«Դա իմն է, իմ տունն է, իմ հողն է…» Քաշաթաղը` երևանցի երիտասարդի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 1, 2013 15:00

Բնիկ երևանցի Գոռ Եսայանի ընտանիքը 1998 թ. տեղափոխվեց Քաշաթաղ վերաբնակեցման: Գոռն այդ ժամանակ 18 տարեկան էր: Հայրն ապահովվեց աշխատանքով, ընտանիքին տրամադրվեց հողատարածք, սեփական տուն, և նրանք բավականին հեշտ հարմարվեցին նոր կյանքին: «Սկզբում կային որոշ դժվարություններ, բայց մենք մեզ օտար չէինք զգում, երևանցիների կարոտը չէինք զգում, քանի որ մեր միջավայրում հենց երևանցիներ էին»,-ասում է նա:

Գոռը Քաշաթաղից զորակոչվեց բանակ` ծառայելով Հայաստանում, ապա կրկին վերադարձավ Քաշաթաղ: Այժմ նրանք ապրում են Քաշաթաղի շրջկենտրոնում` Բերձորում: Գոռը սովորել է Արցախի պետական համալսարանի ճարտարապետական բաժնում, հետո` Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, այժմ էլ հոգեբանություն է սովորում Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայում` պատրաստվելով գիտական թեզի պաշտպանությանը: Նա աշխատում է Քաշաթաղի արվեստի և սպորտի դպրոցում որպես ուսումնական գծով փոխտնօրեն:

Այնքան կապված է Քաշաթաղին, որ անգամ Երևան տեղափոխվելու և իր աշխատավարձի քառակին ստանալու գայթակղիչ առաջարկին չի տրվում: «Համենայն դեպս, դեռ Քաշաթաղում եմ,- ասում է նա,- 15 տարի է` էնտեղ եմ, ունեմ ընկերներ, դա, ի վերջո, իմն է, իմ տունն է, իմ հողն է: Երբ ծնվում ես մի տեղ, որտեղ ամեն ինչ կայացած է, հեռանալն այնքան էլ դժվար չէ: Բայց մենք այնտեղ զրոյից ենք ամեն ինչ ստեղծել, և ես դա համարում եմ իմը»:

Քաշաթաղի վերաբնակեցման ծրագիրը սկսվել է 1994 թվականին: Գոռն ասում է, որ մինչև 2003-2004 թթ. գործընթացը վերելք էր ապրում, բայց երբ շրջանի ղեկավար Ալեքսան Հակոբյանը պաշտոնից ազատվեց, բնակչության թիվը կտրուկ նվազեց. «Վերաբնակիչները վերադառնում էին նախկին բնակավայրեր: Եթե մինչև 2004-ը բնակչության թիվը պաշտոնական տվյալներով, որը միգուցե փոքր-ինչ չափազանցված է, 13-15 հազար էր, 2004-ին, կրկին պաշտոնական տվյալներով, մոտ 7000: Եթե գոնե կանգ լիներ, էլի լավ կլիներ, բայց թիվն անընդմեջ նվազում էր: Այսօր էլ Քաշաթաղից վերաբնակիչները հեռանում են»:

Գոռ Եսայանի կարծիքով` Քաշաթաղի վերաբնակեցման ծրագիրը սկզբում լավ էր ընթանում ոչ միայն հաջող ղեկավարի շնորհիվ, այլև այն պատճառով, որ մարդկանց որոշակի արտոնություններ էին տալիս` հողատարածք, տուն, անվճար էլեկտրաէներգիա և այլն: «Ինտենսիվ շինարարություն էր գնում, հիմա մարդկանց միայն շինանյութ են տալիս, այն էլ` ոչ միանգամից, այլ ձգձգումներով»:

Ինչպես բոլոր մարզերում, Քաշաթաղում նույնպես կյանքն ակտիվ չէ: Այդ առումով Գոռը կարևորում է երիտասարդների համար մշակութային, հասարակական, ժամանցային կենտրոնների ստեղծումը: «Մեր դպրոցն այդ ֆունկցիան փորձում է կատարել, բայց դա շատ քիչ է: Պետք է նախ և առաջ գյուղերում կյանքն ակտիվացնել, կառուցել ակումբներ, որպեսզի երիտասարդները գոնե մի տեղ ունենան հավաքվելու»:

Քաշաթաղի արվեստի և սպորտի դպրոցը մոտ 200 սան ունի: Գյուղերում դասարաններ ունի: Տնօրենը Գոռ Մանուկյանն է: Նա նույնպես Քաշաթաղ է գնացել Երևանից, 2000 թվականին:

Բերձորում երկու հանրակրթական դպրոց կա: Նախկինում, ըստ Գոռ Եսայանի, Քաշաթաղի շրջանում շուրջ 55 դպրոց կար: Կարծում է` դպրոցների մի մասը հիմա փակվել է: «Քանի որ գնում են, նաև մանկավարժների խնդիր կա,- ասում է նա,- Բերձորի դպրոցները լավն են, մասնագետներ կան, արդյունքներն էլ են լավը. երեխաների մեծ մասը բուհ է ընդունվում և՛ Ստեփանակերտում, և՛ Երևանում»:

3377 քկմ տարածքով Քաշաթաղի շրջանն ունի 94 բնակավայր, որոնցից 53-ը` համայնքի կարգավիճակով: Ինչպես մի առիթով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն է ասել. «Ուժեղ, զարգացած և վերաբնակեցված Քաշաթաղի առկայությունը կայուն նախադրյալներ կստեղծի ամրացնելու համար մեր դիրքերն ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, այնպես էլ ճակատային գծում` դարձնելով այն առավել պաշտպանված և անվտանգ»:

Նա նաև նշել է, որ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում շրջանում այնպիսի մթնոլորտ ձևավորելու համար, որտեղ գերակայող լինեն օրենքն ու ազգային շահերից բխող որոշումները:

Մեր զրուցակիցը` Գոռ Եսայանը, հուսադրող խոսքեր ասաց օրենքի գերակայության առումով: Ավելին, նրա խոսքով` ողջ Ղարաբաղում է օրենքի գերակայություն:

Օրենքի գերակայությունը կարևոր գործոն է վերաբնակիչներին պահելու համար, բայց միայն դա բավարար չէ: Քաշաթաղն այսօր առաջվա տեմպերով չի վերաբնակեցվում, ընդհակառակը, բնակիչների թիվը նվազում է, և դրա պատճառները նախ և առաջ սոցիալական պայմաններն են:

Ինչ վերաբերում է հասարակական սեկտորի ակտիվությանը, ապա Գոռն առանձնացրեց երկու հասարակական կազմակերպություն, որոնք առավել ակտիվ են. մեկն ավելի վաղ ստեղծված «Հայ երիտասարդներ» ՀԿ-ն է, որի հիմնադիր-անդամ է նաև Գոռը, մյուսը մոտ երկու տարի առաջ ստեղծված «Քաշաթաղցիներ» հայրենադարձության և վերաբնակեցման հասարակական կազմակերպությունը: Առաջինը երիտասարդներին հուզող տարբեր խնդիրներով է զբաղվում, կազմակերպում միջոցառումներ, հիմնականում` ինտելեկտուալ, մյուսը` Քաշաթաղի վերաբնակեցման քարոզով: Երբ Գոռին հարցրի, թե այդ կազմակերպություններն ունե՞ն կայքէջեր, պատասխանեց` ոչ: Այդ կազմակերպությունները չկան նաև ֆեյսբուքում: Փոխարենը Ֆեյսբուքում գտա  «Քաշաթաղ» անունով մի խումբ, որում առանձնապես կարևոր տեղեկատվություն չկար Քաշաթաղի մասին: Վերջին գրառումն էջի ադմինիստրատորի կողմից արվել էր նախորդ տարվա մայիս ամսին, վերջին զանգի միջոցառման վերաբերյալ:

Համացանցը փորփրելիս հայտնաբերեցի «Քաշաթաղցիների» բլոգը, որտեղ մի հետաքրքիր գրառում աչքս ընկավ. «Մենք քաշաթաղցի ենք» վերնագրով: Ահա այն. «Քաշաթաղը հետաքրքիր միավորող հատկություն ունի, այստեղ մարտունեցիները, քյավառցիները, ապարանցիները, սիրիահայերը, ինչպես նաև յոնջլախցիները, երրորդմասցիները, մասիվցիները հավաքվել են, միավորվել են`  հայացնելու մի տարածք, որն ավելի քան երեք դար առաջ էր հայաթափվել: Դրա հետ մեկտեղ ձևավորվել և ձևավորվում է նոր հանրույթ` քաշաթաղցի, որը միավորող է, ոչ տարանջատող, ինտեգրող է և ինտեգրվող, վերռեգիոնալ է և նորռեգիոնալ:

Քաշաթաղում մենք ունենք ընդհանուր ազգային նպատակի շուրջ գիտակցված կամ ակամա միավորված մի հանրույթ, որը պարտադրված է ունենալու ռեգիոնալ ինքնագիտակցությունից վեր` ազգային ինքնագիտակցություն, քանի որ այլ կերպ ուղղակի հնարավոր չէ ապրել հայերի այս խառնարանում, որտեղ անընդհատ ինչ-որ բան փոխվում է, որտեղ ամեն ինչ շարժվում է ու զարգանում, որտեղ բոլոր անհատները աշխույժ պայքարում են հասարակության մեջ իրենց տեղն ու դերն ամրապնդելու, ինքնահաստատվելու համար, որտեղ ճանաչվում ու ամեն մանրամասներով յուրացվում է Հայրենիքը, որտեղ գիտակցվում է նրա ընդլայնման անհրաժեշտությունը և իրականացվում այն: Միայն համազգային նպատակն է, որ այստեղ կարող է լինել միակ չափանիշը, առանցքը, որով որոշվում են լավն ու վատը, օգտակարն ու վնասակարը, դրականն ու բացասականը: Այնպես որ հպարտությամբ ասենք` մենք քաշաթաղցի ենք»:

Դիտվել է 1596 անգամ:
Print Friendly

Leave a Reply