Սոչիի դահուկուղիներում «բռնվելու» վտանգ չի լինի

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 10, 2013 7:05

Այս օրերին  Ծաղկաձորում ընթանում է  դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը: Այն վարկանիշային է  2014-ին Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի համար, և մեր մարզիկներից բացի, իրենց կարողություններն են փորձում նաև այլ երկրների ներկայացուցիչներ: Հայաստանի դահուկորդների առջև դրված խնդիրների մասին ահա թե ինչ ասաց  դահուկային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Գյումրու ձմեռային մարզաձևերի դպրոցի տնօրեն Սլավիկ Սարգսյանը:

 – Եռուն շրջան է, և Հայաստանի ձյունառատ ձմեռը հնարավորություն է տալիս, որ մեր մարզիկները տեղում մարզվեն, նաև մեկնարկների դուրս գան: Շունչ առնելու ժամանակ չկա, քանի որ հաջորդ տարվա սկզբին կայանալու են հերթական օլիմպիական խաղերը: Նպատակն այն է, որ Հայաստանի դահուկորդները հնարավորինս շատ միջազգային վարկանիշային մեկնարկների մասնակցեն, օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք նվաճեն: Մեր մարզիկները լավ են հանդես եկել Ֆինլանդիայում կազմակերպված միջազգային մրցաշարում  և միավորներ են վաստակել: Հայաստանի առաջնությունում էլ նրանք փորձում են զարգացնել հաջողությունը: Այս ստուգատեսի ավարտից հետո կհամալրվի մեր ընտրանին, որը փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ը կմասնակցի Իտալիայում կազմակերպվելիք աշխարհի առաջնությանը: Ի դեպ, փետրվարի 18-25-ը Ռումինիայում անցկացվելու է Եվրոպայի ձմեռային երիտասարդական օրեր փառատոնի ծրագրով մրցաշարը, որին Հայաստանից կմասնակցեն Սլավիկ  Սիմոնյանը և Արայիկ Գրիգորյանը: Մարզիչն է Հովհաննես Սարգսյանը:

 Հայաստանի դահուկորդներից ովքե՞ր են հավակնում ձեռք բերելու օլիմպիական խաղերի վարկանիշ:

Արդեն առաջադրանքը կատարել է և ուղեգրի է արժանացել Սերգեյ Միքայելյանը: Աննա Մխիթարյանն էլ լավ արդյունքներ է ցույց տվել, միավորներ է վաստակել և շատ մոտ է հասնելու նույնպիսի հաջողության: Խնդիր է դրված, որ Հայաստանից  օլիմպիական խաղերում հանդես գա առնվազն երկու մարզիկ: Բայց ձգտելու ենք, որ այդ ստուգատեսում ունենանք չորս մասնակից:

 Մարզագույքի, հանդերձանքի խնդիր կա՞:

– Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Երիցյանն ամեն բան անում է, որ բոլոր հարցերը լուծվեն: Մեր առաջատար մարզիկներն ապահովված են ժամանակակից հանդերձանքով, մարզագույքով, դահուկներով, անհրաժեշտ բոլոր պիտույքներով, նաև դահուկների տարբեր տիպի  քսայուղերով: Մրցումների ժամանակ, կախված եղանակից, տարբեր տիպի դահուկների քսայուղեր են օգտագործվում: Նախկինում մեր մարզիկները շատ էին տուժում, քանի որ դրանք ձեռք բերելու համար խնդիրներ էին առաջանում:

 Մեր առաջատար դահուկավազորդը` աշոցքցի Սերգեյ Միքայելյանը, վերջին տարիներին կտրուկ բարելավել է իր ցուցանիշները: Հնարավո՞ր է, որ Սոչիում նա ավելի հաջող հանդես գա, քան այդ արել է նախորդ օլիմպիական խաղերում:

– Դա պարտադիր պահանջ է: Սերգեյը 2012-ին Թուրքիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում զբաղեցրել էր 7-րդ տեղը: 2013-ին էլ Չեխիայում կայացած մինչև  24 տարեկանների աշխարհի երիտասարդական առաջնությունում ազատ ոճով դահուկավազքում 30 կմ մրցատարածությունում հայտնվել էր18-րդ, իսկ 15 կմ մրցատարածությունում` 15-րդ հորիզոնականում: Բոլորն էլ լավ արդյունքներ են: Ի դեպ, Աննա Մխիթարյանն էլ մեծ հույսեր է ներշնչում: Նա 17 տարեկան է, Գյումրիի մարզադպրոցի սան  և աստիճանաբար բարելավում է իր արդյունքները: Այս երկու մարզիկներին Միջազգային օլիմպիական կոմիտեն ֆինանսավորում է, որպեսզի նրանք ամեն ամիս ուսումնամարզական հավաքների և միջազգային մեկնարկների մասնակցեն: Նոյեմբերից այդ աշխատանքն ընթացում է: Մարզիկները պարապել և  պարբերաբար մեկնարկների են մասնակցել: Վերջերս Ուկրաինայի Խարկով քաղաքում Աննան առաջին անգամ հանդես եկավ մեծահասակների միջազգային մրցումներում և, լավ տպավորություն թողելով, 10 կմ մրցատարածությունում 19-րդ տեղը գրավեց:

 Ձեր ղեկավարած Գյումրիի մարզադպրոցի սաները բարվո՞ք պայմաններում են պարապում:

– Այս տարի ձյունառատ է: Վազքուղիները համապատասխան տեխնիկայի օգնությամբ մաքրվում են, կարգի բերվում: Շաբաթ և կիրակի օրերին պարտադիր մեկնարկներ են անցկացվում, մարզական զանգվածային միջոցառումներ: Նախատեսված է նաև փետրվարի 9-ին մրցումներ անցկացնել` նվիրված  առաջիկայում կայանալիք Հայաստանի  նախագահի ընտրություններին:

 Նախկինում տարաձայնություններ կային Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մասնագետների միջև: Ներկայումս ի՞նչ վիճակ է:

– Այժմ ամեն ինչ հարթ է: Բոլոր մասնագետների համար էլ աշխատելու պայմաններ են ստեղծված: Մեր բոլոր ուժեղագույն մարզիկներն էլ իրենց կարողությունները միջազգային մեկնարկներում ստուգելու հնարավորություն են ստանում:

 Բացի մեր առաջատար երկու մարզիկներից, կա՞ն նաև այնպիսիք, որոնք հույսեր են ներշնչում:

– Թադևոս Պողոսյանը, Մյասնիկ Ղարիբյանը, Կատյա Գալստյանը, Լիլիթ Տոնոյանը, Հայկանուշ Երիցյանը ևս հնարավոր է` օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերեն: Աշխարհի առաջնությունից հետո Ռուսաստանում, Բելառուսում, Չեխիայում, Թուրքիայում միջազգային մեկնարկներ են կայանալու, որոնց մասնակցելու են նաև Հայաստանի տարբեր տարիքի ուժեղագույնները, որոնց հետ հույսեր ենք կապում: 1998-ից Հայաստանի  ներկայացուցիչները ձմեռային օլիմպիական խաղերի դահուկավազքի մրցումներին մասնակցում են վարկանիշ լրացնելուց հետո և կարողություններն են փորձում  5 կմ և 10 կմ մեկնարկներում:

 Այդուհանդերձ, քիչ չեն դեպքերը, երբ նախկինում մեր մարզիկներն օլիմպիական մրցուղիներում պայքարը կիսատ են թողել: Երաշխիք կա՞, որ 2014-ին էլ նույն բանը չի կրկվի:

– Դա կատարվել է միայն այն դեպքերում, երբ ուժեղագույնները մրցատարածության շրջանն անցել են, և «բռնել են» մերոնց: Կարգն է այդպիսին, այդ իրավիճակում հայտնվող մարզիկները պարտավոր են դուրս գալ երթուղուց, և մրցավարները նրանց հանում են, որպեսզի չխանգարեն ուժեղներին: Վերջին անգամ մերոնց հետ  այդպիսի բան կատարվել է 2006-ին Թուրինում կազմակերպված օլիմպիական խաղերում: Այժմ մեր դահուկավազորդների պատրաստվածության մակարդակն անհամեմատ բարձր է, և այդպիսի տխուր իրավիճակները բացառվում են:

 

Դիտվել է 1877 անգամ:
Print Friendly

Leave a Reply