Համեմունքներ և առողջություն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 3, 2013 16:00

Ողջ աշխարհում համեմունքների նկատմամբ ձևավորված որոշակի վերաբերմունք կա: Հնուց մեր օրեր հասած համեմունքների մշակույթը ոչ միայն համ ու հոտ է հաղորդում սննդին, այլև օգնում է վերականգնելու և առաջին հերթին պահպանելու առողջությունը: Իսկ դրանք կիրառելու համար հարկավոր է որոշակի գիտելիքներ ունենալ:

Խոտեր ու համեմունքներ. սրանք  ուտելիքին ոչ միայն ընտիր ու յուրօրինակ համ կարող են տալ, այլև դրական ազդեցություն ունենալ առողջության վրա: Սակայն ինչպե՞ս պետք է ճիշտ պատրաստել կամ կիրառել դրանք, որ օգուտ տան:

Դարչին – Корица- Cinnamomum aromaticum

Օգուտը. կարող է արյան մեջ նվազեցնել շաքարի և խոլեստերինի քանակը: Հարկավոր է օրական 2 անգամ օգտագործել  մեկ քառորդ թեյի գդալ դարչին:

Կարելի է հատապտուղները կամ մանրացրած բանանը խառնել ցածր յուղայնությամբ թթվասերի հետ, ապա  մի քիչ դարչին ու 57 գ շագանակագույն շաքար խառնել:

Քրքում-Куркума- Curcuma longa

Օգուտը. պարունակում է քրքումին, որը կարող է դանդաղեցնել քաղցկեղային բջիջների աճը: Տեխասի համալսարանի ուռուցքաբանության կենտրոնի  պրոֆեսոր Բարաթ Ագարվալը խորհուրդ է տալիս  օրական օգտագործել մինչև 500-800 մգ քրքում:

Ինչպե՞ս կարելի է օգտագործել. 1/4   թ/գ քրքումը խառնել այն ջրի մեջ, որով պետք է  227 գ բրինձ եփեք (սա հնդկական տարբերակ է):

Կոճապղպեղ – Имбирь- Zingiber officinale

Օգուտը. հայտնի է կոճապղպեղի` ծովային հիվանդությունը մեղմելու հատկությունը (սրտխառնուք, որն առաջանում է ճանապարհորդելու կամ թռիչքի ժամանակ) ու կարող է նվազեցնել արթրիտի հետևանքով առաջացած ցավն ու  ուռուցքները: Բուժական նշանակությամբ կիրառվող կոճապղպեղի (փոշու) չափաբաժինը տատանվում է 500-2000 մգ  սահմաններում: Ուշադրություն. ավելի քան 6000 մգ քրքումը կարող է ստամոքսը գրգռել: Այն կարող է արյան մակարդելիությունը  դժվարացնել, ուստի, եթե վերջերս եք վիրահատվել կամ արյունը ջրիկացնող միջոցներ ու ասպիրին եք ընդունել, ապա կոճապղպեղ օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ:

Ինչպե՞ս պետք է պատրաստել. եթե ծովային հիվանդություն ունեք (սրտխառնուք եք ունենում գնացքում, ավտոմեքենայում կամ ինքնաթիռում), ապա փորձեք մի քիչ շաքարապատված կամ բյուրեղացված կոճապղպեղ ուտել:  Քերած կոճապղպեղ կարելի է ավելացնել բանջարեղենին` գազարին կամ կարտոֆիլին կամ էլ թարմ մրգերին. հատկապես` դեղձին:

Վայրի սուսամբար- Орегано-Oregano

Օգուտը. ուսումնասիրությունների  համաձայն` սուսամբարն օժտվածէ հակաօքսիդանտ հատկությամբ:

Պատրաստելու համար հարկավոր է 1/2  թ/գ  համեմունքը լցնել 450 գ թանձրահյութի մեջ` մակարոնով փլավի կամ էլ պիցցայի համար:

Սխտոր- чеснок- Allium sativum

Սխտորը կարծես կարիք չունի լրացուցիչ «գովազդի», սակայն արժե նշել, որ ամերիկացի ուռուցքասննդաբան Քոլինզն ասում է, որ «սխտորը կարող է  քայքայել քաղցկեղի բջիջները, կարող է խախտել ուռուցքների բջիջների նյութափոխանակությունը»:

Սխտորն այնքան հզոր միջոց է, որ անգամ շաբաթական 2 պճեղ օգտագործելը կարող է նվազեցնել քաղցկեղի ռիսկը:

Պատրաստման համար հարկավոր է սխտորը մարմանդ կրակին տապակել ու ավելացնել ասենք` վարսակի փաթիլներին`  կամիր տաքդեղի ու պարմեզան պանրի հետ:

Պապրիկա- Паприка- Paprika 

Սա անծանոթ համեմունք չէ: Այն կարմիր պղպեղն է. բարելավում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, ախորժաբեր է ու խթանում է ենթաստամոքսագեղձի աշխատանքը:

Պարունակում է կապսացին (այդ նյութն է պապրիկային կծվություն հաղորդում), որը հայտնի է հակաբորբոքային ու հակաօքսիդանտ, նաև քաղցկեղի հավանականությունը նվազեցնող հատկությամբ (առկա է նաև կայենի տաքդեղում ու չիլիում): Պատրաստման համար 1,5 թ/գ պապրիկան խառնել 1/2 թ/գ ուրցի, կամիր պղպեղի հետ ու ավելացնել ձեր ցանկացած ուտելիքի մեջ:

Մասնագետները հավատացնում են, որ անքնությանը կօգնեն քրքումն ու դարչինը: Որոշ երկրներում որպես ցավազրկող կիրառում են կոճապղպեղը, մեխակն ու մշկընկույզը: Սրանք կիրառվում են նաև որպես ջերմիջեցնող: Մաղադանոսը օգտագործվում է որպես լեղամուղ միջոց: Հակասեպտիկ հատկություն ունեն կարմիր ու սև պղպեղները, օրեգանոն, քրքումը , մեխակն ու կորիանդրը (համեմի սերմ): Հիլը (կարդամոն) խթանում է մարսողական օրգանների աշխատանքը: Մայորանն օգնում է անքնության դեպքում: Այն նաև շնչուղիների հիվանդությունների դեպքում հակաբորբոքային ազդեցություն է  ունենում: Ուրցն ամրացնում է անոթները, կարգավորում է ջուր-աղային փոխանակությունը: Ռեհանը (բազիլիկ), մասնագետների կարծիքով, ամրացնում է իմունային համակարգն ու խթանում օրգանների աշխատանքը:

Սակայն հարկավոր է ուշադիր ու զգույշ լինել. համեմունքները, բազում դրական հատկություններից ու օգուտներից զատ, ունեն հակացուցումներ:

Ի դեպ, գոյություն ունի մի երևույթ, որը կոչվում է անհատական անընկալություն, որի գոյության մասին կարող է նույնիսկ գաղափար էլ չունենանք, չկասկածենք մինչ այն պահը, երբ  չափից շատ, ասենք, սխտորի օգտագործումը կարող է հանգեցնել շատ դեղամիջոցների ազդեցության թուլացման: Իսկ կարմիր ու սև տաքդեղները խորհուրդ չեն տրվում ստամոքսային հիվանդություններ ունեցողներին: Դաղձը կարող է ոչ բոլորին օգտակար լինել, այն երկարատև կիրառման համար հակացուցված է ցածր ճնշում ունեցողներին, իսկ որոշ մարդկանց մոտ  կարող է ճակատաքունքային ցավ առաջացնել:

Եթե ստամոքսի խնդիր ունեցող մարդը 2-3 պճեղ սխտոր ուտի, ապա հնարավոր է, որ նա ստամոքսի փքվածություն ունենա: Իսկ մեխակը հակացուցված է 2 տարեկան երեխաներին, ճնշում ունեցողներին ու խոցային հիվանդներին:

Մշկընկույզի չարաշահումը կարող է գլխացավ առաջացնել, գլխապտույտ ու սրտխառնուք:  Ուստի ամեն ինչի համար հարկավոր է չափ պահել, չափի զգացում ունենալ. նույնիսկ` համեմունքների: Ու բացի այդ, ուշադիր հետևեք ձեզ, ձեր  օրգանիզմի առանձնահատկությունների իմացությունը հնարավորություն կտա ճիշտ կողմնորոշվելու համեմունքների ընտրության հարցում ևս ու ժամանակին կանգ առնելու:

Դիտվել է 2732 անգամ:
Print Friendly

Leave a Reply