Մահացել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 7, 2013 13:22

Այսօր առավոտյան մահացել է անվանի բանաստեղծ, ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը: Բանաստեղծը տառապում էր թոքի քաղցկեղով, նախորդ տարի բուժում էր ստացել Իսրայելի հատուկ մասնագիտացված բուժհաստատությունում:

Բանաստեղը բազմաթիվ ժողովածուների հեղինակ է: Արժանացել է մի շարք մրցանակների` ՀԼԿԵՄ մրցանակի դափնեկիր է, Ավ. Իսահակյանի անվան գրական մրցանակակիր, Վահագն մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացու մեդալակիր և այլն:

2010 թվականին հրատարակված “Երբեք չմեռնես-ահա թե ինչ կասեմ քեզ” ժողովածի համար 2011-ին արժանացել է ՀՀ պետական մրցանակի գրականության և հրապարակախոսության ոլորտում:

“Երբեք չմեռնես”. մահվան մահճում
Թախանձագին հորդորում էր ինձ հայրս:
Եվ նայելով նրա մշուշված աչքերին՝
Ես դառնությամբ հասկացա, թե ինչ ծանր է
Մեռնել ցերեկվա լույսերի մեջ ողողված,
Երբ պատուհանից երևում է դիմացի պատշգամբը,
և մի կին պատշգամբում պարանից կախ է տալիս իր մաքրամաքուր լվացքը,
հետո զնգում է սխալված հեռախոսը, և տղամարդու
մի ջահել ձայն բացատրում է, որ այն, ինչ վերցրել է վաղուց,
հենց հիմա չի կարող վերադարձնել, որովհետև…
հետո վերևի հարկում շրխկոցով բացվում է դուռը,
և երեխաների զվարթ ճիչ ու աղմուկը
լցվում է միջանցք, տարածվում վերև ու ներքև,
այնուհետև՝ աշխարհով մեկ
և դրանից երկնքի կապույտն ավելի է պայծառանում
և ավելի է թանձրանում դառնությունը…
երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ, -
խնդրեց հայրս վերջին անգամ
և փակեց աչքերը”:

Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945թ. Գյումրիում: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: “Անկախ”-ի խմբագրակազմը ցավակցում է բանաստեղծի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:

Դիտվել է 690 անգամ:
Print Friendly

Leave a Reply