Հայաստանում կկազմակերպվի ներառական պարային դասընթաց

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 30, 2013 12:18

«Candoco-ն ապացուցեց, որ վիրտուոզ պար ցուցադրելը որևէ մեկի մենաշնորհը չէ: Նրանց բեմադրած պարը գրավչության և խիզախության միավորում է»,-գրում է The Guardian-ը:

Candoco ներառական պարային ընկերությունը հիմնադրվել է 1991թ-ին, որի կազմում ընդգրկված են նաև հաշմանդամություն ունեցող պարողներ: Candoco-ի պարային բեմադրությունները կոտրում են մարդկային կարողությունների մասին պատկերացումները և արվեստի ուժի միջոցով ստիպում հավատալ մարդկային անսահման հնարավորություններին:

Երևանի խուլերի սպորտի և մշակույթի պալատին կից արդեն հինգ տարի է գործում է ինքնագործ պարի խումբ: Հայկական ժողովրդական պարային համարներով նրանք հանդես են եկել բարեգործական համերգներով, բայց և փորձում են նոր պարեր բեմադրել այլ ժանրերում ևս: Գյուրիում ևս նմանատիպ խումբ է գործում: Սիրողական այս խմբի անդամներն ակտիվ համերգային ծրագրերով հանդես չեն գալիս, սակայն ասում են, որ կանոնավոր պարապում են և փորձում նոր պարային համարներ բեմադրել:

Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին Երևանի խուլերի սպորտի և մշակույթի պալատին կից ինքնագործ խմբի անդամներն ու Գյումրիի խուլ պարողները  «Միհր» թատերական խմբի ներկայացուցիչների հետ կմասնակցեն Միացյալ Թագավորության Candoco պարային խմբի դասընթացներին: Candoco պարային խմբի ներկայացուցիչներ Վելլի Օ’Բրայենը և Քրիս Օուենը հայ մասնակիցներին կծանոթացնեն ընկերության փորձին, կուսուցանեն ժամանակակից պարային տեխնիկաներ` հնարավորություն տալով մասնակիցներին բացահայտելու նոր գաղափարներ և բեմադրելու սեփական համարները: Ներառական պարի դասընթացներից հետո մարտին խումբը Երևանում հանդես կգա համերգներով:

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply