Հանձնարարվել է շարունակել սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը

Պաշտոնական, Օրվա լուր | | January 29, 2013 14:28

Բանակի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպված երևանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր այցելության մասով հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ավելի քան 300 ծնողներ հանդիպել են ԼՂՀ-ում, ինչպես նաև Սյունիքի և Տավուշի մարզերում ծառայող իրենց որդիներին:

Զեկուցվել է նաև, որ տոնի կապակցությամբ վարչական շրջաններում շարունակվում են կազմակերպվել տոնական միջոցառումներ:

Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկողության մասով զեկուցվել է, որ չկատարող մի քանի տնտեսվարողների նկատմամբ կիրառվել են համապատասխան տույժեր:  Պատասխանատուներին փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը, խորհրդակցությունը վարող քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը հորդորել է հետևողականորեն շարունակել վերահսկողությունը տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման ուղղությամբ:

Հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա հսկողության մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման համար կազմվել է 30 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ առաջիկայում քաղաքային տրանսպորտի երթուղիները կհամալրվեն մասնավորի կողմից ներկրված ևս 80 ավտոբուսով:

16-րդ թաղամասի բազմաբնակարանների գազիֆիկացման մասով էլ զեկուցվել է, որ շենքերում ավարտին են մոտենում նախապատրաստական աշխատանքները:

Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ  քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը: Անցած մեկ շաբաթվա ընթացքում օժանդակություն է ստացել սիրիահայ ևս 81 ընտանիք, 31 ընտանիքների էլ ցուցաբերվել է անվճար բուժօգնություն: Հանձնարարել է հետևողականորեն շարունակել սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 686 անգամ:
Print Friendly

Leave a Reply