Նոր երկրաշարժ` այսօր առավոտյան. երկրաշարժ զգացող բրազիլական ձկնիկը, սակայն, չէր զգուշացրել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ | | June 19, 2009 15:25

erkrasharj2Այսօր առավոտյան` 08:44-ի սահմաններում, գրանցվել է նոր ցնցում` 0,2-0,5 բալ ուժգնությամբ. էպիկենտրոնը Կոտայքի մարզի Գառնի գյուղից 10 կմ հյուսիս է.
ՀՀ Սեյսմիկ ազգային անվտանգության ծառայության տվյալով`սա վերջին 2 օրերին 11-րդ ցնցումն է նույն գոտում. ցածր ուժգնությունը, ըստ մասնագետների, նշանակում է, որ այն սեյսմիկ էներգիայի մարում է:
Ծառայության պետի տեղակալ Հրաչյա Պետրոսյանն ասում է, որ ծառայությունն ունի բրազիլական թանկարժեք ձկնիկ, որը երկրաշարժից առաջ անհանգիստ շարժվում է, բայց այս անգամ ձկնիկի վարքը չէր փոխվել:
Երեկ կեսօրին ևս երկրաշարժ էր եղել` նույն էպիկենտրոնով` 5 բալ ուժգնությամբ: Երևանում այն 3-4 բալ ուժգնությամբ էր, ինչը խուճապ առաջացրեց բնակչության շրջանում. հատկապես զգալի է եղել Երևանի Ավան համայնքում ու Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որտեղ բնակիչները «դուրս են թափվել» տներից:
Քիչ անց պտտվող լուրը հասավ նաև Երևանի կենտրոն, որտեղ անգամ նախարարությունների աշխատակիցները վախից դուրս էին եկել շենքերից:
Մարդիկ խոսում էին, որ երկրաշարժը կրկնվելու է նաև մինչև ժամը 15:00-ը: Մոնումենտի բնակիչները պատմում են, որ ոմանք, տան ոսկեղենն ու թանկարժեք իրերը հավաքած, դռնեդուռ ընկած, հարևաններին դուրս էին կանչում` զգուշացնելով, որ ցնցումը կրկնվելու է:
Հանրապետության հրապարակում գտնվող Էրեբունի Պլազա հյուրանոցի բիզնես կենտրոնում սեմինարի մասնակիցներին շենքից դուրս էին հանել նույն պատճառով. «Անկախ»-ին այս մասին պատմեց սեմինարի մասնակից Ինգան:
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը հայտարարեց, որ նման կանխատեսումներ չկան և կրկնվելու մասին պտտվող լուրերը ճիշտ չեն: Նա ասաց, որ բազմաթիվ զանգեր են ստանում՝ հարցերով, թե արդյոք կրկնվելու է երկրաշարժը:
Զանգերի տեղատարափ է եղել նաև Հանրային հեռուստատեսությունում: Մարդկանց շրջանում տարածվել է, թե «Հայլուր»-ն է նման լուր հաղորդել, սակայն Հանրայինի լրատվականը եթերում հերքեց:

Երեկ «Հայլուր»-ին հյուրընկալած ՀՀ փրկարար ծառայության տնօրենի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը շեշտեց, որ որևէ հեռուստաալիքով նման լուր չի հաղորդվել:

erkrasharj11Իսկ այսօր Գրիգորյանը նշեց, որ առհասարակ նախապես կանխատեսումներ անելն անհնար է. «նման պայմաններում լուրջ գիտահետազոտական խնդիր է իմանալ` երբ և որտեղ է լինելու հերթական ցնցումը»:

Այսօր աշխարհում կան համակարգչային փորձագիտական կայաններ, ինչպես նաև կենդանիների վարքը երկրաշարժից առաջ ուսումնասիրող տեսություն-մեթոդը, որը միշտ չէ, որ գործում է:

Երևանում ավերիչ երկրաշարժեր են եղել 1679 և 1979թթ-ին համապատասխանաբար 10 և 6 բալ ուժգնությամբ: 2008թ դեկտեմբերին ևս գրանցվեց երկրաշարժ, որի էպիկենտրոնը կրկին Գառնին էր:

Գրիգորյանը հիշեցնում է, որ մեր երկիրն ոչ սեյսմակայուն գոտում է, ուստի պետք է պատրաստ լինել` ցանկացած ժամանակ պաշտպանվելու ցնցումներից:

Մասնագետների խոսքին համընթաց Երևանում արդեն երկրաշարժի կրկնվելու շուրջ անեկդոտներ են հյուսվում. «Բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով` երկրաշարժն այսօր կկրկնվի» կամ «Հարցնում են` ժամը քանիսն է, հնչում է պատասխանը` երկրաշարժից 10 պակաս»:

Գայանե Ասրյան
Արփի Հարությունյան

Դիտվել է 3148 անգամ:
Print Friendly

Leave a Reply