Պետության կողմից ձեռք բերված ինսուլինն արդեն բաշխվում է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | February 2, 2013 15:18

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պետության կարիքների համար 2013թ. ինսուլինի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս մասին հաղորդում են Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հաշվի առնելով շաքարային դիաբետով տառապող հիվանդներին ինսուլինով ապահովելու անհետաձգելի պահանջի բավարարման անհրաժեշտությունը` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հաստատվել է ինսուլինային սրվակների բաշխացուցակը և հանձնարարվել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության բաժնին ու Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին` մրցույթի արդյունքների հիման վրա ընդունել և 1-2-օրյա ժամկետում ինսուլինային սրվակները բաշխել Երևանի և ՀՀ մարզերի բժշկական հաստատություններին:

Անհրաժեշտ դեղամիջոցը հիվանդներին հնարավորինս արագ հասցնելու նպատակով Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնը կաշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին։ Նախարարությունը միաժամանակ Երևանի և մարզերի բուժհաստատությունների ղեկավարներին հորդորում է` ինսուլինի բաշխումը կազմակերպել հնարավորինս արագ և սահուն։

Հայցելով շահառուների ներողամտությունը` հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերջին շրջանում ինսուլինի բաշխման կարճաժամկետ ընդհատումը կապված էր պետության կարիքների համար 2013թ. ինսուլինի գնման գործընթացների հետ։

Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply