«Նախագահի թեկնածուի խոստումը պետք է առաջընթացի հույս ներշնչի»

Հարցազրույց | | February 7, 2013 15:44

Հարցազրույց  «Սոցիոմետր»  անկախ  սոցիոլոգիական  կենտրոնի  տնօրեն Ահարոն Ադիբեկյանի  հետ

- Ձեր սոցհարցումներով պարզե՞լ եք, թե ընտրական  գործընթացների  նկատմամբ բնակչության որ տոկոսն է անտարբեր:

- Կարելի է ասել, որ «ստանդարտ» անտարբեր է բնակչության 30-35%-ը, որոնց  մեջ  մտնում են թոշակառուները,  հաշմանդամներն ու  դեռևս  քաղաքական  դաշտի մասին որևէ կարծիք չունեցող մինչև 18  տարեկան  երիտասարդները: Ուստի սոցհարցումներն անցկացվում են բնակչության 65%-ի շրջանակներում, և  այդ  տոկոսը  մեզ  համար մշտապես համարվում է  շեմ: Սակայն այդ  65%-ի  մի  մասը  հետաքրքրության  տարբեր աստիճան ունի: Օրինակ` երկրի  ղեկավարման  վերաբերյալ դրական  է արտահայտվում հարցվածների 50-52%-ը, բացասական՝ 40-47%-ը: Հիշենք, որ ՄԱԿ-ի  չափորոշիչներով` բնակչության  45%-ն աղքատ է,  իրեն աղքատ է  համարում 20%-ը, որից  7%-ն ընչազուրկ է:  Միջին  հաշվով հիմնականում  տրամադրությունները  դրական  են: Մենք  ունենք  նաև տատանվողների  բանակ: Երբ հարցնում ենք, թե  ինչը  կարող է  ձեզ տանել  ընտրատեղամաս (իսկ դա  ինձ  համար  շատ  կարևոր թիվ է), ասում են` եթե  լավ  քարոզեն, մեր ձայնը  կտանք, մի մասն էլ, թե կընտրի, եթե  լուծեն  իր  անձնական  այս կամ այն հարցը: Մի  մասն էլ  հակված է վաճառելու սեփական  ձայնը, նրանք  կազմում են  հարցվածների  5%-ը: Սուպերմարկետներում,  խանութներում, հիվանդանոցներում աշխատող մի ստվար  խումբ (նրանց թիվը գերազանցում է 150000-ը), որոնց աշխատաժամանակը ձգվում է մինչ  կեսգիշեր,  ասում են. «Ինձ փոխարինելու դեպքում կգնամ քվեարկելու»: Ահա  այսպիսին է վիճակը, թեև արդեն ունենք հստակ  ձևավորված  ու  հիմնական  էլեկտորատ:

- Քաղաքական  PR-ի մակարդակը, որակըծախսված գումարները, թեկնածուի նախընտրական  կարգախոսը կարո՞ղ են նպաստել ընտրողների թվաքանակի ավելացմանը:

- Միանշանակ այո, քանի որ  մենք  նախ  հաշվի ենք առնում  թեկնածուի ճանաչելիության  վարկանիշը: Այդ առումով ամենաճանաչված թեկնածուն Սերժ Սարգսյանն է՝ 96%,  Ր.Հովհաննիսյանը՝  63% էր,  այսօր արդեն 83% է, Հ. Բագրատյանն ուներ 30%,  այսօր այդ  թիվը  գրեթե կրկնապատկվել է` 53%,  և Հայրիկյանը, որ ուներ համեստ ցուցանիշ` 20%, այսօր ունի 82,3%,  մյուս   4 թեկնածուների վարկանիշը (Ա. Մելիքյան, Ա. Հարությունյան, Ա. Ղուկասյան, Վ. Սեդրակյան )  տատանվում է 16-21%-ի սահմաններում, թեև  շարունակ  պնդում են, որ հաղթելու են:

Ինչ վերաբերում է  կարգախոսին, ապա տատանվողների  համար դա  լուրջ  ուղեցույց է,   թե  թեկնածուն  ինչ է ուզում  և  ինչ է  բերելու իր  հետ: Եթե  նա  քարոզարշավի  ընթացքում խոստանում է  հաստատել  արդարություն,  օրինականություն,  պայքարել  կաշառակերության  դեմ,  ապա  նրան ոչ ոք  ձայն  չի  տա, քանի որ ոչ ոք  չի  հավատա, որ  5 տարում Հայաստանում այդ  ամենը հնարավոր է վերականգնել:

- Եթե անգամ խոստացողը գործող  նախագա՞հն է:

- Նույնիսկ  այդ  դեպքում, միևնույն  է,  չեն  հավատա: Գիտե՞ք,  խոստումը  պետք է  լինի  մեկ քայլ  առաջ, որպեսզի  նրան  հավատան, խոստումը  պետք է առաջընթացի հույս  ներշնչի:

- Այս  ընթացքում  պարզեցի՞ք, թե ընտրական  գործընթացի վրա  ինչ ազդեցություն  կունենա Պ.Հայրիկյանի  հետ կապված  միջադեպը:

- Նախ ասեմ, որ ինչ-որ  մեկը փորձեց  մեր նախընտրական  խաշի  մեջ  մի  կտոր թրիք  գցել,  սակայն նրա  իսկության բացահայտումը ոստիկանության  գործն է: Ոմանք փորձում են  մեզ պիտակավորել որպես վայրագ ժողովուրդ,  թե իբր անկարող ենք անցկացնել նորմալ  ընտրություններ, կրակում ենք  միմյանց  վրա: Իհարկե,  պատճառներն ու  հետևանքներն այլ են, սակայն ամեն  դեպքում  չպետք է ուռճացնենք եղածը, մինչդեռ  սիրում ենք  ճանճը  փիղ դարձնել: Ըստ  իս,   Պ. Հայրիկյանը չպետք է հետաձգի ընտրությունների  օրը, քանի որ սենսացիան  ապրում է  մեկ  շաբաթ, հաջորդ  շաբաթ այն  մոռացվելու է, ու քանի որ  այսօր  նա ալիքի  վրա է, ապա  պետք է օգտվի այդ «ղսմաթից»:  Ինչ  վերաբերում է այս  ընթացքում  կայացած նրա  PR-ին, ապա նման  բան  Հայրիկյանը  չէր էլ  կարող երազել, ուստի  իր  շահերից է  բխում ընտրությունների  օրն անփոփոխ թողնելու որոշումը: Եթե Հայրիկյանը  խելամիտ  վարվի, ապա այս  ընթացքում իր բարձրացած վարկանիշի շնորհիվ հաջողություններ  կգրանցի:

- Չե՞ք մտահոգվում, երբ Ձեր սոցհարցումների անաչառությանը  կասկածանքով են  վերաբերվում:

- Իմ  սոցհարցումների արդյունքների հավաստիությանը  կասկածում են  նրանք, ովքեր ուզում են  արդարացնել  իրենց  պարտությունը: Ի  տարբերություն «Գելափի» կամ այլ  սոցիոլոգիական  կազմակերպությունների, իմ  տվյալներն ավելի  իրական  են, «Սոցիոմետրի» կանխատեսումներն  ապահովել են  100%-անոց  արդյունք, քանի որ  մեր աշխատանքի  տեխնոլոգիան  բոլորովին այլ է,  այդպես ոչ ոք  չի աշխատում: Ես աշխատում եմ  կոնկրետ այն  թեկնածուի  համար, որը  ցանկանում է  ընտրությունների  միջոցով  արդյունքի  հասնել:

Հարցազրույցը` Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply