Էչևերիա (Echeveria) ,լուսանկարներ

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | January 28, 2013 12:46

Էչևերիան սուկուլենտ բույս է,  հաստլիկների (Crassulaceae) ընտանիքից: Տարածված է Մեքսիկայում, ԱՄՆ-ում (Տեխասից Կալիֆորնիա), Պերուում

Էչևերիա անվանել են ի պատիվ XIX դարի մեքսիկական նկարիչ Ատանասիո Էչևերիա Կոդայի, որը ձևավորում էր   Մեքսիկայի բուսականության վերաբերյալ գրքերը:

Էչևերիան  անցողուն, բազմամյա կարճահասակ բույս է, երբեմն  կիսաթփեր են կարճ ճյուղավորված մսոտ ցողունով: Տերևները դասավորված են խիտ, պարույրաձև` ստեղծելով վարդակ:  Երբեմն տերևի ծայրերին կարելի  է նկատել կարմրավուն նստվածք:  Էչևերիայի տարբեր տեսակները տարբեր պաշտպանիչ ծածկ ունեն`մի մասը մոխրա-սպիտակ նստվածք, մյուսները ` մազմզոտ: Դա օգնում է  բույսին պաշտպանվել արևի  ուղիղ ճառագայթներից:

Ծաղկման շրջանում Էչևերիայի միջից դուրս է գալիս երկար  (երբեմն  մինչև  90 սմ)  ծաղկաբեր, որի վրա առաջանում են վրձնաձև կամ հովանոցաձև ծաղկաբույլեր`կարմրանարնջագույն կամ կարմրադեղին ծաղիկներով:
Ժողովրդի մեջ հաճախ այս բույսը անվանում են “քարե ծաղիկ”,”քարե վարդ”,”կանաչ վարդ”:

Տեսակները

Կան այս բույսի բազմաթիվ տեսակներ, ինչպես Հալվեանման էչևերիա (Echeveria agavoides),  Սպիտակամազ էչևերիա (Echeveria leucotricha), Փայլուն էչևերիա, Կուզածաղիկ էչևերիա, Դերենբերգի էչևերիա, նրբագեղ էչևերիա,Լաուի էչևերիա,Պեակոցկու էչևերիա, բարձաձև էչևերիա,Շոյի էչևերիա և այլն:

Խնամքը

Լուսավորությունը.բոլոր էչևերիաները լուսասեր են, դիմանում են արևի ուղիղ ճառագայթներին, ուժեղ արևի  տակ պաշտպանիչ մոմածածկը ավելի  է հաստանում, որից տերևները դառնում են սպիտակաերկնագույն կամ մոխրաերկնագույն, իսկ ծայրերը կարմրում են, շոգից տերևները հնարավոր է կնճռոտվեն և ամբողջ վարդակը սեղմվի:

Ջերմաստիճանը. Գարնան-ամռան ընթացքում էչևերիան կարող է դիմանալ բարձ ջերմաստիճանի, սակայն լավագույնը մոտ 22-27°С ջերմաստիճանն է: Ձմռանը գերադասում են  0—8°С, բայց  կդիմանա  նաև սովորական բնակարանի ջերմաստիճանին (18-20°С) :

Օդի խոնավությունը. էչևերիան լավ է տանում չոր օդը և կարիք չունի ցողման, դեռ ավելին ցողելը կարող է վնասել նրա արտաքին տեսքին:
Ջրելը. գարնանն ու ամռանը էչևերիային ջրում են չափավոր, ջրելու միջակայքում հողը մինչև թաղարի հատակը պիտի չոր լինի:  Բույսը չի սիրում շատ խոնավություն: Աշնան և ձմռան ընթացքում ջրել  հարկավոր է հազվադեպ: Ջրելու ահազանգ կարող է լինել տերևների ջրազրկումը: Հարկավոր է հետևել, որ ջուրը չընկնի վարդակի մեջ, դա կարող է  բույսը փտեցնել:

Սնուցումը.գարնան-ամռան ընթացքում  էչևերինան պարարտացնում են ամիսը մեկ, կակտուսների համար նախատեսված պարարտանյութերով, նշված չափի կեսով: Աշնանը և ձմռանը չեն սնուցում:

Տեղափոխումը. Բույսը տեղափոխում են  ամեն տարի, թաղարի հատակին հարկավոր է լավ դրենաժ, թաղարները պետք է սաղր լինեն:

Ծաղկումը.լավագույն պայմանները էչևերիայի ծաղկման համար  15—18°С ջերմաստիճանն է և 12-13 ժամյա կարճ օր  50 օրվա ընթացքում:  Տարբեր տեսակների համար կարճ օրերի քանակը կարող է փոփոխվել, իսկ  բույսը պետք է մեծ լինի մեկ տարեկանից:

Բազմացումը. էչևերիան բազմանում է տերևներով, կտրոններով, վարդակներով, սերմերով: Կիսաթփերը`  ծայրի ցողուններով:

Հիվանդություններն ու վնասատուները.Առավել հաճախ վարակվում են  որդերով, ջրի ավելցուկից արմատները փտում են և բույսը մեռնում է, շատ ջրելու հետևանքով առաջանում է նաև բորբոս: Բարձր ջերմաստիճանից վարակվում են թաղիքով և որդնալվիճով:

 

Դիտվել է 5197 անգամ:
Print Friendly

Leave a Reply