Կովկասում ամեն վայրկյան կարող է պատերազմ ծագել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 4, 2013 14:00

Ադրբեջանը շարունակում է ինտենսիվ զինվել: 2012 թ. նա զենքի և ռազմական տեխնիկայի ներմուծումով  18-րդ տեղն էր զբաղեցրել: Ըստ ԱՊԱի, այդ մասին հաղորդվել է Միջազգային կենտրոնի զենքի վաճառքի վերլուծությունում (SAMTO): Ըստ կենտրոնի կազմած վարկանիշի` Ադրբեջանն անցած տարի 804 մլն ԱՄՆ դոլարի զենք է գնել: Ամենաշատ ներմուծողների ցուցակի առաջին տասնյակը գլխավորել է Հնդկաստանը (13 մլրդ 239 մլն դոլար): Ցուցակի հաջորդ հորիզոնականները զբաղեցրել են Իրանը, Օմանը, Ավստրալիան, Սաուդյան Արաբիան, Թայվանը, Ալժիրը, Չինաստանը, Իսրայելն ու Ինդոնեզիան:

 Ինչո՞ւ և ո՞ւմ դեմ է սպառազինվում Ադրբեջանը

 

Սովորաբար երկրները սպառազինվում են, երբ պատրաստվում են պատերազմի, կամ երբ նրանց մրցակիցներն են ակտիվ սպառազինվում, այդ դեպքում նրանք սպառազինվում են իրենց անվտանգությունն ապահովելու նպատակով: Իսկ երբ խոսքն Ադրբեջանի մասին է, որի քաղաքական և իշխանական վերնախավը վերջին 20 տարիներին մշտական սպառնալիքներն ու ահաբեկումն են դարձրել իրենց արտաքին քաղաքականության կիզակետը, ապա ակնհայտ է, որ այդ երկիրը պատրաստվում է:

Ուրեմն ո՞ւմ դեմ է պատերազմի պատրաստվում Ադրբեջանը, եթե այդ երկիրը, բացի Հայաստանի հետ սառեցված պատերազմ ունենալուց, հակասություններ ունի նաև Իրանի հետ, ու դեպքերի զարգացումները, ակնհայտորեն տանում են նրան, որ ակներև է դառնում նաև Ռուսաստանի հետ հակասությունները:

Ռուսական «Военное обозрение» ամսագրում հրապարակվել է Ալեքսանդր Սամսոնովի «Ու՞մ դեմ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը» խորագրով հոդվածը, որում ասվում է. «Ադրբեջանը շարունակում է ընդլայնել ռազմական հզորությունը, և դա արդեն իսկ սկսում է իր ազդեցությունն ունենալ անդրկովկասյան այդ պետության արտաքին քաղաքականության վրա: «Գլոբալ ռազմականացման ինդեքս – 2012»-ի (GMI) համաձայն` Ադրբեջանը հանդիսանում է մոլորակի ամենառազմականացված երկրներից մեկը: Ադրբեջանը զբաղեցնում է 8-րդ տեղը, նրա ռազմական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 5.7 տոկոսը (համեմատության համար` ԱՄՆ-ի պարագայում դա կազմում է 4.7 տոկոս, իսկ Ռուսաստանի պարագայում՝ 3.02 տոկոս)»:

Սամսոնովը նշում է, որ հետխորհրդային այդ երկիրն օգտագործում է իր վիթխարի նավթային պաշարները, որոնք նրան դարձրել են աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը զենքի գնման ու ազգային ռազմարդյունաբերական համալիրի զարգացման առումով: Ռազմական ծախսերի դինամիկան բավական տպավորիչ է. 2004-2012 թթ. երկրի ռազմական բյուջեն 170 մլն դոլարից աճել է մինչև 3.2 մլրդ դոլարի: Ադրբեջանին սպառազինություն հիմնականում մատակարարում են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Թուրքիան, Իսրայելը և այլ երկրներ: Միայն 2011 թ. Ադրբեջանն Իսրայելից գնել է 1.6 մլրդ դոլարի զենք:

«Այսքանից հետո, ո՞ւմ դեմ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը: Հասկանալի է, որ առաջին նպատակը Լեռնային Ղարաբաղն է: Որքան հզորանում են Ադրբեջանի զինված ուժերը, այնքան ագրեսիվ է դառնում ադրբեջանցի քաղաքական գործիչների ու հասարակության տոնը: Դա շատ վտանգավոր պահ է. ի հայտ է գալիս բանակի օգնությամբ արտաքին քաղաքական խնդիր լուծելու գայթակղություն: Իրավիճակը վատթարացնում է այն փաստը, որ ընդհանուր առմամբ տարածաշրջանը ենթարկվում է ուժեղ անկայունության, և իրավիճակն էլ ավելի վատթարացման միտում ունի: Բաքուն կարող է ռիսկի դիմել «պղտոր ջրում ձուկ որսալու համար»: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն փաստը, որ տարածաշրջանում Ադրբեջանը երկու ուժեղ դաշնակից ունի: Թուրքիան կարող է աջակցել Ադրբեջանին, ընդ որում, քաղաքական ու բարոյական առումներով ոչ միայն ընդդեմ Հայաստանի, այլև հնարավոր է` Ռուսաստանի ու Իրանի դեմ: Իսրայելն աջակցում է Ադրբեջանի զինված ուժերի ու ռազմական արդյունաբերության համալիրի զարգացմանը, որպեսզի սպառնալիք ստեղծի Իրանի համար: Բացի այդ, Բաքուն գլոբալ մակարդակի կարևորության «տանիք» ունի ի դեմս ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի, որոնց հետ Ադրբեջանը համագործակցում է ակտիվորեն: Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու և 1991-1994 թթ. ռազմական հակամարտությունում կրած պարտության համար ռևանշի հասնելու գայթակղությունն ավելի ուժեղ է, քան տարածաշրջանում առկա իրավիճակը: Վերջին ժամանակներս Բաքվի հռետորաբանությունը սկսել է Կովկասում նոր պատերազմի մտավախություններ առաջացնել: Սակայն Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում ոչ միայն Հայաստանի դեմ: Երկարատև հեռանկարում  հնարավոր են կոնֆլիկտներ Իրանի ու Ռուսաստանի հետ: Դեպի հարավ էքսպանսիայի տեղեկատվական նախապատրաստման ցուցիչները բավական շատ են, ինչպես նաև Ռուսաստանի ուղղությամբ արված հարձակումները»,- նշում է ռուս վերլուծաբանը և շարունակում, որ Ռուսաստանը կարող է ինքնաբերաբար ներառվել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ` առանց պատերազմելու որևէ ցանկության: Որովհետև ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական բանակի հարձակման դեպքում Հայաստանը մի կողմ քաշված չի մնա: Ռուսաստանն էլ, ՀԱՊԿ-ի շրջանակներում, Հայաստանի հանդեպ ստանձնել է ազգային անվտանգության երաշխավորի պարտավորություններ, պատերազմը նաև կարող է շոշափել Հայաստանում նրա քաղաքական շահերի ու նրա քաղաքացիների անվտանգությունը:

Ադրբեջանի հետ Ռուսաստանի բախումն իր հերթին կարող է հանգեցնել Թուրքիայի հետ հակամարտության: Իսկ Ադրբեջանի ու ԼՂՀ-ի սահմանում տիրող իրավիճակը բավական լարված է: Անզեն աչքով տեսանելի է Իրանի դեմ ագրեսիայի հնարավորությունը, որը կարող է հարձակման ենթարկվել ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից: Զուր չէ, որ հենց Իսրայելն է հանդիսանում Ադրբեջանի զինված ուժերի արդիականացման, ռազմական արդյունաբերության համալիրի հնարավորությունների մեծացման հիմնական գործընկերներից մեկը:

Ռուսաստանի համար ԼՂՀի հարցը լուծված է

Անհրաժեշտ է ընդգծել նաև այն փաստը, որ Բաքուն ընդլայնում է ոչ միայն ցամաքային զորքերի հարվածային հզորությունը, այլև՝ ռազմածովային ուժերի հնարավորությունները:

Հստակ է մեկ բան. Իրանի վրա հարձակումից հետո հակամարտության գոտում անմիջապես, առանց միջանկյալ փուլերի, ներառվելու են Կովկասն ու Միջին Ասիան:

Եվ ռազմական հակամարտությունը, որում Ռուսաստանը հստակորեն կլինի Ադրբեջանի հակառակորդների բանակում, հավանական է. ադրբեջանական Vesti.Az-ին տված հարցազրույցում այս է ասել Գլոբալացման և սոցիալական շարժումների ռուսաստանյան ինստիտուտի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը:

Ըստ նրա` Ղարաբաղում հակամարտությունը կարող է նույնիսկ օգտակար լինել, մասնավորապես` նավթային շուկայում հակառակորդի` Ադրբեջանի թուլացման առումով:

Ադրբեջանական կայքի լրագրողի հարցին, թե կարող է Ռուսաստանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, եթե որոշեն խոցել Ստեփանակերտի օդանավակայանից թռչող ինքնաթիռները, քաղաքագետը պատասխանել է. «Կարծում եմ` Ռուսաստանը Ադրբեջանի վրա ճնշում կգործադրի: Ռիսկերը նրա համար այսուհետ մեծ են: Հայաստանի հետ Ռուսաստանը խոշոր գործարար նախագծեր ունի: Դրանցից մեկը պղնձի արդյունահանումն է, որի համար վայրենաբար կտրվում է Թեղուտի անտառը: Ադրբեջանն իրեն մեծ ռիսկի կենթարկի, եթե որոշի սկսել պատերազմը հենց հիմա»:

Ներկայացնելով այս տարի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իր կարծիքը` Կոլտաշովն ասել է, որ ավելի շատ կանխանշաններ կան, որ Մոսկվան վեճն արդեն լուծված է համարում: Ադրբեջանի փորձերը` ապացուցելու հակառակը, անտեսվելու են: Ըստ նրա` Եվրամիությունը որևէ լուրջ ազդեցություն ունենալ չի կարող, իսկ ԱՄՆ-ն ստվերում կմնա:

Այս ամենն առանձնահատուկ հետաքրքրություն է սկսում ձեռք բերել հատկապես այն պայմաններում, որ հունվարի 28-ին Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ նշվում է, որ քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանին վերաբերող հարցեր, և արձանագրվել է, որ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, հստակեցվել են սկզբունքները և այլն:

Եվ հատկանշական է նաև այդ օրը տեղի ունեցած մեկ այլ իրադարձություն. հայոց բանակի «ծննդյան» օրը` հունվարի 28-ին, դաշնակցի բանակի օրվա կապակցությամբ Հայաստան ժամանեց ոչ այլ ոք, քան հենց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն` գերատեսչական մեծ պատվիրակությամբ: Թե որն է նրա այցի իրական նպատակը, կարելի է միայն ենթադրել ու պատկերացնել:

Ամեն դեպքում մեր տարածաշրջանում կուլիսային գործընթացներ են զարգանում, որոնք հետզհետե առավել պայթյունավտանգ են դարձնում իրավիճակը մեր տարածաշրջանում:

Դիտվել է 1692 անգամ:
Print Friendly

Leave a Reply