների (բացառությամբ գործող նախագահի) արդեն եղել է իշխանության ղեկին և հիմնականում արել իր առաջարկությունների ճիշտ հակառակը: Նա ծրագրում է վերացնել մենաշնորհը, մինչդեռ փաստ է, որ իր և իր պաշտպանած քաղաքական ուժի օրոք է դրվել դրա հիմքերը: Եվ փաստ է, որ իր օրոք է իրականացվել Հայաստանի արդյունաբերության փոշիացումը: Մի՞թե ընտրողը պետք է առաջնորդվի «նա, ով կարողացել է հաջողությամբ ավերել, նա էլ կարող է հաջողությամբ վերականգնել» տրամաբանությամբ:

 Նախագահի մյուս թեկնածուն` Րաֆֆի Հովհաննիսյանը, իր ծրագրի տնտեսական հատվածում ամրագրում է, որ համաշխարհայնացման արդի պայմաններում տնտեսության առաջանցիկ զարգացման համար օրախնդիր են գերակա ոլորտ ճանաչված տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը և համաշխարհային շուկայում ՀՀ մրցակցային դիրքերի ամրապնդմանը միտված արմատական քայլերի իրականացումը, տեղական հումքի վրա հիմնված ռեսուրսախնայողական ու գիտատար արդյունաբերության զարգացման խթանումը: Հայաստանը հումք արտահանող երկրից պետք է վերածել հումք վերամշակող և վերջնական արտադրանք թողարկող երկրի: Իսկ 10 տոկոսի տարեկան տնտեսական աճը տնտեսության ներկա կառուցվածքի դեպքում, Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, ավելի պակաս սոցիալ-հասարակական արդյունք ունի, քան կունենար փոքր ու միջին բիզնեսի հաշվին գրանցված 5 տոկոսի տնտեսական աճը: Ուստի թեկնածուն խոստանում է ապահովել տարեկան առնվազն 10 տոկոսի տնտեսական աճ, ընդ որում, տնտեսական աճի ցուցանիշի մեջ ՓՄՁ-ի դերը շեշտակիորեն կավելանա` 5 տարվա ընթացքում հասնելով 55-65 տոկոսի: Պրոգրեսիվ հարկային օրենսդրության ներմուծում է առաջարկում նաև նախագահի այս թեկնածուն, չնայած չեն նշվում մանրամասն տվյալներ, թե ինչ սանդղակներով, ինչ ձևով է այն իրագործվելու:

«Տնտեսության մեջ մենաշնորհների վերացման ու մրցակցության հաստատման շնորհիվ, ինչպես նաև տնտեսության ապաքրեականացման ու ՀՀ միջազգային հեղինակության բարձրացման միջոցով Հայաստանի տնտեսության մեջ տեղական և օտարերկրյա ուղղակի ներդրումների  ծավալը առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսում է հասցնել միջինը տարեկան առնվազն 1,5 մլրդ դոլարի` հնարավորություն տալով տարեկան ստեղծելու միջինը 36 հազար աշխատատեղ (5 տարում` 180.000 հազար)` ամսական 200.000 դրամ միջին վարձատրությամբ»,- իր ծրագրում նշում է Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն այս կետն իրատեսական չի թվում, քանի որ կախված է ոչ թե իրագործողի կամքից, այլ տարբեր, առավել ևս օտարերկրյա տնտեսվարողների կամքից, ու այստեղ բերված ցանկացած թիվ խիստ պայմանական ենք համարում:

Պարույր Հայրիկյանի ծրագրում բացակայում են տնտեսական դրույթները: Վարդան Սեդրակյանն էլ հայտարարել է, որ իր ծրագրի հենասյունը կլինի հայոց էպոսը: Թե էպոսում ինչով է արտահայտված տնտեսական քաղաքականությունը, Սեդրակյանը դեռևս չի պարզաբանում, բայց ասում է, որ բոլոր տեսակի հարկերը վերացնելու է նախագահ դառնալու դեպքում:

Հայաստանի Հանրապետության գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն էլ իր ծրագրում նշում է, թե Հայաստանի տնտեսական զարգացումն առաջնորդվելու է բարձր արտադրողականության և տեխնոլոգիական նոր որակ կրող արդյունաբերության ձևավորման, արտաքին շուկաներում տեղական արտադրողի և արտահանողի համար բարենպաստ ռեժիմների երաշխավորման, երկրի ներսում ազատ տնտեսական գոտիների կայացման, արդյունավետ արտաքին ներդրումների ներգրավման ու գործարար միջավայրի համակարգային բարելավման քաղաքականությամբ:

«Այսուհետ խելամիտ շուկայական կարգավորումը փոխլրացնելու ենք իրական հատվածում պետության արդյունավետ միջամտությամբ` առաջին անգամ ակտիվ տնտեսական քաղաքականությունը դարձնելով զարգացումն ուղղորդող հիմնական գործելաոճ»,- նշվում է նախագահի ծրագրում: Սակայն, ի տարբերություն մնացած բոլոր թեկնածուների ներկայացրած ծրագրերի, այս դեպքում օբյեկտիվ հարց է առաջանում` ինչու մինչ այժմ այդ ամենը չէր արվում:

Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանն իր ծրագրում նշում է նաև, որ արդյունաբերական քաղաքականությունը մտնում է ակտիվ իրագործման փուլ: Երկրի արդյունաբերական համակարգի ձևավորման առանցքը կազմելու են մրցունակ տեխնոլոգիաներ կիրառող ու նորարարական արդյունք ստեղծող ոլորտները:

«Այս նպատակին հասնելու համար կարևորում ենք արտադրության և իրացման գլոբալ արժեշղթայում Հայաստանի դերի մեծացմանը նպաստող համարձակ նախագծերի իրականացումը: Հեղինակավոր ընկերությունների ներգրավում, ազատ տնտեսական գոտիների արդյունավետ գործարկում, միջազգային շուկայում հայկական ծագում ունեցող ապրանքների հեղինակության ու ճանաչելիության բարձրացման միջոցառումներ. սրանք են լինելու երկրի տնտեսությունը արտահանմանն ուղղված զարգացմանը տանող առաջնային գործիքները»,- նշվում է Սերժ Սարգսյանի ծրագրում: Բայց եթե ուշադիր հետևենք կառավարության վերջին` առնվազն 2 տարվա հայտարարություններին, ապա այս ամենի մասին բազմիցս խոսվել է, թե հենց այդպես էլ արվում է:

Դիտվել է 1605 անգամ:
Print Friendly

Leave a Reply