Պլաստիկ վիրաբուժության երեկն ու այսօրը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 9, 2013 7:12

Պլաստիկ վիրաբուժության առաջացման պատմությունը շատ խճճված է ու մշուշոտ: Ուստի  հաստատ ասել, թե որտեղից է առաջացել վիրաբուժության այս ոլորտը, դժվար է:

Հնագետների կատարած պեղումներով ու գիտնականների ուսումնասիրություններով պարզվել է, որ վիրաբուժական գործողություններ, ինչպիսիք են` կատարակտի հեռացումը կամ գանգի մեջ շաղափով բացվածքը,  կատարվել են դեռևս մ.թ.ա.: Օրինակ`  մ.թ.ա. XVIII դարով թվագրված  Բաբելոնի արքա Համուրապիի օրենքներում կա այնպիսի մի կտոր, որում պարգև է առաջարկվում այն բժշկին, որը կհեռացնի աչքի սպիտակ փառը… բրոնզե դանակով:  Լոնդոնի թանգարաններից մեկում ցուցադրված է տղայի մումիա (Եգիպտոս, մ.թ.ա. II դար), որի քիթը, ականջները ծեփված են հատուկ խեժից: Դա վկայում է, որ վիաբուժական նպատակներով արհեստական նյութեր կիրառվել են դեռևս հին ժամանակներում:

Շատերի համար պլաստիկ վիրաբուժությունը նույնանում  է «պլաստիկ» հասկացության հետ, որը հունարենից թարգմանաբար նշանակում է` «լցնել կաղապարը, ձուլել»:

Պլաստիկ վիրաբուժության պատմության արմատները հասնում են Հին Եգիպտոսի, Պարսկաստանի, Արաբիայի փորձառու և հմուտ բժշկողներին, որոնք վերացնում էին նորածինների  բնածին արատները, ինչպիսին նապաստակի շրթունքն է, և ձեռքբերովի թերությունները, ասենք` կտրված քիթը:

Մարդկության պատմությունը միշտ ուղեկցվել է պատերազմներով: Նշանակում է` միշտ էլ վնասվածքներ են եղել: Մարդիկ նաև  հանցանքներ են գործել, որոնց համար կանգնել են դատարանի առջև ու պատժվել: Հնդկաստանում, օրինակ, հաճախ կտրել են հանցագործի քիթը, իսկ դա նշանակում էր, որ եթե հանցագործը ցանկանում էր թաքցնել իր ով լինելը, ապա գնում էր հեքիմի մոտ, որն էլ ինչ-որ կերպ վերականգնում էր նրա բացակայող  քիթը: Գուցե ոչ այնքան բնականին նման, այնուամենայնիվ` քիթ, որը նախկին հանցագործին նոր` օրենքին հնազանդ կյանք սկսելու հնարավորություն էր տալիս: Առաջին բժիշկը, որը մանրամասն նկարագրել է Հնդկաստանում  միջցեղային կռիվներում կորցրած քթի վերականգնումը  մ.թ.ա. VI դարի բժշկող Սուշատա Սամհիթն է:  Նա քիթը վերականգնելու բարդ` մեր օրերի վիրահատություններին  նման վիրահատություններ  էր կատարում: Բացակայող քթի համար մաշկը վերցնում էր ճակատից  կամ այտից ու  դրանից քիթ ձևավորում, ապա այն պատվաստում պահանջվող տեղում: Ավելի ուշ սիցիլիացի Անտոնիո Բրանկան նման վիրահատություն  կատարեց, սակայն դրա համար մաշկը վերցրեց հիվանդի թևից:

1597-ին Գասպար Տանյակոցին մաշկի փոխպատվաստման վերաբերյալ մի ամբողջ տրակտատ է հրապարակել: Նա ներկայանում էր որպես բժիշկ, որը կարող է  վերացնել ճակատագրի հասցրած ցանկացած թերություն. «Մենք բուժում ու վերականգնում ենք մարմնի մասեր, որոնք տվել է բնությունը, սակայն խլել  է ճակատագիրը: Մենք դա անում ենք ոչ թե աչքին հաճո երևալու, այլ վնասվածք ունեցողին հույս տալու ու նրա հոգուն օգնելու համար»: Ցավոք, նա դատապարտվեց իր ցեղակիցների կողմից, քանի որ իտալացիները նրա գաղափարներն անբնական ու անօրինական էին համարում: Բանն այն է, որ Տանյակոցին հաշվի չէր առել փոխպատվաստման անհամատեղելիության փաստը, ուրիշ մարդուց վերցված  մաշկի փոխպատվաստման վիրահատությունից հետո նրա հիվանդները մահանում էին: Եվ միայն XX դարում կարողացան պարզել, որ այդ խնդիրը պետք էր լուծել հատուկ բուժման եղանակով:

1814-ին Լոնդոնում Ջոզեֆ Կարպյուն  ճակատից վերցված մաշկից լիարժեք քիթ ստացավ, ու դրանից հետո էր, որ պլաստիկ վիրաբուժությունը բոլորովին նոր փուլ թևակոխեց: Սկսեցին տարբեր մեթոդներ մշակել, ու պլաստիկ վիրաբուժությունը վերածվեց հասարակության մեծագույն ձեռքբերման:

Երբ սկսվեց   Առաջին համաշխարհային պատերազմը, ընդհանուր պրակտիկայի վիրաբույժներից բացի , հարկավոր էին էսթետիկ վիրաբուժության մասնագետներ, որոնք կկարողանային  վերացնել հրազենային վնասվածքների հետքերը: Այդ ժամանակ ստեղծվեցին կենտրոններ, որտեղ վիրավորներին օգնում էին վերականգնելու առողջությունն ու  նաև նախկին կերպարանքը: Նման մի կենտրոնում և՛ կարելի էր բուժել այրվածքը, և՛ հնարավոր էր  պրոթեզավորել վերջույթներն ու ապաքինվել վնասվածքներից հետո:

Երկրորդ համաշխահային պատերազմի ժամանակ աշխարհի ամենահայտնի վիրաբույժներից մեկը ամերիկացի հայ վիրաբույժ Վարազդատ Գազանդյանն էր, որը ավելի քան 3000 պլաստիկ վիրահատություն էր կատարել: Նա իրավամբ համարվում է պլաստիկ վիրաբուժության հիմնադիրը Միացյալ Նահանգներում, առհասարակ դեմքի պլաստիկ վիրաբուժության մեջ  հիմնարար մեթոդների հիմնադիրը:

Գազանդյանը (1879-1974) 1905 թ. ավարտել է Հարվարդի Ատամնաբուժական քոլեջը: Նա առաջին գիտնականն էր, որ պլաստիկ վիրաբուժության պրոֆեսորի գիտական  կոչում ստացավ, և առաջինն էր ԱՄՆ-ում, որ գրքեր հրատարակեց պլաստիկ վիրաբուժության վերաբերյալ: Վարազդատ Գազանդյանը Ամերիկայի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահն էր, ավելի քան 700 գիտական աշխատությունների հեղինակ:

Խորհրդային ժամանակաշրջանում ընդհանուր բժշկության զարգացման մեջ հատուկ տեղ էր զբաղեցնում պլաստիկ վիրաբուժությունը: Շատ հայտնի անուններ կան, նրանցից է  պլաստիկ վիրաբուժության հայրենական դպրոցի հիմնադիրներից մեկը համարվող Առնոլդ Ադամյանը` ոլորտի նորարար, գյուտարար:  Նա ապրում ու աշխատում էր Մոսկվայում,  ՌԴԳԱ-ի իսկական անդամ էր:Ադամյանը մահացավ  2012-ին:

Իսկ ահա XXI դարը վերածվեց  պլաստիկ  ու էսթետիկ վիրաբուժության «Ոսկե դարի» ու հիմա հանրությանը մատչելի է  նաև գնի առումով ու  շատ պահանջված է:

Ըստ վիճակագրության` ողջ աշխարհում տարեկան կատարվում է 17 մլն պլաստիկ վիրահատություն: Առաջվա պես ամենապահանջվածներից են կրծքի մեծացումը, քթի ձևափոխությունը, դեմքի մաշկի ու կոպերի ձգումը: Հարկ է նշել, որ այսօր տղամարդ հաճախորդների թիվը  ևս գնալով աճում է:

Պլաստիկան` պլաստիկա, սակայն  դրանով չարժե տարվել: Չի բացառվում, որ այն ցանկալի արդյունքը չտա ու շտկելու  փոխարեն` այլանդակի, ինչը հետագայում կարող է առաջ բերել հոգեբանական լուրջ խնդիրներ:  Ուրեմն  թվարկենք  պլաստիկ վիրահատությունների մի քանի պլյուսներ ու նաև մինուսներ:

Հիմնականում ժամանակակից աշխարհում պլաստիկ վիրահատության են դիմում արտաքին թերությունները շտկելու նպատակով: Իսկ պլաստիկ վիրաբույժների  ճանաչումը համեմատելի է  հայտնի կինոգործիչների, երաժիշտների հետ:

Պլաստիկ վիրահատության պլյուսներից է թերությունների վերացումը. օրինակ` շատ մարդիկ վթարներից, հրդեհներից ու աղետներից  հետո չեն կարողանում լիարժեք կյանքով ապրել արտաքինի փոփոխությունների պատճառով: Մասնագետ վիրաբույժները վերացնում են սպիները, այն թերությունները, որոնք խանգարում են մարդուն  լիարժեք ապրել: Մարդը դրանից  հետո նորմալ կյանքի է վերադառնում: Շատերն էլ վիրաբուժական սեղանին են պառկում ոչ թե իրենց ցանկությամբ, այլ` անհրաժեշտությունից ելնելով:

Նոր մեթոդներն էլ հնարավորություն են տալիս խուսափելու հետվիրահատական բարդություններից: Օրինակ` նոր մեթոդների կիրառման շնորհիվ  կնճիռների հարթեցումից հետո մաշկի  ձգվածության զգացում չի լինում, ինչը շատ կարևոր հանգամանք է: Առանց վիրադանակի վիրահատությունները հնարավորություն են տալիս  խուսափելու հետվիրահատական սպիներից: Սակայն յուրաքանչյուր վիրահատություն իր ցուցումներն ու հակացուցումներն  ունի: Պլաստիկ վիրահատության ամենաէական արդյունքը, որը պլյուս է համարվում, գեղեցկացումն ու երիտասարդացումն է: Պլաստիկայի շնորհիվ կանայք ոչ միայն գրավիչ են  դառնում, այլև ինքնավսատահ:

Հետվիրահատական շրջանում առաջացած բարդությունը մինուսներից մեկն է: Մինչ վիրադանակի տակ պառկելը հարկավոր է լավ վերլուծել, թե ինչ ռիսկի եք դիմում: Կնճիռների հարթեցումից հետո հնարավոր է` առաջանան արյունազեղումներ ու մաշկի զգայունության կորուստ: Քթի վիրահատությունը կարող է հանգեցնել քթի ծայրի ձևախախտման ու այտուցի: Մինուսներից կարելի է նշել նաև սթրեսները: Շատերն են վիրահատությունից հետո ընկնում սուր դեպրեսիվ վիճակների մեջ: Ծերացումը կատարվում է ողջ օրգանիզմում: Երբ մարդ պլաստիկ վիրահատության է դիմում, նա երիտասարդանում է արտաքուստ, սակայն ծերացման պրոցեսը մնացած օրգաններում շարունակվում է: Իսկ երբեմն էլ սպիները կարող են սթրեսների պատճառ դառնալ:

Որքան էլ մարդ փորձի երիտասարդացնել իրեն պլաստիկ վիրահատություններով, միևնույն է, բնությանը խաբել անհնար է: Ժամանակն էլ հավերժ չէ: Պլաստիկ վիրաբուժության կարելի է դիմել  արտաքին էական թերությունները շտկելու համար: Իսկ մնացած դեպքերում պարզապես հարկավոր է սովորել ընդունել ամեն ինչ այնպես, ինչպես որ կա` բնականը:

Պլաստիկ վիրաբույժների միջազգային ասոցիացիայի մասնագետները,  հիմնվելով ողջ աշխարհի վիրաբույժների հաշվետվությունների վրա, կազմել են ամենապահանջված վիրահատությունների վարկանշային ցանկը:

Առաջին տեղում կրծքի մեծացումն է իմպլանտների միջոցով: Այս վիրահատության  գծով առաջատար են Չինաստանը, Իտալիան, Մեքսիկան, Բրազիլիան, ԱՄՆ-ն (ըստ աճման կարգի), իսկ Հարավային Կորեայում յուրաքանչյուր 77-րդ բնակիչը դիմում է մասնագետներին` աչքերի բացվածքի վիրահատության համար:

 

Դիտվել է 3205 անգամ:
Print Friendly

Leave a Reply