Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի անդամները՝ ԱԺ-ում

Պաշտոնական, Օրվա լուր | | February 2, 2013 14:50

Փետրվարի 2-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Բահրեյն բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Բահրեյնի Թագավորության խորհրդարանի Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերի այցը Հայաստան, ԱԺ ՀՀ-Բահրեյն բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը, կարեւորելով միջխորհրդարանական կապերի հետագա աշխուժացումը երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների խորացման գործում, հույս հայտնեց, որ պատվիրակության ներկա այցը նոր ազդակ կհանդիսանա արդյունավետ փոխգործակցության համար:

Կողմերը ներկայացրին խորհրդարանների գործունեությունը, առկա ներքաղաքական ու տնտեսական իրավիճակը, երկուստեք կարեւորվեց համատեղ ծրագրերի իրականացումը:

Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Հայաստանում ընթացող նախագահական ընտրություններին, նշեց, որ քաղաքական ուժերն ու իշխանությունները վճռական են տրամադրված, որպեսզի դրանք անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ:

Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրը, բարեկամական խմբի ղեկավարը նշեց, որ հայկական կողմը պաշտպանում է հարցի խաղաղ եւ բանակցային ճանապարհով լուծումը, ինչին խոչընդոտում է Ադրբեջանն իր ռազմատենչ կեցվածքով ու մարդասպան սաֆարովներին հերոսացնելու քաղաքականությամբ:

Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով՝ Գալուստ Սահակյանը ներկայացրեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունները, նշելով, որ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը էապես կմեղմեր լարվածությունը ողջ տարածաշրջանում: Դա է ակնկալում նաեւ միջազգային առաջադեմ հանրությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության ղեկավար Հասան Իյադ Բու Խամասը կարեւորեց երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացումը, կիսելով հայ գործընկերների այն տեսակետը, որ այդ խնդրում մեծ է նաեւ միջխորհրդարանական համագործակցության դերը: Նա նպատակահարմար համարեց երկու խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով շփումների աշխուժացումը, ինչը կնպաստի նաեւ կապերի ակտիվացմանը գործարար, մշակութային, զբոսաշրջության եւ շատ այլ ոլորտներում:

Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, իրենց տեսակետները ներկայացրին նաեւ բարեկամական խմբերի՝ հանդիպմանը մասկանից մյուս անդամները:

Դիտվել է 604 անգամ:
Print Friendly

Leave a Reply