Դավաճանությունը ստիպեց հեռանալ կինոյից

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | February 5, 2013 12:00

Այս տարի լրացավ է 30 տարինինչ էկրան բարձրացավ Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմը: Ավելի քան 10 տարի է, ինչ ֆիլմում Ալեքսանդրայի դերը կատարած Նատալյա Վավիլովան  չի նկարահանվում: Նա  կարծես ընդհանրապես հեռացել է ասպարեզից: Ապրում է ամառանոցում` ամուսնու` ռեժիսոր Սամվել Գասպարովի հետ, զբաղվում է տնտեսությամբ ու բարեգործությամբ: Խուսափում է հարցազրույցներիցԱմուսինը կնոջ նման վարքագծի պատճառը բացատրում է  թերթերում գրված բամբասանքներով: Նա պատմում է.

– 90-ականների վերջին ու 2000-ականներին մի շարք հրապարակումներ եղան նրա մասին, ու նա  շատ կոտրվեց. գրել էին, որ նա այնպես է գիրացել, որ քայլել չի կարողանում: Իսկ հետո` իբր ամուսնացել է գերմանացու հետ, մեկնել Գերմանիա երեխայի հետ, հետո էլ բաժանվել է ու  հիմա  էլ ապրում է Իսրայելում:

Ամենաշատը զայրացնում է  այն, որ այ ստահոդ լուրերը լրագրողներին էին մատուցում կինոյի աշխարհի մարդիկ: Նրանք, ովքեր լավ գիտեն, որ մենք ավելի քան 20 տարի է` ամուսնացած ենք:

Մի անգամ, գնում եմ Կինոյի տուն, որտեղ հազվադեպ եմ լինում, հանդիպում եմ իմ համակուրսեցուն, բավական հայտնի մեկին: Նա աչքերը պլշեց վրաս. «Դու կենդանի՞ ես, իսկ մենք քեզ վաղուց ենք թաղել ու շատ ազդվեցինք, այդ առիթով էլ խմեցինք: Մեզ ասացին, որ քեզ սպանել են»:

Ինչն է զարմանալի. նրանք խմել են իմ հոգու հանգստյան համար, սակայն մեկը չի զանգել` Նատաշային հարցնի` իսկապե՞ս Սենային սպանել են: Ուրեմն զարմանալու բան չկա, որ մենք այդ արատավոր միջավայրում մեզ չգտանք: Դրա համար բոլորին խնդրում ենք` մեզ ձեռք մի տվեք: Խնդրում ենք, մեզ հանգիստ թողեք:

Ժամանակին խոսակցություններ եղան, որ Նատաշա Վավիլովան վնասվածք է ստացել նկարահանումների ժամանակ, ինչից հետո հեռացել է կինոյից:

Դրա մասին Սամվել Գասպարովը պատմում է.

– Նատալյան Յուրի Բորեցկու «Նիկոլայ Պոդվոյսկի» ֆիլմում գլխավոր դերն էր կատարում: Ըստ սյուժեի` նա պետք է ձիով թռչկոտեր ու մինչ նկարահանումները  մարզվում էր, հրաշալի էր իրեն պահում թամբին: Սակայն չորրորդ օրը սխալմամբ նրան ուրիշ ձի են բերում`  հիվանդ մեջքով: Ձին խրտնում է: Անգամ կողքից նայելն էր սարսափելի: Երբ այլևս ուժ չկար, Նատալյան թողեց սանձը:

Նա ողնաշարի վնասվածք  ստացավ: Երկու շաբաթ պառկեց հիվանդանոցում: Իսկ ինչպե՞ս վարվեց ռեժիսորը: Գոնե բացատրեր, որ երկար սպասել չեն կարող, մի ընդհանուր  հայտարարի գային: Առավել ևս, որ մեղքն իրենցն էր: Բայց չէ, նրանք եկան հիվանդասենյակ, ասացին. «Նատաշա, մ՛ի ասա, թե ոնց եղավ: Այլապես մեզ բոլորիս կազատեն աշխատանքից: Իսկ մենք կսպասենք քեզ որքան պետք է` մեկ տարի, երկու… Այդ դերում մենք միայն քեզ ենք տեսնում»: Իսկ Նատալյան ոսկի սիրտ ունի, նա պատասխանեց.«Վատ մի զգացեք, ինչ եղել է, եղել է: Բայց 2 օր հետո նրան հայտարարում են.«Կներես, ստուդիան պլան է կատարում, մենք մեկ ուրիշին ենք բերել»: Նատալյան ամեն ինչ հասկացավ: Որոշ ժամանակ անց հանդիպում եմ այդ ռեժիսորին, նա հարցնում է. «Դե, ինչպե՞ս է Նատաշան»: Մեծ ցանկություն ունեի մի լավ մռութին հասցնելու: Սակայն որոշեցի ձեռքերս չկեղտոտել: Մինչդեռ Նատալյային շատ քիչ էր պետք սպասել, ընդամենը 2 շաբաթ: Շնորհակալություն բժիշկներին: Դրանից հետո ես նրան Եվրոպա տարա` հոգեկան ուժերը վերականգնելու նման դավաճանությունից: Այդ ժամանակ նրա մեջ որոշում էր հասունանում…

Երբ վերադարձանք, նրան ոչ մի լուրջ առաջարկ չէր արվում, մինչդեռ այն ժամանակ դեռևս  արժեցող դերում հաստատ կնկարհանվեր: Այդ շրջանում էր, որ լուր տարածվեց, թե Վլադիմիր Մենշովը մտադիր է «Մոսկվան արցունքներին չի հավատում»  ֆիլմի շարունակությունը նկարահանել: Մենշովն իմ համակուրսեցին է, գիտի, որ ես ու Նատաշան ինչ ծանոթացել ենք ֆիլմի պրեմիերայի ժամանակ, էլ չենք բաժանվել: Նա իբր չի կարողացել գտնել Նատալյային: Ի՞նչ է, չէ՞ր կարող գտնել Նատալյային, եթե կամենար: Այո, նա է ռեժիսորն ու ընտրության իրավունք ունի,  ուրեմն էլ ի՞նչ  կարիք կար տարածելու, թե «դերասան Վավիլովային գտնելն անհնար է»:

Նատաշան շատ խոցելի մարդ է: Մենք մեր կյանքն ունենք, ապրում ենք Նատաշայի նախագծով կառուցված տանը,  հող ունենք, որը բարձր պարսպով է պատված, հսկայական շուն ունենք`  Բոյ անունով ալաբայը, որն իսկական պրոֆեսոր է: Ու բացի մտերիմներից ու ընկերներից, ոչ ոքի մեր կյանք չենք ուզում թողնել:

Մի ամբողջի  երկու կեսը

– Կան մարդիկ, որոնց հետ ընկերություն չենք անում, սակայն ուրախ ենք  հանդիպել, ուրախանում ենք նրանց հաջողություններով: Ես էլ օպերատորների մեջ ընկերներ ունեի, որոնք կենդանի չեն, ցավոք. ասում են`«լավերն առաջինն են հեռանում, երբ Աստված հրեշտակների կարիք է ունենում»:

Մենք, ճիշտ է, ապրում ենք Ռուբլյովկայում, սակայն տեղի խանութներում գնումներ չենք անում: Երբ վերջանում է մթերքը, Նատաշան նստում է իր մեքենան ու գնում քաղաք` գնումների: Ռուբլյովկայում ամեն ինչ շատ թանկ է. 100 գ միսը` 700 ռուբլի, նույնիսկ տատիկներն են իրենց կեսլիտրանոց տարայով թթուն վաճառում 100 դոլարով:

Մեր հարևաններից է իմ զարմիկը` Վիլլի Խշտոյանը` Նադյա Ռումյանցևայի ամուսինը, ու մի քանի լավ մարդիկ, որոնց հետ շփվում ենք:

Իսկ մեր երջանկության գաղտնիքը… Երբ կինն ամեն ինչ անում է, որ քեզ համար հարմարավետ լինի, ու նույնն էլ դու ես անում, ապա դուք միշտ միասին կլինեք: Մենք 20 տարի միասին ենք, սակայն 7 տարի առաջ ամուսնացանք: Մենք իրար կես խոսքից ենք հասկանում: Մի անգամ նույնիսկ ասացի` Նատաշա, ասես նույն ակնթարթին ենք լույս աշխարհ եկել: Ամենալավ վրացական խոհանոցը մեր տանն է: Վրացական ճաշեր Նատաշան սովորել է իմ մորից: Նրանք միմյանց շատ սիրեցին: Նատաշան իմ դստեր հետ (առաջին ամուսնությունից)  էլ է  լեզու գտել: Ցավոք, նրանք ապրում են Թբիլիսիում, հեռու են: Երկուսիս ծնողներն էլ չկան: Նատաշան իրենց ընտանիքում հինգերորդ երեխան է: Ավագ քույրն ու եղբայրը մահացել են: Նա շատ կապված է զարմուհիների հետ: Այսօր նա ապրում է իր տնով, թանգարաններով, ցուցահանդեսներով, եկեղեցիներով, ուղևորություններով և մտերիմներին օգնելով: Նա երջանիկ է այդ կյանքով:

Ես երջանիկ եմ, որ իմ կողքին նա է,  ու չեմ հոգնում Աստծուն նրա համար երախտագիտությունս հայտնելուց:

Չեմ հավատում Ջեքսոնի մասին  բամբասանքներին

– Գիտեք, ես առաջինն էի, որ Մայքլ Ջեքսոնին Մոսկվա բերեցի: Ու դրա համար մեկուկես մլն դոլար կորցրեցի մեկ գիշերում: Ինձ պարզապես կերան: Մեր  շոու բիզնեսի պրոդյուսերական աշխարհն ապստամբեց: Երկար-բարակ չեմ պատմի, այդ մարդիկ արեցին ամեն ինչ, որ համերգը տապալվի: Ու նրանք  գրեթե հասան իրենց նպատակին:

Համերգի օրը ստադիոնը դատարկ էր, այնտեղ ընդամենը 50 մարդ էր նստած. ահավոր անձրև էր: Մայքլն ու իր պրոդյուսերը կատաղած նստած էին գրիմարանում: Ես հասկանում եմ, որ տանուլ եմ տվել; Նստած եմ լրիվ դատարկված, ու այդ ժամանակ ինձ ասում են` Գասպարով, ձեզ են փնտրում: Մոտենում է մի տարեց կին ու արցունքն աչքերին ասում. «Տղաս, իմ դուստրը, որն ընդամենը 3 տոկոս տեսողություն ունի, նկարել է Ջեքսոնին: Ես աղաչում եմ, թող Ջեքսոնն իր ինքնագիրը թողնի այդ նկարին»:

Ես բացում եմ նկարը, իսկ այնտեղ, անհասկանալի ինչ-որ մեկն է նկարված: Դե, նա այդպես է Ջեքսոնին տեսնում: Մտնում եմ Ջեքսոնի մոտ: Նստած են Մայքլը, Մարսել Աբրահամը` նրա պրոդյուսերը, նրա բժիշկը, որը, ի դեպ, շատ լավ տղա էր ու հրաշալի էր խոսում ռուսերեն: Նայում են վրաս ոնց որ դատապարտյալի: Ես ասում եմ. «Թող Մայքլը  ստորագրի այս նկարի վրա: Սա կույր աղջիկ է նկարել»: Մարսել Աբրահամը քիչ էր մնում ընկներ աթոռից: «Դու կորցրել ես մեկուկես միլիոն: Մենք իզուր թռել եկել ենք Սովետական Միություն: Ու դու եկել ինքնագիր ես խնդրում ինչ-որ աղջկա համա ՞ր: Դու լրիվ ես խելքդ թռցրել»: Ես ասում եմ.«Ինչ-որ աղջի՞կ: Միգուցե այդ ինքնագիրը նրա համար երջանկություն է: Միգուցե այդ ստորագրությունը նրա վրա այնպես  ազդի, որ նա հանկարծ սկսի տեսնել: Ես միևնույն է, արդեն տանուլ եմ տվել: Թող ստորագրի»:

Մայքլը հարցնում է` ին՞չ է պատահել: Նրան  միաբերան սկսում են բացատրել: Ու Ջեքսոնը, որին ես  ընդունում էի որպես տիկնիկի, ոչ թե մարդու, վերցրեց նկարը, ստորագրեց և ասաց. «Նրան ասացեք, որ ես կերգեմ: Դուք այստեղ բոլորդ խելագար եք: Ես չեմ կարող ելույթ չունենալ, եթե մարդիկ նման իրավիճակում են հայտնվում, սրա նման կորցնելով ամեն ինչ, գալիս ու լրիվ անծանոթ կույր աղջկա համար են խնդրում: Իսկ դու (դիմում է ինձ) գնա ու ստադիոն բեր ում ուզում ես»: Ի դեպ, նա այն ժամանակ այդպես էլ չվերցրեց իրեն հասնող հոնորարը: Դրա համար էլ ես չեմ կամենում հավատալ այն կեղտոտ բամբասանքներին, որ տարածում էին նրա մասին:

Ես ուղարկեցի իմ մարդկանց. «Բացեք դարպասները, հրավիրեք բոլորին Մայքլ Ջեքսոնի անվճար համերգին»:  Ու ժողովուրդը լցվեց: Երբ Ջեքսոնը սկսեց երգել, ես գնացի: Չկարողացա մնալ: Տանն ասացի. «Նատաշա, ես ամեն ինչ տանուլ տվեցի»: Իսկ նա պատախանեց. «Հակառակը,  դու շահել ես, համերգն ընթանում է, դու քո աշխատանքն ազնվորեն ես կատարել, իսկ փողերի վրա թքած, եթե անհրաժեշտ լինի, կվաճառենք տունը, ավտոմեքենան ու պարտքերը կտանք: Գլխավորը` դու հաղթեցիր: Նա երգում է, ու մարդիկ նրան լսում են»:

Մեզ համար նման սարսափելի օրը` սնանկացման պահին, ես ոչ մի մեղադրական խոսք ու հանդիմանություն չլսեցի: Երբեք չեմ մոռանա:

Նա ոչ միայն իմ կինն է, իմ ընկերն է, որի հետ ոչինչ սարսափելի չէ:

Դիտվել է 2904 անգամ:
Print Friendly

Leave a Reply